Կարծիք

01.05.2012 17:28


Սա պատասխան պահանջող հարց է

Սա պատասխան պահանջող հարց է

Կա՞ երկու կարծիք այն հարցում, թե ինչպես պետք է վարվել «Ժառանգության» ցուցակի հետ առաջիկա ընտրություններում: «Զրո ձայն «Ժառանգության» ցուցակին»: Ահա այն կարգախոսը, որ ես կառաջարկեի, եթե, իհարկե, ճշմարիտ է լուրը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը Լոնդոնում մասնակցել են հայության թիկունքում կազմակերպված հերթական դավադրությանը: Եթե լուրն այդ սարքովի է, և կեղտոտ խաղ, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն առնվազն պարտավոր է դադարեցնել իր անիմաստ քարոզարշավն ու լծվել լուրը հերքելու գործին, մի բան, որ հաջողելու դեպքում, կդառնա լավագույն քարոզչություն սեփական կուսակցության օգտին:

«Ժառանգության» շուրջ տարածված այս տեղեկատվությունը, հավանաբար, շատերին հիշեցրեց ԱԺ նախագահի պաշտոնից Արթուր Բաղդասարյանի հրաժականն ու ՕԵԿ-ի ցատկը դեպի ընդդիմություն: Կարելի՞ է մտածել, արդյոք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում նույնպես քամին նույն կողմից է փչում: Մենք նկատի ունենք նաև Արթուր Բաղդասարյանի հրաժարականին հետևած որոկումները` դավաճան և այլն: Ճակատագրի բերումով դարձյալ շոշափվում է Լոնդոնի անունը: Տարբերությունն այն է, որ եթե Արթուր Բաղդասարյանը ԱԺ նախագահ էր, այսինքն` իշխանության ներկայացուցիչ, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե գործածելու լինենք լուրը տարածողների բառապաշարը, «խիստ ընդգծված ազգային ընդդիմադիր գործիչ»:

Թուրք պաշտոնյաների հետ բանակցությունները, որոնց, իբր, Լոնդոնում մասնակցել են Րաֆֆի Հովհաննիսյանը և Խաչատուր Քոքոբելյանը, առնչվում են բավականին լուրջ հարցերի, ընդհուպ մինչև պետական կարևորության խնդիրների, որոնք կարող են ամենաանկանխատեսելի զարգացումներ ունենալ ու վերածվել ազգային անվտանգության հարցերի: Սա բացահայտ առաջարկ է օտար ուժերին` միջամտել Հայաստանի ներքին գործերին, ինչը մեր առաջին արտգործնախարարը չհասկանալ պարզապես չէր կարող: Սա է պատճառը, որ դժվարանում ենք հավատալ «հաքերային» այս ինֆորմացիային, որն, ինչքան էլ վարպետությամբ է կառուցված, միևնույն ժամանակ պարզաբանումների կարիք ունի: Օրինակ`մեծ հարց է, թե ում էր ձեռնտու տեղեկատվական նման արտահոսքը, որ բառիս բուն իմաստով, կործանարար կարող է լինել Րաֆֆի Հովհաննիսյանի համար և նրան ու իր կուսակցությանը միանգամից դուրս թողնել առաջիկա ընտրություններում որոշակի շանսեր պահպանող ուժերի շարքից: Մյուս կողմից էլ հարց է` այս տեղեկատվությունը նպատակ չի՞ հետապնդում, արդյոք, լրացուցիչ դիվիդենտներ ապահովել «Ժառանգության» համար; Ի վերջո լուրը կարող է սպառիչ կերպով հերքվել, և այդ ժամանակ Րաֆֆին ուղղակի հերոս կդառնա, և անցանկալի պատմության մեջ կհայտնվեն արդեն մեր իշխանությունները, որոնց դեռ ոչ ոք չի գերազանցել ներքին զարմանահրաշ քաղտեխնոլոգիաներ կիրառելու հարցում:

Իսկ ինչո՞ւ «ժառանգության» ղեկավարը միայնակ, առանց իր քաղաքական թիմի, «ներքաշվեց» այս պատմության մեջ: Նկատենք, որ նույնիսկ Քոքոբելյանն է այստեղ ուղեկցող, անկարևոր ֆիգուր: Սա, արդյոք, «Ժառանգության» ներսում թավշյա հեղափոխություն անելու փորձ չէ՞, Րաֆֆիին ղեկավար դիրքից հեռացնելու հստակ մտադրությամբ: Դատելով «Ժառանգության» ցուցակից` չի բացառվում: Չի բացառվում նաև, եթե հաշվի առնենք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները 2013-ին առաջադրվելու մասին: Բայց մի՞թե հենց Րաֆֆի Հովհաննիսյանն է այն թեկնածուն, որից փորձում է զգուշանալ գործող նախագահը: Մի՞թե այս վտանգավոր ճանապարհներով է պետք ազատվել հնարավոր թեկնածուներից, ճանապարհներ, որոնք ոչ միայն երկիրն են ծաղրուծանակի առարկա դարձնում արտաքին աշխարհում, այլև սպանում են հայության ամենավերջին հուսերի ևս մի խմբաքանակ, թե մենք անկախ հայրենիք ունենք ու մենք ենք մեր գլխի իսկական տերը:

Ամփոփենք: Կասկածից վեր է, որ այս ամենը պայմանավորված է Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրություններով: Տարածված լուրը կարող է որակապես փոխել, եթե չասենք գլխիվայր շրջել, ԱԺ ընտրությունների քարոզարշավի հետագա տրամաբանությունը: Արծարծվող սոցիալական լրջագույն խնդիրները կմղվեն հետին պլան ու առաջին պլան կգա արտաքին մարտահրավերների դեմ սուր ճոճելու վարպետության ցուցադրումը: Կեղծ հայրենասիրության թեման կդառնա դոմինանտ, ուղեղ լվանալու, ընտրողին հերթական անգամ գլխավոր խնդիրներից շեղելու գործիք: Ստեղծված իրավիճակում պակաս կարևոր չէ նաև իշխանության գնահատականը: Իշխանությունը, մեր համապատասխան կառույցները պետք է տան իրենց քաղաքական և մասնագիտական գնահատականը տեղի ունեցածին: Այդ գնահատականը շատ բան իր տեղը կդնի, այդ թվում նաև հասկանալի կդարձնի մեզ, թե ինչու է հայաստանյան հանրությունն այսքան խոցելի օտար լրատվության ու լրատվամիջոցների կողմից:

 Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը