Քաղաքական

30.05.2012 09:10


Լևոն Զուրաբյանի բացատրությունները Սահմանադրական դատարանին

Լևոն Զուրաբյանի բացատրությունները Սահմանադրական դատարանին

 ՀԱԿ կուսակցությունների նախընտրական դաշինքի կենտրոնական շտաբի պետ Լևոն Զուրաբյանի բացատրությունները Սահմանադրական դատարանին

Բարձր դատարան.

Ի լրումն մեր կողմից Սահմանադրական Դատարանին ներկայացված դիմումի, հայտնում եմ նաեւ հետեւյալը.

Բարձր Դատարան,

Մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները անցան համատարած զանգվածային օրինախախտումներով, որոնք կրել են համակարգային եւ պետականորեն կազմակերպված բնույթ, ինչը էապես ազդել է ընտրությունների արդյունքների վրա:

Այս առումով ես կցանկանայի Ձեր ուշադրությունը սեւեռել այնպիսի երեք կարեւոր հանգամանքի վրա, որոնք բնորոշում են անցած ընտրությունները եւ ցույց են տալիս  ընտրակեղծարարության համատարածությունը, լայնածավալությունը եւ պետականորեն կազմակերպված լինելը:

  1. Ընտրողների ուռճացված ցուցակները, ընտրացուցակների եւ հայտարարված արդյունքների անհամապատասխանությունը երկրի ժողովովրդագրական ցուցանիշներին

Նախ, ես Դատարանին առաջարկում եմ լուծել մի անբացատրելի պարադոքս: 1989 թվականից մինչեւ 2012 թվականը ընկած ժամանակաշրջանում բոլոր կաևեւորագույն ժողովրդագրական ցուցանիշները անկում են ապրել, մինչդեռ կա մի ցուցանիշ, որն այս ընթացքում ոչ միայն չի նվազել, այլ միայն եւ միայն աճել է: Դա ընտրողների պաշտոնական թիվն է: 

Հայաստանում մշտապես առկա բնակչությունը, համաձայն պաշտոնական մարդահամարների, նվազել է 1989 թվականի 3.304.776-ից մինչեւ 3.002.598` 2001 թվականին, եւ  մինչեւ 2.871.509`  2011 թվականին: Փորձագետների գնահատականներով, սակայն բնակչության թվի անկումը շատ ավելի մեծ է: Դրա անուղղակի ապացույցն է ժողովրդագրական այնպիսի ցուցանիշների անկումը ինչպիսին է աշակերտների թվի անկումը 1998 թվականի 680.000-ից  մինչեւ 330.000  2012 թվականին. 

2008 թվականից մինչեւ 2012 թվականը ընկած ժամանակաշրջանում պաշտոնական տվյալներով Հայաստանից արտագաղթել է 150.000 մարդ: Հասկանալի նկատառումներով չեմ ուզում այստեղ բերել զորակոչիկների թվի անկման դինամիկան, որը սակայն ցույց է տալիս նույն աղետալի միտումը:

Ժողովրդագրական ցուցանիշների անկման նման պարագայում` ընտրողների թվի առումով ունենք մի անհասկանալի դինամիկա. 1991 թվականի հանրաքվեում ընտրողների թիվը եղել է 2.163.967 /համարյա նույն թիվն է 1995 ԱԺ եւ 1996 նախագահական ընտրություններում/, 1998 թվականի նախագահական ընտրություններում այդ թիվը դառնում է 2.300.816, իսկ 2012 թվականի ԱԺ ընտրություններում`2.501.597.

Ոստիկանության կողմից պատրաստված եւ հրապարակված 2012 թվականի ընտրողների ցուցակի համակարգչային ծրագրով անուն առ անուն համեմատությունը 2008 թվականի նախագահական ընտրությունների ընտրողների ցուցակի հետ ցույց է տալիս, որ 2012 թվականի ցուցակը պարունակում է 361.817 նոր անուն: Ծննդյան տարեթվերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից միայն 136.877 ընտրողների հայտնվելը ցուցակում կարող է բացատրվել ընտրական իրավունք ձեռք բերելու համար անհրաժեշտ տարիքը լրանալով /թեեւ անգամ այդ թիվը հակասում է զորակոչի թվերին, որոնց, սակայն, ցավոք սրտի, ինչպես նշեցի վերեւում, չեմ կարող անդրադառնալ/: Իսկ դա նշանակում է, որ 2012 թվականի ընտրացուցակում մենք ունենք 224.940  նոր անուն, որոնց մուտքը ցուցակ չի բացատրվում ընտրական իրավունք ձեռք բերելու տարիքային գործոնով:

Իրավիճակը խճճելու եւ ընտրակեղծարարության համար անհրաժեշտ ուռճացված ընտրացուցակը պահպանելու նպատակով իշխանությունները հրաժարվում են կատարել օրենքի պահանջը եւ ընտրական ռեգիստրը մաքրել Հայաստսանից մշտապես եւ առավելապես բացակայող քաղաքացիներից: Ընտրական օրենսգրքի 7.1 հոդվածում ասված է, որ «Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ մարզերի և համայնքների: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»։ Հայաստանից դուրս ապրող քաղաքացիների համար նախատեսցած է ընտրելու համար հաշվառվելու այլ կարգ: Նախ, համաձայն «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 7.2 հոդվածի «Հայաստանի տարածքից դուրս վեց ամիս ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարողին», եւ, երկրորդ, համաձայն Ընտրական օրենգրքի 2.5 հոդվածի, «Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները համապետական ըտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցում են սույն օրենքով սահմանված կարգով ընտրողների լրացուցիչ ցուցակում ընգրկվելու դեպքում:»  Հայաստանի իշխանությունները, ի խախտումն «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 12.1 հոդվածի համալրել են պետական ռեգիստրը ոչ թե, ինչպես օրենքն է պահանջում, միայն Հայաստանի Հանրապետությունում բնակվող, այլ նախկինում հաշվառված, սակայն մշտապես կամ առավելապես արտասահմանում բնակվող անձանց տվյալներով:

Իրականում, ինչպես մենք նշել ենք երեք քաղաքական ուժերի` Հայ Յեղափոխական Դաշնակցության, Ժառանգության եւ Հայ Ազգային Կոնգրեսի կողմից վարչապետին եւ ոստիկանապետին ուղարկված 2012 ապրիլի 4-ի նամակում, միայն պաշտոնական տվյալներով Հայաստանից մշտապես բացակայում է  414.258, իսկ փորձագիտական վերլուծությունների համաձայն, եթե պետությունը բոլոր անհրաժեշտ քայլերը կատարեր ընտրացուցակները օրենքի պահանջներին համաձայնեցնելու նպատակով, նրանում պետք է ընդգրկված լինեին 700.000 ավելի պակաս մարդ: Այդ դեպքում, ընտրողների թիվը կլիներ 1.800.000, ինչը Հայաստանում առկա ընտրողների իրական այն թիվն է, որը կարող է որոշակի աղերսներ ունենալ 2011 թվականի մարդահամարի հրապարակված թվերի հետ:

ԿԸՀ-ի կողմից հրապարակված մասնակցության թիվը`1.559 հազարը կարող է նման պայմաններում միայն մեկ բան նշանակել. այն է` 2012 թվականի ԱԺ ընտրություններին իրականում մասնակցել է ընտրողների 86 տոկոսը: Նախագահական համակարգ ունեցող որեւէ դեմոկրատական պետության մեջ խորհրդարանական ընտրություններին նման մասնակցությունը ֆանտաստիկայի ոլորտից է /բացառությամբ այն երկրները, որտեղ ընտրություններին մասնակցելը պարտադիր է, օրինակ Թուրքիայում/, եւ արդեն միայն այս փաստը վկայում է այն մասին, որ տեղի է ունեցել լայնածավալ կեղծարարություն:

Անգամ եթե որպես ելակետ ընդունենք ամենալավատեսական /թեեւ, հաշվի առնելով ընտրությունների նկատմամբ Հայաստանում ձեւավորած թերհավատության համատարած մթնոլորտը, միեւնույն է անհավատալի/ գնահատականը, որ խորհրդարանական ընտրություննեին րՀայաստանում հնարավոր էր 60 տոկոս ընտրողների մասնակցություն, մենք լավագույն դեպքում կունենայինք մոտ 1.080.000: Մասնակիցների հայտարարված 1.559.000 թիվը ցույց է տալիս, որ առնվազն 500.000 ձայն չէր կարող ստացվել օրինական ընտրական գործընթացի արդյունքում եւ այն լայնածավալ ընտրակեղծարարության հետեւանք է:

 

  1. Դրոշմակնքման թանաքի հարցը եւ բազմակի քվեարկություն

Անդրադառնանք կատարված ընտրակեղծարարության հիմնական երկու միջոցներին: Առաջինը բազմակի քվեարկությունն է: Մշակված համակարգի առանցքը կազմում է հանրապետությունից  բացակա քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանում բնակվող, բայց ընտրություններին չմասնակցած քաղաքացիների  զգալի մասի ձայների կեղծումը հոգուտ կառավարող ուժի: Այս պնդումները նաեւ հաստատվում են 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին վերաբերող ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցում նշված փաստերով: Այդ նպատակով իշխող ուժը ստեղծել է հազարավոր մարդկանց կազմակերպված մի բանակ, որը ընտրության օրը մասնակցում է ընտրակեղծիքների կազմակերպմանը կա՛մ որպես ընտրական հանձնաժողովների անդամներ, կա՛մ կառավարության կողմից վերահսկվող ուժերի վստահված անձինք, կա՛մ որպես հատուկ դերակատարություն ստանձնած ընտրողներ /այսուհետեւ` կեղծ քվեարկողներ/: Մասնավորապես, կեղծ քվեարկողները, օգտվելով այն հանգամանքից, որ տեղամասերում իրենց փաստաթղթերը ստուգողները եւ մատյանում համապատասխան գրառումներ կատարողները, հատուկ գաղտնանշանների կամ գաղտնաբառերի փոխանակման շնորհիվ, թույլ են տալիս նրանց անարգել քվեարկել հանրապետությունից բացակա կամ քվեարկության չմասնակցած քաղաքացիների տեղը, ամբողջ օրվա ընթացքում բազմաթիվ տեղամասերում բազմակի քվերկություն են կատարրել հօգուտ իշխող քաղաքական ուժի: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այս մասին, մատնանշվել են Ջավախքից Հայաստան բերված մարդկանց, զինվորականների բազմակի քվեարկության դեպքեր:

Օրենքով նախատեսված անձնագրերի դրոշմակնքումը գործող Ընտրական օրենսգրքի քլխավոր երաշխիքն է բազմակի քվեարկության դեմ: Օրենքը նախատեսում է, որ դրոշմակնքման համար գործածվող թանաքը առնվազն 12 ժամ չպետք է անհետանա, այսպիսով կանխելով կրկնակի քվեարկության հնարավորությունը: Մայիսի 6-ին առավոտյան ժամերին մենք ստացանք բազմաթիվ ահազանգներ, ըստ որոնց օգտագործվող թանաքը անհետանում է 15-25րոպեի ընթացքում: Շատ շուտ պարզ արձավ, որ դրանք առանձին դեպքեր չեն, երեւույթը կրում էր համատարած բնույթ: 9.30-ին ես, որպես Հայ Ազգային Կոնգրեսի կուսակցությունների դաշինքի ընտրական շտաբի ղեկավար, պաշտոնապես դիմեցի ԿԸՀ ընտրությունների անցկացումը դադարեցնելու պահանջով, մինչեւ ապահովվի օրենքի պահանջներին համապատասխանող թանաքի կիրառումը: Այդ դիմումը կրում էր հրատապ բնույթ, սակայն ԿԸՀ-ն այդպես էլ չքննարկեց այն անմիջապես, ուստիեւ մենք այն բողոքարկել ենք Վարչական դատարան: Հետագայում, ԿԸՀ-ն, առանց պատոնական որոշում կայացնելու, բավականին քաոտիկ կերպով հրահանգել է տարբեր տեղամասերի անցնել սովորական չանհետացող թանաքի կիռամանը, որի իրավասությունը չուներ եւ որը նույնպես օրենքի խախտում է: Անհրաժեշտ է նշել, որ այդ ապօրինի գործընթացը կրել է հախուռն բնույթ, ինչի հետեւանքով որոշ տեղամասեր այդպես էլ չստացան սովորական թանաքի անցնելու հրահանգը:

Ակնհայտ է, որ ԿԸՀ գործողությունների պատճառով տապալվեց բազմակի քվեարկության բացառման գլխավոր օրենսդրական երաշխիքը`անձնագրերի դրոշմակնքումը:

ԿԸՀ-ի նման գործողությունները կարելի էր համարել բացթողում, անգործություն, ոչ-կոմպետենտության կամ շփոթմունքի հետեւանք, եթե չլիներ հետեւյալ հագամանքը:

Մենք նախօրոք ունեինք տեղեկություններ այն մասին, որ Հանրապետական կուսակցության համակիրներին հրահանգված էր վաղ առավոտյան գնալ քվեարկության: Եւ իսկապես, առավոտյան 7.30-ից սկսած բոլոր տեղամասերի շուրջ նկատվել էին աննախադեպ մարդկային կուտակումներ, իսկ հետագայում բոլոր տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ պարզվել է, որ Հահրապետական կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկները հիմնականում կուտակված են եղել քվեատուփերի ներքեւի մասում, որը համապատասխանում է առավոտյան ժամերի քվեարկությանը: Այսպիսով Հանրապետական կուսակցության համակիրները` հատուկ հրահանգով քվեարկել են հենց այն ժամերին, երբ դեռ գործում էր արագ անհետացող թանաքը, ինչի շնորհիվ նրանք ստացել են  բազմակի քվեարկության հնարավորություն: Ավելորդ չի լինի հիշատակել այս առումով, որ ժամը 11.00 դրությամբ ըստ պաշտոնական տվյալների արդեն քվեարկել էին աննախադեպ` 380.000 թվով մարդ:

Միայն այն հանգամանքը, որ ընտրությունները անցկացվել են անձնագրերի դրոշմակնքման օրենսդրական դրույթի ակնհայտ եւ կոպտագույն խախտումով, որի հետեւանքով մի քանի ժամերի ընացքում չի գործել բազմակի քվեարկության բացառման գլխավոր երաշխիքը` անձնագրերի դրոշմակնքումը, բավարար է` արձանագրելու համար, որ Հայասատանում օրինական ընտրություններ տեղի չեն ունեցել եւ անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները: Հնարապետականների հրահանգված եւ իր ակտիվությամբ նախադեպը չունեցող քվեարկությունը ամրապնդում են այն համոզումը, որ տեղի է ունեցել պետականորեն կազմակերված ընտրակեղծարարություն:

  1. Ընտրողների քվեարկության պարտադրանք եւ ընտրակաշառքի զանգվածային բաժանում

Ընտրակեղծիքների մեկ այլ աղբյուրը պետական իշխանության մարմինների կողմից /սոցիալական ապահովության պետական ծառայություն, ոստիկանություն, բանակ, համատիրություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ/ տարատեսակ ճնշումների համար խոցելի ընտրողների հաշվառումն է, նրանց վրա այդ ճնշումների կազմակերպումը, ընտրակաշառքների համատարած բաժանման միջոցով նրանց ձայների գնումը, ընտրության օրը նրանց կազմակերպված կերպով, հատուկ տրամադրված հանրային եւ մասնավոր տրանսպորտի միջոցով դեպի տեղամասեր փոխադրումը եւ նրանց քվեարկությունը վերահսկելը: Գյուղական տեղամասերում, ինչպես նաեւ այն տեղամասերում, ուր թույլ է եղել լրագրողական կամ դիտորդական վերահսկողությունը, քաղաքացիներին պարտադրվել է բաց քվեարկություն: Դրա մասին նույնպես ասվում է ԵԽԽՎ վերոհիշյալ զեկույցում:

Ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունները ստեղծել են ժողովրդի ստվար զանգվածներին վերահսկող ամբողջատիրական մի ցանց, որը կառավարվում է այսպես կոչված «պատասխանատուների» կամ «բրիգադիրների» կողմից: Դրանք, սովորաբար, 20-40-100 ձայնի «տեր» մարդիկ են, որոնք իշխանական կուսակցությունից ստանում են ընտրակաշառքի ֆոնդը, հավաքում են մարդկանց անձնագրերը կամ դրանց պատճենները, դրանք ներկայացնում ՀՀԿ համապատասխան ֆունկցիոներին: Սրանով բրիգադիրը հավաստիացնում է, որ վերահսկում է նրան անձնագրեր կամ պատճեններ հանձնած մարկանց: Բրիգադիրի պարտականությունների մեջ է մտնում իր կողմից կառավարվող զանգվածին համապատասխան ժամին քվեարկության տանելը, տրանսպորտի կազմակերպումը, ընտրակաշառքի, անձնագրերի բաժանումը եւ վերջնական պատասխանատվությունը, որ այդ մարդիկ քվեարկեն ինչպես պարտավորվել են: Օգտագործվում են վերահսկման եւ ահաբեկման տարբեր ձեւեր: Մեկը «կարուսելն» է. քվեարկողը դատարկ ծրար է նետում քվեատուփ եւ տեղամասից դուրս հանում քվեաթերթիկը, որում բրիգադիրը համապատասխան նշում է անում եւ պարտադրում հաջորդ ընտրողին քվեարկել այդ քվեաթերթիկով, նորից դուրս հանելով դատարկ քվեաթերթիկը: Երկրորդ տարբերակը բաց քվեարկությունն է, որը կիրառվում է խուլ գյուղերում ու զինվորների քվեարկության ժամանակ: Վերահսկման մեխանիզմ է նաեւ տարբեր գույնի գրիչների բաժանումը, երբ հետո տվյալ գույնով քվեարկված քվեաթերթիկների թիվը համեմատվում է նախապես ծրագրվածի հետ:

  1. Ապացույցների մասին

Բնական է, որ Դատարանը ցանկանում է ունենալ բերված իրողությունների սպառիչ ապացույցներ: Մեր ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի կներկայացնի մեր հայցի ապցուցողական բազան: Վերոհիշյալ իրողությունների արձանագրումը հիմնված է նաեւ Հայ Ազգային Կոնգրես ընտրական դաշինքի տարածքային շտաբների զեկույցների, վստահված անձանց, բազմաթիվ քաղաքացիների վկայությունների, ինչպես նաեի ԶԼՄ-ների հրապարակումների եւ տեսանյութերի վրա: Սակայն կա մի հանգամանք, որի վրա ես ցանկանում եմ սեւեռել Սահմանադրական Դատարանի ուշադրությունը: Նկարագրված պատկերը եւ փաստերը նշանակում են , որ մենք գործ ունենք պետականորեն ծրագրված եւ իրականացված զանգվածային, համատարած ընտրակեղծարարության հետ, որին մասնակից է ամբողջ գործադիր իշխանությունը եւ նրա մաս կզամող իրավապահ մարմինները: Ակնհայտ է, որ ընտակաշառքների բաժանումը չեր կարող տեղի ունենալ, եթե ոստիկանությունը, դատախազությունը, իրավապահ այլ մարմինները չլինեին այդ հանցագործությունների մասնակիցը: Բազմաթիվ են դեպքերը, երբ արձանագրված ընտրակաշառքի դեպքեր ոչ միայն չեն քննվել պատշաճ կերպով, այլ քրեական հետապնդում կամ ահաբեկում է տեղի ունեցել հենց այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ներկայացրել են այդ փաստերը կամ ապացույցները իրավապահ մարմիններին: Հայաստանում ստեղծված է պետական իշխանության մարմինների կողմից խրախուսվող համատարած ապօրինության մի միջավայր, որում քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում եւ շատ դեպքերում խուսափում է իր իրավունքների պաշտպանությունից եւ բողոքներին օրինական ընթացք տալուց, քանի որ դա հղի է իր համար ծանր հետեւանքներով: Եւ Դատարանը իրավունք չունի, եթե այն իհարկե, այդ հանցագործությունները կատարած գործադիր իշխանության պարզ կցորդը չէ, զուտ ֆորմալիստական մոտեցում ցուցադրել շարադրված իրողությունների վերաբերյալ: Ի վերջո, այդ հանցագործությունները կրել են իսկապես զանգվածային բնույթ եւ տեղի են ունեցել մեր հասարակության աչքի առաջ: Եւ ես հայցում եմ Դատարանինց,  համապատասխան իր բարձր կոչմանը, ամենայն լրջությամբ ուսումնասիրել ներկայացված փաստերը եւ տալ գործին այնպիսի թնթացքը, որ կնպաստի ժողովրդավարությայնը եւ մարդու հիմանարար ազատությունների եւ իրավունքների պաշտպանությանը: Հաշվի առնելով, որ խոսք է գնում հարյուր հազարավոր ձայների կեղծման մասին, ինչպես նաեւ ընտրական գործընթացը արժեզրկող ապացուցված փաստերի մասին, ինչպիսին է, օրինակ, դրոշմակնքման դրույթի համատարած խախտումը, հայցում ենք անվավեր ճանաչել 2012 թվականի մասյիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքները:

Այս խորագրի վերջին նյութերը