Լրահոս

06.05.2012 09:30


Ստացվում են ընտրակեղծիքների մասին առաջին տեղեկությունները

Ստացվում են ընտրակեղծիքների մասին առաջին տեղեկությունները

Ինչպես հայտնի է, այսօր ԱԺ ընտրությունների օրն է։

«7 օրը» արդեն բազմաթիվ ահազանգեր է ստացել մեր ընթերցողներից՝ կապված ընտրակեղծիքների հետ։ Մարդիկ պատմում են, որ երեկ գիշերվանից սկսած՝ ՀՀԿ շտաբերում սկսել են ընտրակաշառք բաժանել։ Ուշագրավն այն է, որ ընտրակաշառվողներից անձնագրերի տվյալները վերցնելուց ու 10 000 դրամ տալուց հետո, հանրապետականները պայման են դնում կաշառք վերցնողների առաջ, որպեսզի նրանք չգնան ընտրության, ինչը ենթադրել է տալիս, որ այդ մարդկանց փոխարեն քվեարկելու են, այսպես կոչված, շրջիկ խմբերը։ Իշխանությունը, ըստ ամենայնի, հասկացել է, որ մարդիկ կարող են փողը վերցնել ու քվեարկել ուրիշի օգտին, ու դրա համար էլ ընտրել են այդ տարբերակը։

Կոնկրետ հասցեների անդրադառնալիս՝ մեզ դիմած քաղաքացիները նշում էին նախկին Ծերեթելի փողոցի վրայի հինգհարկանի շենքերում ընտրակաշառք բաժանելու մասին։ Ոմն Մայիս, ով աշխատում է ՀՀԿ–ի օգտին, այդ տարածքում մարդկանց 13 000 դրամ է բաժել երեկվանից ու պահանջել է չգնալ ընտրատարածք՝ չմոռանալով, իհարկե, վերցնել անձնագրային տվյալները։

Նույնատիպ խախտումների մասին է խոսվում նաև հանրապետության այլ տարածքներից։ «Ֆեյսբուքում» գրանցվածներից մեկը, օրինակ, գրել է այն մասին, որ Էջմիածնում ՀՀԿ–ի շտաբները փող են բաժանում ու մարդկանց կոչ անում չգնալ քվեարկելու։

Գրիգոր Ռուբենի Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումներից տեղեկանում ենք, որ Էջմիածնի ՀՀԿ–ի բոլոր շտաբները փող են բաժանում, իսկ ավելի որոշակի՝ Խ. Աբովյանի անվան 4–րդ միջնակարգ դպրոցի մոտի ՀՀԿ–ի շտաբում, 7–րդ միջնակարգ դպրոցի մոտի ՀՀԿ–ի շտաբում։ Այստեղ էլ մարդկանց ասում են, որ չպետք է գնալ քվեարկության։

Դատելով ամենից՝ իշխանությունները կեղծ անձնագրերի ու կրկնաքվեարկողների վրա են կառուցել «լավ ընտրություններ» անցկացնելու տեխնոլոգիան՝ համեմված տոտալ ընտրակաշառքներով։ Այս ամենի դեմն առնելու համար անհրաժեշտ է, որ ընտրահանձնաժողովների անդամները և վստահված անձինք մեկ առ մեկ ստուգեն քվեարկության ներկայացած մարդկանց անձնագրերը դեմքերի ու հասցեների իդենտիկության պահերով։

Հետևե՛ք «7 օրի» աշխատանքներին ու օպերատիվ տեղեկություններ կստանաք ընտրության ընթացքի ու արդյունքների մասին։

Այս խորագրի վերջին նյութերը