Լրահոս

15.05.2012 15:05


Ազատ Գասպարյանը պալատական ծաղրածուների մասին

Ազատ Գասպարյանը պալատական ծաղրածուների մասին

Դերասան Ազատ Գասպարյանը և գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարևորել են մշակույթի, արվեստի գործիչների դերը հասարակության կյանքում։ Հաղթանակ Շահումյանը կարծում է, որ արվեստի մարդիկ բոլոր ժամանակներում էլ եղել են իշխանության ընդդիմախոս, հասարակության բարձրախոս և այդ իմաստով դարձել են ընդդիմություն։

Լրագրողների այն դիտարկմանն էլ, թե այդ բարձրախոսի ձայնն այժմյան Հայաստանում գրեթե չի լսվում, արվեստի գործիչները պատասխանել են, որ դրա պատճառն այն է, որ իրենք չունեն անհրաժեշտ լսարան, հասարակության կողմից չկա բավականաչափ հետաքրքրություն դեպի արվեստը։ Ազատ Գասպարյանն ասել է.

–Չի լսվում, որովհետև արվեստի և գիտության ասպարեզի՝ մտավորականության ներկայացուցիչների միջից իշխող կառավարությունները ցանկանում են փախցնել և իրենց շարքերը բերել այնպիսի մարդկանց, որոնց ես անվանում եմ պալատական ծաղրածուներ։

Ա. Գասպարյանը կարծում է, որ այդ պատճառով է, որ այսօր մենք չունենք ըմբոստ երիտասարդ մտավորականներ, որոնք կկարողանան ընդդիմախոս լինել իշխանությանը։

Լրագրողները նկատել են նաև, որ ինքը՝ Ազատ Գասպարյանը, չնայած խորհրդային ժամանակներից մի քանի անգամ իշխանություններ են փոխվել Հայաստանում, մշտապես կարողացել է բոլորի հետ լավ հարաբերություններ հաստատել։

Իմ երկիրն է, իմ նախագահն է, և ես ուզում եմ լավ լինել իր հետ, որ ինքն էլ մեզ հետ լավ լինի։ Ես չեմ կարող իրենց ատել, որովհետև սպանել էլ պետք է ուզեմ։ Երազում եմ ես, որ նախագահն անցնի, ժողովուրդն իրեն լավ բարևի, փոխադարձ հարգանք լինի այս իշխանությունների և ժողովրդի միջև։ Իմ ուզածը դա է, դրա համար ես չեմ ցանկանում հարաբերությունները փչացնել,–պատասխանել է Ազատ Գասպարյանը։

Դերասանն ընգծել է, որ նման կերպ ինքը մթնոլորտ է փորձում փոխել։

Իմ ցանկությունը դա է՝ որ մարդ դառնան, մարդ,–եզրափակել է իր խոսքը Ազատ Գասպարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը