Կարծիք

25.05.2012 12:49


ՀՀԿ–ի հայտարարությունը և իրականությունը

ՀՀԿ–ի հայտարարությունը և իրականությունը

Հինգշաբթի երեկոյան հրդեհից տուժած ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր, քանի որ նույն օրն առավոտյան արդեն հայտնի էր դարձել, որ չնայած ՀՀԿ-ի գործադրած գերջանքերին ու խնդրանքներին, ԲՀԿ-ն մերժել էր կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ:

Ամենամիամիտները եւ լավատեսները կարծում էին, թե ՀՀԿ-ն որոշակի հետեւություններ արած կլինի, ավելին, փոխված կլինի, բայց հանրապետականները հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք համառորեն չեն ցանկանում տեսնել իրականությունը եւ նախընտրում են ապրել եւ գործել իրենց իսկ ստեղծած կեղծ աշխարհում: Ավելին, հայտնի հեքիաթի բացասական հերոսների նման, նրանք ամեն ինչ անում են, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն էլ ապրեն իրականությունը չնկատելով: Հեքիաթը մնում է հեքիաթ, իսկ իրականությունը` իրականություն:

ՀՀ քաղաքացիների առնվազն 80 տոկոսը չեն ցանկանում ապրել Ծուռ հայելիների թագավորությունում, բայց հանրապետականներն անդրդվելի են եւ պատրաստվում են շարունակել անել այն ամենը, ինչ արել են մինչ օրս: Հավանաբար պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք այլ կերպ չեն էլ կարող: 

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հայտարարություն է ընդունվել, որտեղ նշվում է, որ ՀՀԿ-ն հանդես է գալիս որպես հանրային համերաշխության եւ բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից: Սա իսկական անեկդոտ է: Հիմա իրար կողքի դրեք ՀՀԿ-ն եւ հանրային համերաշխությունը, ՀՀԿ-ն եւ բազմակողմանի համագործակցությունը: Իրոք, բոլոր ցանկությունների դեպքում իրար կողքի չեն տեղավորվում:

Հնարավոր է, որ ՀՀԿ-ն հանրային համերաշխություն ասելով նկատի ունի այն, որ հանրությունը պետք է ծափահարի իրենց խայտառակ ձախողումներին կամ համերաշխորեն լքեն հայրենիքը կամ էլ համերաշխորեն մասնակցի բազմակի քվեարկություններին: Իսկ ինչ վերաբերում է բազմակողմանի համագործակցությանը, ապա դա էլ հավանաբար այն էր, ինչ տեղի ունեցավ մայիսի 6-ին: Իսկապես, բազմակողմանի համագործակցության արդյունքում ընտրողների թիվը հասավ 2,5 մլնի, իսկ քվեարկողների թիվն էլ 1,5 միլիոնի, իսկ շրջիկ խմբերն էլ այդ համագործակցության գագաթնակետն էին: Այստեղ չենք կարող չհիշել նաեւ այն հասցեները, որտեղ գրանցված էին 30, 40, 50 եւ անգամ 100 հոգի: Առանց բազմակողմանի համագործակցության նման բան չէր կարող լիներ: Բազմակողմանի համագործակցություն ասելով ՀՀԿ–ում երևի նկատի ունեն նաև արթուրբաղդասարյանատիպ դեմքերի հետ ուս–ուսի տված առաջ գնալը։

ՀՀԿ-ի հայտարարությունում շեշտվում է, թե ՀՀԿ-ն ստացել է հասարակության ճնշող մասի աջակցությունը: Դժվար է հավատալ, որ կգտնվի գոնե մեկ մարդ, որը կհավատա այս պնդմանը: Աշոտյանին, վարչապետին ու Շարմազանովին չենք հաշվում. նրանք ԿԸՀ–ի հայտարարած թվերին հավատում են, այսպես ասած, ի պաշտոնե։ Հարց է առաջանում, որ եթե իրոք ՀՀԿ-ն այդքան մեծ աջակցություն է ստացել, ապա ինչու էր գիշեր ու ցերեկ ԲՀԿ-ին համոզում մաս կազմել կոալիցիային, բայց վերջում մնաց ՕԵԿ–ի հույսին:    

Հիմա ՀՀԿ-ն պատրաստվում է կենսագործել ՀՀԿ ծրագրային դրույթները: Եթե հաշվի առնենք վերջին չորս տարիներին ՀՀԿ-ի իրականացրած քայլերը, հիմք ընդունենք պաշտոնական վիճակագրությունը, ապա ստիպված ենք արձանագրել, որ եթե երկրում ոչինչ չփոխվի, ապա Տիգրան Սարգսյանն ու իր թիմը կավելացնեն գործազուրկների թիվը, կմեծացնեն աղքատների բանակը, ամեն ինչ կանեն գների աճը խթանելու համար, եւ որ ամենակարեւորն է, ջանքեր կգործադրեն արտագաղթի ծավալները մեծացնելու համար, որպեսզի մարդիկ այստեղ չմնան ու հեղափոխություն չանեն: 

ՀՀԿ-ն պնդում է, թե հասարակության սպասելիքների ու ակնկալվող փոփոխությունների հիմնական երաշխավորն է: Հետաքրքիր է, քանի հոգու կգտնենք Հայաստանում, որոնք փոփոխությունների երաշխավոր համարում են ՀՀԿ-ին` հատկապես մայիսի 6-ի խայտառակությունից հետո: Կարծում եմ չենք կարող գտնել. Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը և Խոսրով Հարությունյանը հաշիվ չեն. նրանք փոփոխություններին հավատում են նախորդ դարի ինսունականներից:

Բարեբախտաբար, հանրությունը փոփոխությունների երաշխավոր այլ ուժերին է համարում, որոնք իրենց խոսքով եւ սկզբունքային քայլերով ապացուցեցին, որ իրենց համար շատ ավելի կարեւոր արժեհամակարգեր կան, քան նյութն է:

Եւ այս ամենում կարևորն այն է, որ ԲՀԿ-ի կարեւորագույն քայլից հետո կրկին հույսեր արթնացան եւ իրական հնարավորություն ստեղծվել փոխել այս տաղտկալի իրավիճակը, արմատահան անել սուտը, կեղծիքն ու բարոյալքումը:

Վարդան Մխիթարյան 

Այս խորագրի վերջին նյութերը