Քաղաքական

11.04.2012 14:10


«Ժառանգությունը» երկակի ստանդարտնե՞ր է կիրառում

«Ժառանգությունը» երկակի ստանդարտնե՞ր է կիրառում

Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում ընտրությունների վերահսկողության համար միասնական շտաբի աշխատանքների շուրջ քննարկման ընթացքում «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը կուսակցության անունից պահանջել է, որ շտաբի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրեն քաղաքական ուժերի առաջին դեմքերը։ Նա անտրամաբանական է անվանել այն, որ «Բարգավաճ Հայաստանը» շարունակում է կոալիցիայի անդամ մնալ, և պահանջել է, որ Գագիկ Ծառուկյանը հետ վերցնի իր՝ կոալիցիոն հուշագրի ներքո դրված ստորագրությունը։

Այս պահանջն անհասկանալի է թվացել ինչպես ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանին, այնպես էլ ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանին և ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին։ Ա. Ռուստամյանն ասել է, որ արդեն իսկ ստորագրված համաձայնագիրն արտահայտում է քաղաքական ուժերի պատրաստակամությունը՝ պայքարելու ընտրակեղծիքների դեմ, և ավելացրել է, որ ՀՅԴ–ում ընդհանրապես գոյություն չունի «առաջին դեմք» հասկացություն։ Լևոն Զուրաբյանը նույնպես ասել է, որ լրացուցիչ փաստաթղթի կամ ստորագրությունների կարիք չկա, քանի որ ստորագրող կողմերը լիազորված էին իրենց կուսակցությունների կողմից և գործում էին կուսակցության անունից։

Ռուբեն Հակոբյանը մեղադրել է ՀԱԿ, ՀՅԴ և ԲՀԿ ներկայացուցիչներին ստվերային համաձայնության գալու համար և հրաժարվել շարունակել քննարկումը՝ լքելով դահլիճը։

ՀՔՄ շենքի միջանցքում Ռուբեն Հակոբյանը պատասխանելով հարցին՝  ինչու է «Ժառանգությունն» այդպիսի սկզբունքայնություն դրսևորում ԲՀԿ–ի մասնակցության համար՝ պահանջելով, որ Գագիկ Ծառուկյանը ստորագրի համաձայնագիրը և չեղյալ համարի կոալիցիոն հուշագիրը՝ միաժամանակ դիտարկելով կոալիցիոն մյուս կուսակցության՝ ՀՀԿ–ի՝ Ազգային ժողովին առընթեր վերահսկիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը, Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ «Ժառանգությունը» չի հանում պատասխանատվությունը կոալիցիոն ոչ մի կուսակցությունից։ Միաժամանակ Հակոբյանը հաստատել է, որ «Ժառանգությունը» կարող է համագործակցել ՀՀԿ–ի հետ ԱԺ վերահսկիչ մարմնի շրջանակներում՝ ներկայացնելով համապատասխան պահանջներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը