Քաղաքական

22.05.2012 15:00


Ինչո՞ւ հայհոյող դեռահաս աղջիկների կռիվն ու համասեռականների ակտիվությունը համընկան հետընտրական շրջանի հետ

Ինչո՞ւ հայհոյող դեռահաս աղջիկների կռիվն ու համասեռականների ակտիվությունը համընկան հետընտրական շրջանի հետ

Վերջին շրջանում բոլոր լրատվամիջոցներով և հասարակության մեջ արծարծվում են միասեռականների խնդիրը, հայհոյող և իրար ծեծող դպրոցական դեռահաս աղջիկների պահվածքը, համացանցում հայտնված տեսագրությունները, նրանց հանդեպ խիստ բացասական դիրքորոշում ունեցող մարդկանց բողոքի ակցիաներ են լինում և այլն։ Այս տեղեկատվական հոսքը հետին պլան է մղել հասարակական–քաղաքական կյանքի այլ, ոչ պակաս կարևոր իրադարձություններն ու զարգացումները։ Բլոգեր Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ դա տեղեկատվական հոսքի հստակ կառավարման օրինակ է, և այդ բոլոր խնդիրների ի հայտ գալն ամենևին էլ պատահական չէ.

Իսկապես, ավելի շատ խոսում են ոչ թե այն մասին, թե ինչպիսի գործադիր իշխանություն կձևավորվի, ինչպես անցան ընտրությունները, ինչ ակնկալիքներ ունի հասարակությունն այս ընտրություններից հետո, այլ հստակ ուղղորդվող թեմաներ են քննարկվում։ Ընդ որում, այդտեղ շատ ցավոտ խնդիրներ կան, որոնք շատ զգացմունքային կերպով են ընկալվում մարդկանց կողմից։ Օրինակ՝ ավանդական հանրային պատկերացմամբ՝ աղջիկը չի կարող հայհոյախոսել և բռնություն կիրառել մեկ այլ աղջկա նկատմամբ,–ասել է բլոգերը։

Արմեն Հովհաննիսյանի խոսքերով՝ հասարակության արձագանքը մատուցվող այս նյութերի հանդեպ, որոնց իրական լինել–չլինելու հարցն այդքան էլ էական չէ, և շատ հնարավոր է, որ դրանք համապատասխանում են իրականությանը, տրամաբանական է և կանխատեսելի.

Մարդիկ դա սկսում են քննարկել և ոչ միայն ուշադրությունը շեղում են քաղաքական զարգացումներից, գործադիր իշխանության ձևավորումից, այլև քաղաքացիական շարժումները և դիմադրությունը, որը թափ էր առնում, արդեն բավական լուրջ ալիք էր բարձրանում, հիմա ինչ–որ տեղ դանդաղել է, որովհետև նույն քաղաքացիական շարժման մասնակիցներն այս կամ այն հարցի շուրջ տարբեր ճամբարներում են հայտնվել։ Ես կարծում եմ, որ սա շատ հաջողված տեղեկատվական գործողություն է՝ որոշակի ուժերի կողմից իրականացրած, որոնք գոնե ժամանակավորապես կարողացան չեզոքացնել իրենց հնարավոր մրցակիցներին և հակառակորդներին,–պարզաբանել է Արմեն Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը