Լրահոս

20.05.2012 15:25


Այս տարի նշվում է միջնադարի մեծ գիտնական Անանիա Շիրակացու 1400-ամյակը

Այս տարի նշվում է միջնադարի մեծ գիտնական Անանիա Շիրակացու 1400-ամյակը

Ինչպես արդեն հաղորդվել է, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշանավոր անձանց տարեդարձների թվում իր 2012թ. ցանկում ընդգրկել է նաև Անանիա Շիրակացու 1400-ամյակը (այդ ցանկում են նաև Մեսրոպ Մաշտոցի 1650 և Սայաթ-Նովայի 300 ամյակները): Անանիա Շիրակացին (612-685) հայ միջնադարի խոշորագույն գիտնականն է. փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերագետ, տոմարագետ, ճշգրիտ գիտությունների և բնագիտության հիմնադիրը Հայաստանում: Նրա գիտական ժառանգությունը զգալի ազդեցություն է ունեցել հայ բնագիտական մտքի հետագա զարգացման վրա: ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է Անանիա Շիրակացու 1400-ամյա հոբելյանի տոնակատարությունը: ՀՀ Վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, ներգրավված են ՀՀ Մշակույթի, ՀՀ Կրթության և գիտության, ՀՀ Արտաքին գործերի և այլ նախարարություններ և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան: Հոբելյանական միջոցառումների ցանկում կարևորագույնը կլինի ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 24-28-ին նախատեսվող «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողովը, որը նվիրված կլինի ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ Հայաստանում աստղագիտական արժեք ներկայացնող նյութական և ոչ նյութական հուշարձանների ուսումնասիրությանը: Նույնպես Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 15-23-ին կկազմակերպվի երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց, տարվա ընթացքում կիրականացվի Հայաստանի պատմա-աստղագիտական ժառանգության ուսումնասիրություն և համակարգում, կհրատարակվեն մի շարք գրքեր: ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» հանդեսի մի համարն ամբողջովին նվիրվելու է Անանիա Շիրակացուն, իրականացվելու են նաև Շիրակացու թվային շտեմարանի և կայքի ստեղծում, հասարակությանը Շիրակացու աշխատանքներին ծանոթացնելու նպատակով մի շարք հանդիպումներ դպրոցներում ու բուհերում, ինչպես նաև այլ միջոցառումներ: Միջոցառումների մեջ ակտիվորեն ներգրավված են ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Մատենադարանը, Երևանի պետական համալսարանը, Շիրակացու անվան ճեմարանը և այլ կազմակերպություններ:

 Հայկական աստղագիտական ընկերություն

Այս խորագրի վերջին նյութերը