Հարցազրույց

19.04.2012 17:28


Հայարփի Գրիգորյան և Մարինա Վարդանյան

Հայարփի Գրիգորյան և Մարինա Վարդանյան

Հարցազրույց «Մարինա և Հայարփի» դաշնամուրային դուետի անդամների՝ Հայարփի Գրիգորյանի և Մարինա Վարդանյանի հետ

–Շատ է խոսվում, որ դասական երաժշտությունը հետին պլան է մղվում։ Միաժամանակ մենք տեսնում ենք, որ ցածրաճաշակ արվեստի ներկայացուցիչները պետության կողմից արժանանում են շքանշանների, պարգևների։ Ըստ Ձեզ՝ այսօր Հայաստանում ո՞վ է ճաշակ թելադրողը։

Մարինա Վարդանյան–Ավելի շատ է հեռուստատեսության և համացանցի ազդեցությունը, քան կենդանի համերգների։ Հատկապես հեռուստատեսությամբ շատ քիչ է դասական երաժշտությունը քարոզվում, ու ճաշակն այդպես է ձևավորվում։ Անգամ պաստառների առումով եթե նայենք, շոու–բիզնեսի ներկայացուցիչների աֆիշաները շատ մեծ են, ու համատարած գովադվում են, իսկ դասական երաժշտության մասով շատ աննշան են։ Այս ամենը, ցավոք, ազդում է ճաշակի վրա։

–Դա պետական հստակ քաղաքականությա՞ն, թե՞ այդ քաղաքականության բացակայությա՛ն արդյունք է։

Հայարփի Գրիգորյան–Երևի թե իներցիայով է։

Մարինա Վարդանյան–Չնայած, համեմատած նախորդ տարիների հետ, մի փոքր շարժ կա դեպի դրականը։ Բայց շատ քիչ։

–Այսօր ո՞ւմ կարող ենք ասել արվեստի ներկայացուցիչ, որովհետև այդ հասկացությունն էլ է շատ խեղաթյուրվել, և, օրինակ, հարսանիքին երգողներին անվանում են արվեստի ներկայացուցիչ։

Մարինա Վարդանյան–Իհա՛րկե, այդ փաստը շատ ցավալի է, ու ցանկալի կլինի, որ մենք դասական արվեստով ներկայանանք ցանկացած տեղ։ Բայց մենք ներկայանում ենք շուո–բիզնեսի «աստղերով»։

Հայարփի Գրիգորյան–Համաձայն եմ Մարինայի հետ. արվեստի ներկայացուցիչներ կան Հայաստանում, անուններ մի քիչ կդժվարանամ ասել, բայց թվային առումով «աստղերը» գերակշռում են, որովհետև իրենք 6/8 ասվածի միջոցով, այսպես ասած, տուն են պահում։

Մարինա Վարդանյան–Ե՛վ թատրոնում, և՛ բալետում, և՛ երաժշտության ասպարեզում մենք ունենք լավ արվեստագետներ։ Ունենք մտավորականություն, բայց նրանց ունկնդիրներն էլ են սահմանափակ, ցավոք։

–Իսկ որակյալ արվեստով հնարավո՞ր է տուն պահել։

Մարինա Վարդանյան–Եթե արտերկրում լինեն համերգներ, և հրավերները շատ լինեն, հնարավոր է, բայց էլի ո՛չ լավ մեքենաներ, շքեղ առանձնատներ գնելու համար։ Հենց մեր կոնսերվատորիայի աշխատավարձն էլ շատ ցածր է։ Արտասահմանում, հուրախություն մեզ, մեր իսկական հայկական երաժշտությունը շատ լավ է ընկալվում։ Այնտեղ ավելի բարձր է գնահատվում արվեստը, քան Հայաստանում։

–Մեր երկրում արվեստը արդյո՞ք խրախուսվում է։

Հայարփի Գրիգորյան–Այո՛, իհա՛րկե։ Դեկտեմբերին մեր համերգի հնգամյակն էր, ունկնդիրների թվում նաև Անի Բաբայանն էր, ով շատ էր հավանել մեզ և առաջարկեց միասին համագործակցել։ Ու արդեն առաջիկայում մեր համերգն է տեղի ունենալու «Մեցցո քլասիկ հաուսում»։ Նաև միջազգային մրցույթների ենք մասնակցել, բոլոր տեղերում՝Ամերիկա, Իտալիա, Ռուսաստան և այլն, Հայաստանի պատիվը միշտ բարձր ենք պահել՝ գրավելով առաջին տեղերը։

Մարինա Վարդանյան–Այդ համերգի ժամանակ հնչելու է այն դասական երաժշտությունը, որը մարդիկ հաճույքով լսում են և խրտնում դասական երաժշտությունն անվանումը լսելուց։ Շատ հետաքրքիր ոճի մեջ է լինելու, և թեկուզ այն, որ մեկ դաշնամուրով երկու աղջիկ է նվագում, արդեն բավական հետաքրքիր տարր է իր մեջ կրում։ Երևի Հայաստանի դրական զարգացումներից է, որ արդեն կա «իմրեսարիո» հասկացությունը, որովհետև մինչ այս մենք մենակ ենք եղել, ու մեզ համար շատ դժվար է եղել։ Հիմա ավելի հեշտացել է մեր գործը, որովհետև կա մեկը, ով մեզ ներկայացնում է։

–Արվեստագետի սկզբունքայնությունն ի՞նչ չափ պետք է ունենա։ Օրինակ՝ եթե Ձեզ առաջարկեն ավելի հանրամատչելի գործունեություն ծավալել, և դրա դիմաց մեծ գումարներ խոստանան, կհամաձայնվե՞ք։

Հայարփի Գրիգորյան–Նայած՝ երաժշտական ո՛ր ոճում։ Մենք ինքներս փորձեցինք հայտնի երաժշտություններ ներառել, բայց զգացինք, որ չի ստացվում. դա մերը չէ։ Մերը զուտ դասականն է, բայց ոչ երբեք ռաբիսը։ Մեր արյան մեջ ուղղակի դա չկա։

–Իսկ եթե թեկուզ հենց Ձեր ոճում, բայց նախընտրական քարոզչության շրջանակներում առաջարկեն հանդես գալ, այդ դեպքո՞ւմ ինչ պատասխան կստանան։

Մարինա Վարդանյան–Ցանկացած քարոզարշավի չենք մասնակցի, որովհետև դա նշանակում է ինչ–որ մի քաղաքական ուժի կամ գործչի քարոզել, մյուսին՝ մերժել։ Արվեստագետ կոչվելու համար արդեն պետք է լինեն սկզբունքներ և ճաշակ։

–Ականատես ենք լինում, որ շոու–բիզնեսի ներկայացուցիչները մասնակցում են նախընտրական քարոզարշավներին, բայց հայտարարում են, որ քաղաքականությունից գաղափար չունեն։ Որքանո՞վ եք ճիշտ համարում, որ մարդը քաղաքականությամբ չի հետաքրքրվում, բայց կոնկրետ կուսակցության քարոզարշավին է ներգրավված։

Մարինա Վարդանյան–Ինձ թվում է, որ ընտրությունը շատ սուբյեկտիվ բան է, և ամեն մարդ իր ընտրությունը պետք է սուսուփո՛ւս կատարի, ոչ թե բարձրաձայնի և ուրիշներին պարտադրի իր կարծիքը՝ իր անունն օգտագործելով։

–Հայաստանի այսօրվա թե՛ բարոյահոգեբանական, թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ–տնտեսական վիճակն ինչպե՞ս եք գնաահատում։

Հայարփի Գրիգորյան–Ջղային են մարդիկ։

Մարինա Վարդանյան–Հացի խնդիր ունեն։ Ցավալի է, բայց որքան էլ սիրում ենք մեր հանրապետությունը, այստեղ վիճակը շատ տխուր է։ Այսօր արվեստագետները ստիպված են մեկնել երկրից, այլ տեղ իրենց կյանքը կառուցել, հետո էլ ներկայացնել մեկ այլ երկիր։ Շատ քիչ մարդ է մնացել, ով իրոք պետք է ներկայացնի հայ ազգը։ Կան լավ բաներ, դեպի լավը գնում է, և հուսով ենք, որ Հայաստանում այդ լավ ապագան կկերտվի։ Կոնկրետ մենք երկուսս այստեղ ենք, և հնարավորություն ունեցել ենք այլ տեղ մնալու. հրավերներ ստացել ենք, բայց փորձում ենք այստեղ գործունեություն ծավալել, որովհետև ուզում ենք, որ այստեղ կերտվի լավ ապագան։ Բայց դեռևս իրավիճակն այդքան էլ ուրախալի չէ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը