Լրահոս

04.05.2012 09:54


Լիբիայի նախկին վարչապետը հաստատել է, որ Քադաֆին Սարկոզիին գումար է տրամադրել

Լիբիայի նախկին վարչապետը հաստատել է, որ Քադաֆին Սարկոզիին գումար է տրամադրել

Մուամար Քադաֆին 50 մլն եվրո է տրամադրել Նիկոլա Սարկոզիի՝ 2007թ. նախընտրական քարոզարշավի համար։ Ինչպես հայտնում է «Ֆրանս–Պրես» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Բաշիր Էսսեդը՝ Լիբիայի նախկին վարչապետի՝ Բաղդադի ալ–Մահմուդիի փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ Մահմուդին, ով այժմ գտնվում է Թունիսի բանտերից մեկում, պատմել է, որ գումարի փոխանցման մասին փաստաթուղթը Քադաֆիի հրահանգով ստորագրել է Լիբիայի հետախուզության պետ Մուսա Կուսան։

Մաբրուք Քուրշիդը՝ Մահմուդիի մյուս փաստաբանը, հաստատել է այս տեղեկությունը և հավելել, որ իր պաշտպանյալը բանտում է պահվում Ֆրանսիայի նախագահի հրահանգով, ով «վախենում է բացահայտումից»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մուսա Կուսան հերքել է ֆրանսիայի նախագահին գումար տրամադրելու մասին տեղեկությունը։ Կուսայի խոսքով՝ վերջերս հրապարակված փաստաթուղթը, որտեղ հաստատվում է գումարի փոխանցումը, կեղծ է։ Սարկոզին նույնպես հերքել է այդ տեղեկությունը, սակայն Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու այդ փաստաթղթի վավերականությունը։

Այս խորագրի վերջին նյութերը