Քաղաքական

01.05.2012 14:47


Սերժ Սարգսյան. «Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ»

Սերժ Սարգսյան. «Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ»

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպման մեկնելիս կանգառ է ունեցել մայրաքաղաքի Մաշտոցի պուրակում: Հանրապետության ղեկավարը շրջել է պուրակում, դիտել նոր տեղադրված տաղավարները: Այնուհետև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է իր դիտարկումները պուրակի հետ կապված, հորդորել քաղաքապետին` ապամոնտաժելու կրպակները:

«Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաև մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաև այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երևանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով»,-մասնավորապես ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: 
Հանրապետության ղեկավարին է մոտեցել նաև Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստներից մեկը և նախագահի կարծիքը հարցրել պուրակում ժամանակավորապես տեղադրված տաղավարների մասին: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է իր մոտեցման և քաղաքապետին տված ցուցումի վերաբերյալ՝ միաժամանակ ընդգծելով.

«Այո՛, մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր քաղաքը գեղեցիկ լինի, որ բոլոր բնապահպանական կանոնները պահպանվեն, բայց այդ ամբողջը պետք է անենք օրինական ճանապարհով: Սա՛ է իմ մոտեցումը»

Նախագահ Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների աշխատանքը ևս բարձր է գնահատել, շնորհակալություն հայտնել և ընդգծել, որ հասարակական կարգի պահպանման ուղղությամբ նրանք մի քանի քայլ առաջ են գնացել, ու դա տեսանելի է ինչպես իր, այնպես էլ մեր ամբողջ հանրության համար: Սերժ Սարգսյանը հորդորել է ոստիկաններին ձեռք բերվածը բավարար չհամարել, կանգ չառնել և անընդհատ կատարելագործվել։

ՀՀ նախագահի լրատվական ծառայություն

Խմբ. կողմից– Փաստորեն նախընտրական PR–ի շրջանակներում որոշում է կայացվել Տարոն Մարգարյանին «փչացնելու» միջոցով բարձրացնել Սերժ Սարգսյանի վարկանիշը։ Երևի նմանատիպ իրավիճակները նկատի ուներ նախագահը, երբ Երևանի քաղաքապետ նշանակելիս ասում էր, թե Տարո՛ն, դու պետք է արդարացնես մեր սպասելիքները։ Տարոնն էլ հիմա արդարացնում է՝ իր «փչանալու» հաշվին ձգտելով ձայներ բերել ՀՀԿ–ին։ Մի կողմից քաղաքապետին ասեցին, թե չզիջես, իսկ հիմա էլ ասում են, թե Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ։ Ասել է թե՝ Տարոնին «պոդստավկա» են անում ու սա էլ գլուխը կախ ունկնդրում է։ Նախագահին հենց այսպիսի՛ քաղաքապետ էր պետք։ Քաղաքապետ, ով կլինի նշանակովի և ինքնուրույնությունից զուրկ։

Այժմ պարզ է նաև իշխանամերձ ԶԼՄ–ների հետաքրքրությունն այս պուրակի նկատմամբ։ Նրանք անընդհատ ուշադրության կենտրոնում էին պահում Մաշտոցի պուրակը, որպեսզի ընտրությունները մոտենալուն պես այնտեղ հայտնվեր նախագահը և, ով հրաշք, խնդիրները լուծվում են։ Ստացվեց ճշմարտանման կինո. կային հակահերոսներ, արդարության ձգտող ժողովուրդ և փրկիչ։

Այս խորագրի վերջին նյութերը