Քաղաքական

13.04.2012 13:33


Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ Սերժ Սարգսյանը Արտաշես Գեղամյանի հետ թամաշայո՞վ էր զբաղված

Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ Սերժ Սարգսյանը Արտաշես Գեղամյանի հետ թամաշայո՞վ էր զբաղված

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն իր կուսակից ընկերներին խորհուրդ է տալիս չգնալ այս օրերին առաջարկվող քաղաքական բանավեճերին, քանի որ կարծում է՝ ՀՀԿ–ն բանավիճելու խնդիր չունի։

–Սովորաբար բանավիճում են նրանք, որոնք որոշակիորեն հավասարաչափ ձայների քանակ ունեն և փորձում են բանավիճել, որպեսզի կարողանան ավելի արձանագրեն իրենց քաղաքական գործունեության արդյունքները,–ասել է Գ. Սահայանը՝ սխալ համարելով այս լարված շրջանում բանավեճով առանց այն էլ գրգռված ժողովրդին ավելի ջղաձգելը։

Ապա հավելել է.

–Որևէ բանավեճից ընդամենը խոսակցությունը հետևյալն է՝ այ, տեսա՞ր՝ ինչ ասեց, այ, տեսա՞ր՝ ոնց պատասխանեց, այ, էստեղ տակ տվեց, այ, էստեղ վրա տվեց, այսինքն՝ թամաշայի մոտեցում է առաջանում։

«7օր»–ը Գ. Սահակյանին հիշեցրել է՝ նույնիսկ ՀՀԿ գործող նախագահ Սերժ Սարգսյանը 2003թ. բանավիճեց Արտաշես Գեղամյանի հետ, այսինքն՝ Սարգսյանն այն ժամանակ թամաշայո՞վ էր զբաղված։

–Ժամանակշրջանը խառնում ենք իրար։ Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր քաղաքական պայմաններն ունի և դրանից դրդված՝ նաև հետևանքները։ Այսօր ոչ թե բանավիճելու ժամանակշրջան է, այլ ընդամենը անհրաժեշտ է ժողովրդի հետ շատ հաղորդակցվել։ Իսկ բանավիճել, մանավանդ, երբ մի դաշտում թույլն է նստում, մի դաշտում՝ հզորը, սրանից ես որևէ բան չեմ ակնկալում։ Ասենք՝ մարդը նոր է ուզում քաղաքականության մեջ մտնել, անունն էլ հայտնի չէ, հիմա մեկը, որ վաղուց քաղաքականության մեջ է, ինչ անի, նրա ռեյտինգի վրա աշխատի, բերի իրեն հավասարեցնի՞։ Անմիտ տրամաբանություն է ստացվում։

–Այսինքն՝ Գեղամյանն այն ժամանակ ուժե՞ղ էր, թե այդ բանավեճով Սերժ Սարգսյանը Գեղամյանի ռեյտինգի վրա էր աշխատում։

–Այն ժամանակաշրջանի բնութագիրը լրիվ ուրիշ է։ Այո՛, Գեղամյանն այդ թվականներին բավականին ուժեղ էր և բավականին մեծ ձայներ տարավ, այնպես որ, ո՞վ ասեց, որ ուժեղ չէր։ Իհա՛րկե՝ ուժեղ էր։

–Բայց հենց Սերժ Սարգսյանն էր հայտարարում, որ Գեղամյանը ստախոս, բամբասող, դատարկ դհոլի մեկն է։

–Քաղաքական իրավիճակներում միշտ էլ ինչ–որ ձևի հասունացումներ են նկատելի լինում, և բացառված չեն նման դեպքերը։ Բայց չի նշանակում, որ մարդիկ հավերժական թշնամիներ և հավերժական բարեկամներ պետք է լինեն։ Մանավանդ քաղաքականության պարտադրանքը ոչ թե անձդ անընդհատ առաջ տանելու խնդիրն է, այլ երբ որ պետությանը, ժողովրդին անհրաժեշտ է, դու քո բոլոր տիպի զենքերը կամ կարողությունները դնում ես մի կողմի վրա և անում ես ու ավելի ուժեղացնում ես այն գաղափարախոսությունը, որը ժամանակաշրջանում կա,–«7օր»–ի հարցերին պատասխանել է Գալուստ Սահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը