Մեկնաբանություն

08.04.2012 14:32


Իշխանությունը հերթական թամաշան է նախաձեռնում և կիրառում հին մեթոդը

Իշխանությունը հերթական թամաշան է նախաձեռնում և կիրառում հին մեթոդը

Հայաստանի քաղաքագետների միությունում չորս կուսակցություններ՝ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը, ու «Ժառանգությունը» օրերս ստորագրեցին ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ձևավորելու մասին փաստաթուղթը։

Փաստաթուղթը ստորագրելուն նախորդած քննարկմանը ներկա էր նաև ՀՀԿ–ն ներկայացնող Գալուստ Սահակյանը, ով, սակայն, չմիացավ համաձայնագրին՝ պատճառաբանելով, թե ՕԵԿ–ի բացակայությունն իրեն վրդովվեցնում է (այդ նույն պահին «էգ առյուծ» Հեղինե Բիշարյանը Կառավարության նիստերի դահլիճում անկեղծանում էր, թե ի դեմս Արթուր Բաղդասարյանի՝ ՕԵԿ–ում կանայք շատ են)։

Եվ այսպես, ապրիլի 4–ին ստորագրված փաստաթուղթը կրկին ստեղծեց մի վիճակ, երբ քաղաքական դաշտում ձևավորվում է «կոնսենսուս մինուս ՀՀԿ»։ Պարզ էր, որ Սերժ Սարգսյանի թիմին այս ամենն անհանգստացնելու էր և նրանք փորձելու էին վիժեցնել «չորսի համաձայնագիրը»։ Այդպես էլ եղավ։ Գործի են դրվել ծախու մամուլը, ինչպես նաև հին ու փորձված «տրյուկները»։  

Իշխանությունը հիմա մի քանի մեթոդ է կիրառում, որպեսզի չեզոքացնի «կոնսենսուս մինուս ՀՀԿ» ձևաչափը։ Նախ շրջանառության մեջ դրվեց Սամվել Նիկոյանին կից գործող, իբր թե, առավել լայն ընդգրկում ապահովող մարմնի ստեղծման գաղափարը, ապա «մեյդան» եկավ «երկխոսական» շրջանից գյալաջիի ու թամաշայի մեջ հմտացած Դավիթ Հարությունյանը, ում առաջարկներից պարզ դարձավ, որ ՀՀԿ–ն քաղաքական ուժերին կոչ է անում մասնակցել հերթական շոուին, ինչպիսիք որ կազմակերպվում էին Սերժ Սարգսյանի կողմից Մարզահամերգային համալիրում, երբ տասնյակ կուսակցապետերի հետ քննարկվում էր ամեն ինչ, բայց, ըստ էության, ոչինչ կամ ինչպիսին, որ եղավ ՀԱԿ–կոալիցիա «երկխոսությունը», երբ իշխանությանը պետք էր ընդամենը գործընթացը կամ էլ ինչպիսին, որ մենք տեսանք հայ–թուրքական գործընթացի ժամանակ, երբ թուրքերն օգտագործեցին հարաբերությունների կարգավորման իմիտացիան՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը փաստացի դադարեցնելու և Ղարաբաղի հարցում միջնորդ դառնալու համար՝ փոխարենը ձեռնունայն թողնելով հայկական կողմին։

«Չորսի համաձայնագիրը» վիժեցնելու նպատակով իշխանությունը կիրառում է նաև ներսից պառակտման հին ու փորձված տեխնոլոգիան։ Կարծում ենք պատահական չէ, որ «ժառանգության» շտաբի պետ և ըստ տարածված տեսակետի՝ նախագահականի ու Րաֆֆիի միջև «բրոքերի» դերակատարում ունեցող  Խաչատուր Քոքոբելյանը, Գալուստ Սահակյանի պես, փաստացի, դեմ արտահայտվեց ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ձևավորմանը ու հայտարարեց, որ իրենց ստորագրությունը կարող են հետ կանչել՝ դրանով իսկ անհարմար վիճակի մեջ դնելով «ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանին, ով ստորագրել էր հիշյալ փաստաթղթի տակ։ «Ժառանգության» ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին ասուլիսից ու «Հայկական ժամանակին» տված հարցազրույցից էլ պարզ դարձավ, որ «Ժառանգությունը», չարաճճի նախապայմաններ դնելով, ավելի շուտ առիթ է ման գալիս համաձայնագրից դուրս գալու, քան այն կյանքի կոչելու համար։

Այսպիսով, ստացվում է, որ «կոնսենսուս մինուս ՀՀԿ» ձևաչափին հասկանալի պատճառներով դեմ է արտահայտվում ՀՀԿ–ն, որը փորձում է թամաշաների միջոցով մոլորության մեջ գցել ընտրողներին։ «Կոնսենսուս մինուս ՀՀԿ»–ին, մեծ հաշվով, դեմ է արտահայտվում նաև «Ժառանգությունը»։ Ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ հետ չի կանչել իր տեղակալի ստորագրությունը «չորսի համաձայնագրի» տակից, բայց եթե հանկարծ «Իսկ ինչու արևը արևելքից է դուրս գալիս, այլ ոչ թե մեր սիրառատ հայրենիքի հուզախռով լեռների ճաճանչափայլ գագաթի հետևից» տիպի պատճառաբանությամբ «Ժառանգությունը» լքի քառյակը, ապա վերջնականապես պարզ կդառնա, թե ով է այս ընտրություններում իրականացնելու «Ազգային միաբանության» ֆունկցիան։ Չենք կարծում, որ Րաֆֆին ինչ–ոչ մեկի ցուցմամբ կամ հետին մտքերով է այդ ֆունկցիան կատարելու, բայց եթե նա այս ոգով շարունակի, ապա գեղամյանաբարո բան կստացվի՝ անկախ այն ամենից, թե ինչ պատճառաբանություններ են հետագայում ներկայացվելու հանրությանը։ 

Ի դեպ, ժամանակին «թունդ ընդդիմադիր» Արտաշես Գեղամյանն էլ հազար ու մի պատճառաբանություններ էր ներկայացնում, թե ինչու 2003–ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում չի միացել ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանին, բայց դե հո մենք գիտեինք, որ խնդիրը Սերժի ակնարկած «զրոների» մեջ էր։ Ուշագրավն այն է, որ Արտաշես Մամիկոնիչը վերջերս այդ մասին ինքնախոստովանական ցուցմունք տվեց իշխանական թերթերից մեկին տված հարցազրույցում։ Գեղամյանն այսօր Սերժ Սարգսյանի գլխավորած ցուցակով մասնակցում է ԱԺ ընտրություններին ...

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը