Լրահոս

07.05.2012 14:16


Ստեփան Դանիելյան. «ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն կարող են ստվերային խորհրդարան ստեղծել»

Ստեփան Դանիելյան. «ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն կարող են ստվերային խորհրդարան ստեղծել»

–Եղել է այն, ինչ որ պետք է լիներ։ Ոչ մի նորություն կամ անսպասելի բան։ Մենք ունենք այն արդյունքը, ինչը սպասվում էր։ Նույն իրավիճակն է, ինչ որ յուրաքանչյուր ընտրությունից հետո լինում է, այսինքն՝ իշխանությունն իր ռեսուրսներով հաղթում է, միջազգային հանրությունն էլ ճանաչում է,–գնահատելով մայիսի 6–ի խորհրդարանական ընտրությունները՝ «7օր»–ի հետ զրույցում ասել է վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։

Հետագա զարգացումների առումով Ս. Դանիելյանը երկու տարբերակ է տեսնում՝ նախ՝ կուսակցությունները պետք է հստակեցնեն, թե ինչ են ուզում, որ ճանապարհն են ընտրում, և հետագա ինչ քայլեր պետք է անեն։

–Օրինակ՝ կա երեք կուսակցությունների համագործակցություն՝ ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ։ Իրենք կարող են իրենց մանդատները վայր դնել և ստեղծել ստվերային խորհրդարան, որը նիստեր կանի և որոշումներ կկայացնի։ Դա ծանր իրավիճակի մեջ կդնի իշխանությանը, և երկրում իրավիճակը կփոխի։ Նաև հանրությունն իր դժգոհությունը դրսևորելու ձև կունենա անհնազանդության տեսքով։ Կա նաև երկրորդ տարբերակը՝ եթե կուսակցություններն ունեն այլ խնդիրներ և կարող են գնալ կառավարության կազմի կամ այլ խնդիրների վերաբերյալ բանակցությունների, դա արդեն այլ խնդիր է,–ասել է վերլուծաբանը։

Իսկ հասարակությունը, ըստ նրա, նույնպես պետք է ձևավորի իր շահը, հասկանա՝ ինչ է ուզում, կազմավորվի և փորձի խնդիրներ առաջ քաշել.

–Փողոց դուրս գալն էլ է տարբերակ, բայց մարդիկ պետք է իմանան՝ փողոց են դուրս գալիս՝ ի՞նչ պահանջ են դնելու, և եթե կատարվի, ինչ են անելու, եթե չկատարվի, ինչ են անելու։ Մինչև այդ հարցերի պատասխանը չլինի, փողոց դուրս գալու իմաստը ես չեմ տեսնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը