Հարցազրույց

26.03.2012 15:44


Տիգրան Գրիգորյան

Տիգրան Գրիգորյան

Հարցազրույց  թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Տիգրան Գրիգորյանի հետ

 –Դուք հայտարարում եք, որ մինչև առաջադրվելը փորձել եք համաձայնության գալ «Ժառանգության» հետ՝ թիվ 7 ընտրատարածքում ապահովելու իշխանության այլընտրանքի հնարավորություն։ Ի՞նչ համաձայնության մասին է խոսքը։

 –Այո,՛ փորձել եմ։ Սակայն ես առաջադրվում եմ ո՛չ թե որպես ընդդիմության ներկայացուցիչ, այլ որպես անկախ պատգամավոր, ով իր որակական հատկանիշներով տարբերվում է այնտեղ առաջադրվող պատգամավորից։

 –Ինչո՞վ է պայմանավորված Ձեր ինքնաառաջադրումը։ Ինքնաառաջադրվելիս ի՞նչ միջոցների կամ ո՞ւմ վրա եք Ձեր հույսը դնում։

 –Իմ հիմնական կապիտալն իմ մաքուր քաղաքական կենսագրությունն է, իմ ունեցած բարձր մակարդակի կրթությունը և այն երազանքները, ձգտումները և արժեհամակարգը, որոնք ես այսօր ունեմ։

 –Մինչ այդ քաղաքականության մեջ այս կամ այն կերպ եղե՞լ եք։

 –Ես ինքս քաղաքական դաշտում ակտիվ չեմ եղել որպես գործիչ, բայց ուշի ուշով հետևել եմ, որովհետև քաղաքականությունն ինձ շատ հետաքրքիր է։ 2007–ին փորձել եմ առաջադրվել թիվ 31 ընտրատարածքում, սակայն ֆինանսական դժվարություններ ունենալով՝ հրաժարվել եմ այդ հեռանկարից։ Այսօր փորձում եմ իմ վաղեմի երազանքը կյանքի կոչել։

 –Ի՞նչ կարծիքի եք նույն ընտրատարածքում առաջադրված է Սամվել Ալեքսանյանի մասին։

 –Ես չեմ ուզում Սամվել Ալեքսանյանին որևէ գնահատական տալ, ես չեմ ճանաչում իրեն և երբեք որևէ բառ չեմ փոխանակել։ Բայց ես գիտեմ, որ մեր երկրում այլ որակի պատգամավորների անհրաժեշտություն կա։ Պատգամավորական այն գործունեությունը, որը նա վարել է վերջին տաս տարվա ընթացքում, չի համապատասխանում իմ պատկերացումներին այն մասին, թե ինչով պիտի զբաղվի պատգամավորը։ Այդ տրամաբանությունից ելնելով՝ ես ցանկացել եմ այլընտրանք ստեղծել թիվ 7 ընտրատարածքի ընտրողների համար։

 –Սամվել Ալեքսանյանին սատարում է ՀՀԿ–ն։ Կարելի՞ է ենթադրել, որ Դուք նման վերաբերմունք ունեք նաև ա՛յդ կուսակցության նկատմամբ։

 –Ես, ընդհանուր առմամբ, հիացած չեմ ՀՀԿ–ի քաղաքականությունով, ինչպես նաև բավարարված չեմ այն կադրային քաղաքականությամբ, որը Հայաստանի հանրապետական կուսակցությունն իրականացնում է այս երկրում։ Ինձ համար շատ ցավալի է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը գիտակցած քաղաքական ուժը գալիս է հին թիմով, գալիս է՝ հին թիմով նոր փոփոխություններ անելու։ Այդ փոփոխությունները հնարավոր են  միայն նոր մարդկանց միջոցով։ Սոցիալական միջավայրի փոփոխությունները հնարավոր են մարդկանց միջոցով։ Մինչև մարդիկ այդ արժեքները, հրամայականները չզգան և չկրեն, ի վիճակի չեն լինի այդ փոփոխություններն իրականացնել։ Բնականաբար, ես ՀՀԿ–ի գործունեությունով հիացած չեմ. հիացած չեմ նրա նախընտրական ցուցակով, նաև այն պատգամավորների ցանկով, ում Հանրապետական կուսակցությունը պաշտպանում է մեծամասնական ընտրակարգով։ Եթե ես գոհ լինեի, կանդամագրվեի ՀՀԿ–ին և կնպաստեի նրա քաղաքականության իրականացմանը։ Եթե ես ինքնաառաջադրվել եմ, դա նշանակում է՝ ինչ–որ բանից գոհ չեմ, մեղմ ասած։

–Սամվել Ալեքսանյանն ունի վարչական և ֆինանսական բազմաթիվ լծակներ, նրան սատարում է քաղաքական մեծամասնությունը։ Իսկ Դուք քաղաքական առումով դեռ ճանաչված չեք։ Չեք կարծո՞ւմ, որ այդ հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ մտածելու, թե Դուք Սամվել Ալեքսանյանի «մարդն եք». ապահովելով այլընտրանք՝ իրականում ապահովում եք նրա հաջողությունը։

 –Գուցե դա ունեցել է իր ազդեցությունը, բայց և այնպես, որևէ պարկեշտ լրատվամիջոց չի կարող որակել մարդուն նշված որակներով, եթե նա ճշտին չի տիրապետում։ Ուղղակի ենթադրություններով գալ նման եզրահանգման և պնդել այդ մասին ճիշտ չէ։ Դա խոսում է տվյալ լրատվամիջոցի բարոյական կերպի մասին և այն հարգանքի, որը նա ունի իր ընթերցողի նկատմամբ։ Այսինքն, եթե իրենք այս երկրում որևէ մեկին չեն ճանաչում, ապա նա Սամվել Ալեքսանյանի մա՞րդն է։ Նրանք սխալ եզրահանգման են եկել և արել են հայտարարություն։ Դա ինձ ամենևին չի ուրախացնում, քանի որ սա մեր երկիրն է, և որքան ավելի գրագետ և զարգացած լրատվամիջոցներ ունենանք, այնքան ավելի գրագետ և իր իրավունքները գիտակցող հասարակություն կունենանք։ Քանի որ մենք դա չունենք, ունենք բոլոր այն հետևանքները, որոնց բախվում ենք ամեն քայլափոխի։

 –Եթե, ինչպես Դուք նշեցիք, մենք դեռ չունենք նման գրագետ հասարակություն, ապա ինչպե՞ս եք Դուք գնահատում Ձեր հնարավորություններն այդ ընտրատարածքում։

 –Գործընթացն է ամեն ինչ ցույց տալիս։ Մենք չենք կարող միանշանակ ասել՝ ունե՞նք, թե՞ չունենք։ Ես գործընթացի մեջ եմ։ Մեր ընտրարշավը ցույց կտա՝ որքան են մեր հնարավորությունները։ Այսինքն, դա միանշանակ գնահատական չէ։ Այն փաստը, որ բացասական երևույթներ կան մեր հասարակության մեջ, դեռ չի նշանակում, որ բոլորս պետք է հանձնվենք դրանց  տրամաբանությանը և չփորձենք որևէ բան փոխել։ Ես իմ ջանքը պիտի ներդնեմ, որպեսզի, եթե նույնիսկ հասարակության մեջ կա մի քանի մարդ, ով գիտակից է, ով փոփոխություն է պահանջում և փոփոխությունը տեսնում է ոչ ծայրահեղական դիմության և ոչ էլ ծայրահեղական ընդդիմության մեջ, ունենա իրական այլընտրանք։ Ես չեմ ասում, թե միակն եմ, ով ստեղծում է այլընտրանք, բայց ես իսկապես եղած հնարավոր տարբերակների մեջ որոշակի ձևով տարբերվում եմ։ Իսկ դա ևս մի այլընտրանք է ընտրողի համար։ Թե ինչպե՞ս նա կարձագանքի եղած այլընտրանքներից ցանկացածին, դրանով էլ պայմանավորված կլինի՝ ինչպիսի  որակի իշխանություն կստեղծի տվյալ ժողովուրդն իր համար առաջիկա 5 տարվա ընթացքում։

  Զրույցը վարեց Դիանա Պետրոսյանը

Այս խորագրի վերջին նյութերը