Մեկնաբանություն

02.05.2012 16:59


Մաշտոցի պուրակը, ակտիվիստները և «էքշըն» ոճի PR-ը

Մաշտոցի պուրակը, ակտիվիստները և «էքշըն» ոճի PR-ը

Կասկածից վեր է, որ Մաշտոցի պուրակում տիրող իրավիճակի համար շատերը սեփական համոզմունքներից ելնելով ու առանց հետին մտքերի են պայքարի դուրս եկել։ Ոմանք, սակայն, ուղղորդվում են շատ կոնկրետ հասցեից։

Շատերը նկատած կլինեն, որ ակտիվիստների մեջ կան և՛ երդվյալ «կանաչներ», և՛ ակտիվ քաղաքացիներ, և՛ «ազնիվ քյարփինջներ», և՛ թամաշա անողներ, և՛ ինքնահաստատվելու փորձ անող դեմքեր, և՛ պարապ շուխուրչիներ, և՛ մազոխիզմով տառապող «անչափահասներ», և՛ իշխանության վերահսկողության տակ գործող լրատվամիջոցների ղեկավարներ, լրագրողներ, եթերային դեմքեր ու վճարովի մտավորականներ, ովքեր հրահանգով «բնապահպաններ» են դարձել։ Այլ կերպ ասած՝  հասարակության տարբեր շերտեր են «փայ» մտել Մաշտոցի պուրակում, ինչը հուշում է, որ շատերի ազնիվ պայքարը կարող է օգտագործվել անազնիվ խաղերի համար։ Այդպես էլ եղավ ու այդպես էլ կա։

Երեկ նախագահը «պատահաբար» այցելեց պուրակ, «պատահաբար» այնտեղ հանդիպեց Երևանի քաղաքապետին, ով ման էր գալիս «բուծիկների» ու թփերի արանքում, «պատահաբար» պատրաստի տեքստ արտաբերեց բնապահպան ակտիվիստի հետ զրույցում և ոչ պատահաբար ցուցում տվեց Տարոնին կարգի բերել պուրակը։ Ահա և «էքշըն» ոճի PR, որի գլխավոր հերոսը մեկ րոպեում հարց է լուծում, ինչը պետք է բազմաչարչար ընտրողին համոզեր, որ այս երկրում միակ հարց լուծողը Սերժ Սարգսյանն է։ Ասել է թե՝ «սփայդերմենի» դերում հանդես եկավ մեկը, ով երեք ամիս անց օգնության հասավ մարտնչող բնապահպաններին, ու ամեն ինչ իր տեղն ընկավ։ Աման, աման...

Ի դեպ, նախագահի այցի պահին պուրակում, բնականաբար, շատ «պատահաբար», շուրջօրյա հերթապահություն իրականացնող ակտիվիստների հոծ բանակից միայն մի կին կար, ով հարց ուղղեց Սարգայանին ու ստացավ ցանկալի պատասխան («կինոն» ամբողջական դարձնելու համար ճիշտ կլիներ, որ ակտիվիստի աչքերից այդ պահին արցունքներ հոսեին, ու դա ֆիքսվեր խոշոր պլանով, բայց ռեժիսուրայի պակասը և ժամանակի սղությունը զգացնել տվեցին և մենք լացող բնապահպան չտեսանք)։

Նախագահի այցի պահին պուրակում էր նաև մի կին «ատամնատեխնիկ», ում երեխան պարզվեց շախմատիստ է ուզում դառնալ, ինչը մեծ ուրախություն պարգևեց ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահին։ Բոլորը գոհ էին ու երջանիկ։

Հիմա տեղին է նկատելը, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Մաշտոցի պուրակի նկատմամբ չափից շատ մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում իշխանական լրատվամիջոցները։ Անգամ եթե ճանճը տզզում էր այնտեղ, «անկախ» ԶԼՄ–ները հսկայական «վերլուծականներ» ու ռեպորտաժներ էին պատրաստում «քաղաքացիական» հասարակության ծնունդի, տառապանքների («Բազազը» դա համեմատեց երկունքի ցավերի հետ) ու գանդիական պայքարի թեմաներով։ 

Իշխանական լրատվամիջոցների անառողջ հետաքրքրությունն այդ ամենի նկատմամբ ինձ հուշում էր, որ վերջում մի «ֆուտբոլային» դիվանագիտության պես «չխկըլ–բխկըլ» բան է սպասվում՝ «ա լյա» Գյուլը եկավ մեր բակը թեմայով։ «Գյուլն», իրոք, եկավ, ու վերջում լավ բան չստացվեց։ Ավելի ճիշտ, լավ բան ստացվեց, բայց նայած՝ ում համար։

Երբ բնապահպանները հայտարարում էին, թե իրենց պայքարը քաղաքականացնել պետք չէ, պետք է լավ իմանային՝ երբ դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի քեզանով։ Այնպես որ, մյուս անգամ արժե հաշվի առնել այս ամենը և թույլ չտալ, որպեսզի իշխանությունը «փիառվի», այլապես գործիք դառնալու  հեռանկարն անխուսափելի կլինի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը