Լրահոս

10.05.2012 16:11


Եռատոնին նվիրված տոնական միջոցառում Թբիլիսիում

Եռատոնին նվիրված տոնական միջոցառում Թբիլիսիում

Մայիսի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հովանավորությամբ Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և ԼՂ պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ տարեդարձի եռատոնին նվիրված տոնական համերգ:

            Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին գտնվում Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգևոր դասի և հայ համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ:

            Համերգի ընթացքում Մոնթե Մելքոնյանի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ հատվածներ ցուցադրվեցին արցախյան ազատամարտի հերոսին նվիրված վավերագրական ֆիլմից:

 Ելույթներով հանդես եկան «Հայարտուն» մշակութային կենտրոնի «Ջեյրան» պարի համույթը և Ներսես Շնորհալի երգչախումբը, ինչպես նաև Թբիլիսիի Վանք և Անի պարախմբերը: Հնչեցին ռազմահայրենասիրական երգեր։

            Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման վերաբերյալ դրվագներ ներկայացրեց պատմաբան Ենոք Թադևոսյանը:

            Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի կողմից «Ծովակալ Իսակով» հուշամեդալներ և դեսպանության պատվոգրեր հանձնվեցին Երկրորդ աշխարհամարտի վետերաններին և արցախյան հերոսամարտի մի շարք  մասնակիցների:

Միջոցառման ընթացքում ուղիղ կապ հաստատվեց Ստեփանակերտում գտնվող արցախյան հերոսամարտի մասնակից, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Գագիկ Գինոսյանի և Արցախի մշակույթի նախարարության հրավերով Ստեփանակերտում գտնվող թբիլիսահայ մի խումբ երիտասարդների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը