Հարցազրույց

16.05.2012 15:25


Նարե Գրիգորյան

Նարե Գրիգորյան

Հարցազրույց լրագրող, ակտիվիստ, բլոգեր Նարե Գրիգորյանի հետ

Համաձա՞յն եք, որ այսօր ունենք երկու «ազատ» Հայաստան՝ իրական և վիրտուալ։

Այո՛, կարելի է ասել՝ իրար հետ գրեթե կապ չունեցող երկու «ազատ» Հայաստան ունենք: Վիրտուալ Հայաստանի լայն հնարավորությունները մասնակիորեն է պրոյեկտվում իրական Հայաստանում, արդյունքում ստացվում է մի երրորդ տեսակի ազատություն, որը բնավ կապ չունի իրական ազատության գաղափարի հետ, որը երկիրը կտաներ առողջ զարգացման: Ցավոք, մեր ազատության նկրտումները դրսևորվում են միայն մեր ցանկություններում, որոնք հաճախ այնքան սահմանափակ են: Իրական «ազատները», անկախ կապանքներից, ճախրում են, իսկ մենք, բուն թռիչքից ընկրկելով, միայն թևեր ենք թափահարում։

Ի՞նչն է պատճառը, որ այդ ազատությունն ու համարձակությունը, որ դրսևորվում են վիրտուալ կյանքում (օրինակ՝ հատկապես սոցցանցերում), իրենց արտացոլումը չեն գտնում իրական կյանքում։

–Իմ կարծիքով դա բնական է. այդպես էլ պետք է լիներ: Չէ՞ որ մեր մտքի մեջ էլ մենք շատ բաներ ազատորեն բղավում ենք, մեր մտքում վիրավորում, կշտամբում, հարվածում, կռվում ու պահանջում ենք մարդկանցից, բայց միշտ չէ, որ այդպես ենք վարվում իրական կյանքում: Նույնն էլ սոցցանցերն են: «Ֆեյսբուքը», «Թուիթթերը», կարելի է ասել, մեծ մագնիսական ձգողականությամբ դաշտեր են, որոնք որսում են մեր չզսպված մտքերը, որոնք, այսպես թե այնպես, գործողության չէին վերածվելու։

Այսօր Հայաստանը որոշակի փոփոխությունների շեմին է, բայց դրանք կարծես այդպես էլ տեղի չեն ունենում։ Ո՞րն է, ըստ Ձեզ պատճառը, ի՞նչն է մեր հասարակությանը դրա համար պակասում։

Այդ հարցում չեմ ուզում մեղադրել ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ ընդհանուր հասարակությանը: Իմ կարծիքով շան գլուխն իրականում բացարձակ այլ վայրում է թաղված: Խնդիրն անհատի մեջ է: Անհատը պետք է իր մեջ պեղի այն մեծ ուժը, որն իրեն՝ որպես հասարակության մասնիկի, կտանի փոփոխության: Հայաստանը փոփոխության շեմը չի անցնում, որովհետև սպասում է իր անհատներին: Այստեղ միասնական գործողությունները կամ միասնական պայքարն ընդամենն արտաքին ազդակներ են: Ճիշտ է ասված՝ եթե ուզում ես փոփոխություն, ի՛նքդ եղիր այդ փոփոխությունը:

Ի՞նչ եք կարծում՝ մինչև 2013թ. նախագահական ընտրությունները մեր հասարակությունն ակտիվության դրսևորումներ ցույց կտա՞, և ինչպե՞ս դրանք կարտահայտվեն ու ինչի՞ կհանգեցնեն։

Խոսքումս չներառենք, իհարկե, քաղաքական հանրահավաքները, բայց Հայաստանում հասարակական ակտիվությունը նոր-նոր է սկսել իր ձևը ստանալ: Դա նշանակում է, որ հայ ժողովրդի ծով համբերությունն էլ լցրել է իր բաժակը: Մինչև ընտրություններն իշխանափոխության ակնկալիքով, իմ կարծիքով, կլինեն տարբեր հասարակական դրսևորումներ: Դրանք միգուցե հանգեցնեն որոշակի փոփոխությունների: Բայց վախենամ՝ ջրից փախչելու, ջրհեղեղն ընկնելու տարբերակը ստացվի։

Որպես ակտիվիստ՝ ի՞նչն է Ձեզ պակասում մեր երկրում, ի՞նչ կցանկանայիք առաջնահերթ տեսնել։ 

Որպես ակտիվիստ՝ ես կցանկանայի մեր երկրում տեսնել քաղաքացիական կուլտուրա, որտեղ թե՛ «հարձակվող», թե՛ «պաշտպանվող» քաղաքացիներն առաջնահերթ գիտակցեին մի բան՝ հայ լինելով՝ երկուսն էլ մի շղթայի օղակ են: Քաղաքացիական ակտիվության ժամանակ մենք ականատես ենք երկուստեք վիրավորանքների, տհաճ արտահայտությունների... Դա է, որ առաջնահերթ ես կցանկանայի փոխել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը