Կարծիք

24.05.2012 10:35


Մանր եք դուք, շատ մանր

Մանր եք դուք, շատ մանր

Արցախյան շարժման հիմանադիր ու առաջնորդ Իգոր Մուրադյանը մի անգամ ասել էր, որ Խորհրդային Հայաստանը իրենից ներկայացնում էր ԿԳԲ-ական մի երկիր, մինչդեռ այսօրվա Հայաստանը իջել է ընդամենը մի ոստիկանական քաղմասի մակարդակի: Ես ԿԳԲ ընկել եմ մեկ անգամ` 1983 թվին, երբ Բրեժնևի մահից հետո գահակալած չեկիստ Անդրոպովը որոշեց ճնշումը բարձրացնել սովետական շոգեքարշի կաթսաներում, և այդ առիթով ձեռբակալվեցին մեր համալսարանի լավագույն դասախոսներից երկուսը` Էդմոն Ավետյանն ու Ռաֆայել Պապայանը: Մենք՝ այդ ժամանակ 3-րդ կուրսի ուսանողներս, որոշեցինք կրթաթոշակներից տասը-տասը ռուբլի հավաքել մեր դասախոսների ընտանիքներին սատարելու համար. երկուսն էլ անչափահաս դստրեր ունեին: Շուտով մեզանից մի քանիսին, այդ թվում և ինձ, փոստային բացիկով հրավիրեցին Նալբանդյան փողոցում առ այսօր խոյացող ու դասական կոնստրուկտիվիզմի ոճով կարուցված հայտնի շենքը: Տեղ ու ժամանակ խնայելու համար չեմ նկարագրի 30-ականներին ծնված ծնողներիս ահն ու սարսափը… Ասեմ միայն, որ «արտասահմանից ֆինանսավորվող հակասովետական երիտասարդական խումբ»` մեր դեմ սարքվող գործն այնքան անհեթեթ թվաց անգամ նրանց, որ այն կարճվեց` չսկսած: Ի վերջո, որոշակի կրթական մակարդակ ու պատրաստություն էին ստանում մարդիկ… Վերջերս, կյանքումս երկրորդ անգամ, ծանուցում եմ ստացել փոստային ծրարով` այս անգամ վարչական դատարանից: Մեջը, տասնհինգ էջ զեկուցագրերից, գրություններից, արձանագրություններից ու կից մեկ տեսաերիզից հասկացա, որ իմ և մի քանի ընկերներիս դեմ ՀՀ ոստիկանական հայցով գործ է հարուցված վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ հիմք ընդունելով ոստիկանության կրտսեր սերժանտ Կ. Թայիրյանի հետևյալ ցուցմունքը. «…բանվորական սաղավարտներով մի խումբ քաղաքացիներ, չարամտորեն չկատարելով իմ ու մյուս ոստիկանների օրինական պահանջը, ֆիզիկական ուժի գործադրմամբ հանեցին երկաթյա արգելապատնեշները և ներխուժեցին կիսակառույց կրպակների տարածք, իսկ նրանցից մեկը, ում անունը Տիգրան էր, որքան գիտեմ՝ ռեժիսոր է, հրեց ինձ և բարձրացավ կրպակի տանիքի վրա»:
Երկու դարաշրջան, երկու պետություն, երկու նամակ, երկու անհեթեթություն: Բայց ճիշտ է ասում Իգոր Մուրադյանը` մակարդակի ինչպիսի անկում… Ես փորձում էի ինչ–որ բանաձև գտնել այս հետնահանջը նկարագրելու համար, երբ «Ազատություն» ռադիոկայանով լսեցի, ինչպես Մանրիկյան ազգանունով մի դատախազ իր երեք ազգականներով դաժան ծեծի էր ենթարկել լրագրող Ռուբեն Գրձելյանին նրա հղի կնոջ ու երկու փոքր երեխաների ներկայությամբ… Ակամա հիեցի երջանկահիշատակ ընկերոջս` Գենա Մելքոնյանի «Թթենի» կարճամետրաժ գլուխգործոցը, որտեղ վիճաբանող հարևաններից մեկը՝ երկու փոքրիկ որդիների փոքրակազմ հայրը, շշուկով խնդրում է երկու դստրերի հայր իր հզոր հակառակորդին՝ զիջել, քանի որ ինքը տղամարդկանց է մեծացնում և արիության օրինակ պետք է ծառայի նրանց համար… Եվ ուժեղը ենթարկվում է թույլին, քանի որ նույն արժեքների կրողն էր, քանի որ հայր էր, քանի որ հայ էր, քանի որ դա մեր Երևանն էր… Գենան ապրում էր Մաշտոցի պուրակից հիսուն քայլ հեռու, պողոտայի այն կողմի երկհարկանի տանը, որի տեղն այսօր դատարկ նորակառույց շենքեր են: Նրա ֆիլմը, ինչպես և իմ այս գրառումը, բնավ էլ զիջումների հորդոր չէ… Դա մեր արժեքների, մեր պայքարի իմաստի մասին է: Մենք քանդեցինք ԿԳԲ-եկան պետությունը, բայց դաժան պատերազմով ու ոչ պակաս դաժան խաղաղությամբ տարված ու զբաղված` չնկատեցինք, ինչպես Դուք, պարոնա՛յք, «մանրից» վերակառուցում էիք այն` Ձեր ոճով ու ճաշակով, Ձեր գեղագիտական ու բարոյական պատկերացումներով: Արդյունքում ստացվեց սա` կրպակների ու շուկաների, հսկիչների ու տեսուչների ոստիականական ոչ պետություն, ոչ էլ հանրապետություն, այլ, ինչպես հուշեց «Թթենի» ֆիլմը չտեսած դատախազի ազգանունը` մանրապետություն: Ոստիկանական մանրապետություն: Ոչինչ, կապամոնտաժենք: ԿԳԲ-ից չվախեցանք, մի՞թե Ձեզնից ենք վախենալու… Մանր եք Դուք, շատ մանր:

 Տիգրան Խզմալյան 

Այս խորագրի վերջին նյութերը