Մեկնաբանություն

26.04.2012 19:18


Ժողովրդին փորձում են պատրաստել ընտրակեղծիքներին

Ժողովրդին փորձում են պատրաստել ընտրակեղծիքներին

Հայաստանյան հեռուստաընկերություններից մեկի պատվերով «Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը» Հայաստանում հանրային կարծիքի ուսումնասիրություն է իրականացրել: Օրերս ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց «Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի» ղեկավար  Վալերի Ֆեոդորովը:

Մինչ ուսումնասիրությանն անդրադառնալը նշենք, որ վերոհիշյալ կենտրոնը Ռուսաստանում բավական ցածր հեղինակություն ունի եւ հայտնի է պատվիրված հարցումներ իրականացնելով: Այնպես որ, դժվար չէր ենթադրել, որ «Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը» Հայաստանում եւս այն գործն է անելու, ինչ Ռուսաստանում: Եւ երբ  Վալերի Ֆեոդորովը սկսեց խոսել մեր համաքաղաքացիների տրամադրությունների մասին, պարզ դարձավ, որ այս կենտրոնը հավատարիմ է իր սկզբունքներին, եւ մեկ անգամ եւս հասկացանք, թե ինչու է Ռուսաստանում այս կենտրոնի մասին բացասական կարծիք ձեւավորվել:

Երբ Ֆեոդորովը խոսում է կուսակցության առաջնորդներից մեկի ատրճանակի պատմության մասին, հասկանում ես, որ նա ասում է այն, ինչ ցանկանում է լսել պատվիրատուն:

Ի դեպ, այս ոճը, երբ հարցումների մասին խոսելու ընթացքում զբաղվում են թեկնածուներից մեկի դեմ «սեւ» քարոզչությամբ, բնորոշ է նաեւ Հայաստանում գործող մի քանի ցածրակարգ սոցիոլոգներին:

Հիմա անցնենք թվերին: Այսպես, պարզվում է, որ ընտրողների 72 տոկոսը պատրաստ է մասնակցել ընտրություններին: Սա արդեն իսկ կասկած է առաջացնում, քանի որ անկախ բոլոր ուսումնասիրությունները վկայում են, որ խորհրդարանական ընտրություններին այսքան ակտիվ մասնակցություն մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով գոյություն չունի: Ըստ պատվիրված ուսումնասիրության, ստացվում է, որ ընտրություններին պատրաստվում է մասնակցել 1 մլն 790 հազար մարդ: Ամբողջ իրականությունն այն է, որ Հայաստանում լավագույն դեպքում ապրում է հենց այդքան ընտրող: Ստացվում է, որ ընտրակեղծարարները պարզապես ծրագրում են ընտրությունների մասնակիցների իրական թիվը ուռճացնել 600-700 հազարով:

Անկախ փորձագետների հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ընտրություններին մասնակցի քվեարկողների մոտ 60 տոկոսը, որը Հայաստանի տիպի երկրների համար բավական բարձր ցուցանիշ է, ապա ընդհանուր քվեների թիվը կարող է հասնել 1 մլն 50 հազարի: Հիմա կողք կողքի դրեք պատվիրած հարցման 1 մլն 790 հազարը եւ 1 մլն 50 հազարը: Ավելորդ չէ նշել, որ վերջին շրջանում ընդդիմադիր գործիչները հաճախ են կրկնում, որ իշխանությունները պատրաստվում են «նկարել» մոտ 700 հազար ձայն:

Հիմա անցնենք, հարցման այն հատվածին, որը վերաբերում է ընտրողների կողմնորոշմանը: Այստեղ կիրառվել է մի պրիմիտիվ տեխնոլոգիա, որն ամբողջ աշխարհում օգտագործում են կեղծ հարցումներ իրականացնողները: Ամենամեծ հեղինակությունն ունեցող քաղաքական ուժի իրական վարկանիշը ներկայացվում է չնչին աղճատումներով, որ հարցումն արժանահավատ թվա, բայց մյուս բոլորի վարկանիշները պարզապես «նկարվում» են:

Այսպես, քաջատեղյակ լինելով, որ Բարգավաճ Հայաստանի իրական վարկանիշը տատանվում է 40-43 տոկոսի սահմաններում, Ռուսաստանում վաղուց արդեն հեղինակազրկված կենտրոնի ղեկավարը հայտարարեց, թե ԲՀԿ-ի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 36 տոկոսը, բայց մինչ այդ նշեց, թե ՀՀԿ-ին պատրաստ է ձայն տալ ընտրողների 38-39 տոկոսը: Այս թիվն էլ բավական է այս հարցման էությունը հասկանալու համար:

Իրականում բոլոր անկախ հարցումները վկայում են, որ ՀՀԿ-ի վարկանիշը տատանվում է 15 տոկոսի սահմաններում: Ստացվում է, որ վերոհիշյալ «նկարած» քվեների օգնությամբ ծրագրվում է ապահովել 38-39 տոկոսը, ինչպես նաեւ ՕԵԿ-ի 7 տոկոսը: Վալերի Ֆեոդորովը եթե քաջատեղյակ լիներ, թե իրականում ինչ ցածր հեղինակություն ունի ՕԵԿ-ը ապա նման թիվ ոչ մի գնով եւ ոչ մի դեպքում չէր ասի: Մյուս կողմից, այս փաստը եւս մեկ անգամ վկայում է, թե ինչ մակարդակի կենտրոնի հետ գործ ունենք:

Մենք հասկանում ենք, որ իշխանությունները, իսկ ավելի ճիշտ ընտրակեղծարարների կենտրոնը ծրագրում է խորհրդարան խցկել ՕԵԿ-ին, ինչպես նաեւ իրականում 2 տոկոսանոց վարկանիշ ունեցող «Ժառանգությանը»: Պարզվում է, որ ըստ պատվիրած հարցման, ընտրողների 6 տոկոսը պատրաստ է քվեարկել «Ժառանգության» օգտին:

Հիմա հարց կառաջանա, թե ուր մնաց Հայ ազգային կոնգրեսը: Իսկ Կոնգրեսը ըստ ընտրակեղծարարների, Ազգային Ժողովում անելիք չունի: Ըստ Ֆեոդորովի կենտրոնի, ՀԱԿ-ի վարկանիշը 4 տոկոս է: Իրականում ՀԱԿ-ի վարկանիշը մի քանի անգամ ավելի բարձր է՝ անկախ իմ կամ որևէ այլ մեկի ցանկությունից:

Նույն հարցման համաձայն, ՀՅԴ-ի վարկանիշը 5 տոկոս է, իսկ կոմունիստներինը` 3: Հայաստանում նույնիսկ ցածր դպրոցական տարիքի երեխաները գիտեն, որ կոմունիստների վարկանիշը 3 տոկոս լինում է միայն ծերունի կոմունիստների լավագույն երազներում: Ծիծաղ է առաջացնում նաեւ այն, որ ըստ նույն հարցման, Միավորված հայերի վարկանիշը 1 տոկոս է: Իրականությունն այն է, որ այս կուսակցակցության օգտին լավագույն դեպքում պատրաստ է քվեարկել ոչ թե հարյուր ընտրողից մեկը, այլ տասը հազարից մեկը:

Մի խոսքով, մենք գործ ունենք հերթական պատվիրված սոցհարցման հետ, որի նպատակը ընտրողների ուղեղների լվացումն է: Բայց ընտրակեղծարարները թերագնահատում են հայ ժողովրդին: Պարզապես չեն կարող հավատ ներշնչել այն հարցումները, որտեղ ՀՀԿ-ն ունի 39 տոկոս վարկանիշ, իսկ ՕԵԿ-ը` 7:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը