Քաղաքական

02.06.2012 16:34


«Ժառանգության» անդամի քննադատական ելույթը դիմավորել են դժգոհությամբ, ընդունել ծափահարություններով

«Ժառանգության» անդամի քննադատական ելույթը դիմավորել են դժգոհությամբ, ընդունել ծափահարություններով

Այսօր «Ժառանգության» համագումարին չնախատեսված դրվագ է տեղի ունեցել։ Ձայնի իրավունք է խնդրել կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանը, ով դեռ առավոտյան՝ մինչ համագումարի սկսվելը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Գնում եմ «Ժառնագություն» կուսակցության համագումարին՝ վարչության գործունեության հաշվետվությանը ԴԵՄ քվեարկելու խոր մտադրությամբ: Ես գտնում եմ, որ այդ վարչությունը մեղսակից է ընտրություններում կուսակցության պռավալի համար»։

Վարչության գործունեության հաշվետվությունն այս անգամ էլ չներկայացվեց, ինչն էլ և Դանիել Իոաննիսյանի դժգոհությունն առաջացրեց։ Նրա ելույթի ժամանակ դահլիճից տարաբնույթ բողոքներ էին հնչում՝ «տղա ջան, իջի՛ ներքև, հերի՛ք է խոսես» և այլ արտահայտությունների տեսքով։ Ներկաներից մեկը նույնիսկ պահանջեց, որ շարժվեն օրակարգով և նրան ձայն չտան, բայց Իոաննիսյանը շարունակեց իր ելույթը։

–Համագումարի նպատակների մեջ մտնում է քննարկելն այն քայլերը, որոնք արվել են, գնահատականներ տալը։ Իհարկե, եղան բազմաթիվ սխալներ, այդ սխալները, հուսով եմ, կքննարկվեն, բայց վարչությունն ավարտեց իր երկամյա գործունեությունը, և իմ կարծիքով՝ այս վարչության հաշվետվությունը պիտի ներկայացվեր և համագումարի կողմից ընդունվեր կամ չընդունվեր։ Բայց դա մարտի երկուսի համագումարին չդրվեց քվեարկության, դա տեղի չի ունենում նաև այսօր։ Փաստորեն դրանով կուսակցական այս մանդատը արժեզրկվում է, բացի դրանից՝ արժեզրկվում է այս մանդատը, երբ որ մենք տեսնում ենք մի համամասնական ցուցակ, որի հետ մենք միգուցե կարող ենք համաձայնել, կարող ենք չհամաձայնել,–ասել է նա, և որպեսզի իր խոսքը դատարկ չհնչի, ներկայացրել է «Ֆեյսբուքում» անցկացված մի հարցման արդյունքներ, թե ո՞ւմ կցանկանային տեսնել  «Ժառանգություն» խմբակցության կազմում։ Համաձայն դրա՝ առաջատարները եղել են «Ժառանգության» նախկին գումարման պատգամավորները, իսկ նոր անդամները՝ Խաչատուր Քոքոբելյան, Ալեքսանդր Արզումանյան, Թևան Պողոսյան և այլք, հետին հորիզոնականներում են եղել.

–Այս հերթականությունը շատ ուժեղ տարամիտում է մեր համամասնական ցուցակի հետ, և այն մարդիկ, ովքեր մեղադրում են իշխանություններին, ընտրակաշառք վերցնողներին, միարժեքորեն ճիշտ են։ Բայց մի պահ եկեք տեսնենք, որ մենք էլ ենք մեղավոր եղել, մենք էլ ենք սխալներ ունեցել, և եկեք տեսնենք, թե որոնք էինք դրանք, որ այսուհետ չկրկնենք այդ սխալները։ Այն, որ մենք այս ընտրություններում ստացանք մոտ նույնքան ձայն, ինչքան նախորդ ընտրություններում, վկայում է այն բանի մասին, որ մենք մեր հինգ տարվա գործունեությունը, մեր պատգամավորների այդ հինգ տարվա քրտնաջան աշխատանքը մեր սխալ քայլերով ջուրը գցեցինք։ Եկեք փորձենք անել այնպես, որ հաջորդ խմբակցությունը, այդ հինգ անդմաները, գոնե փորձեն գործել այնպես, ինչպես գործում էր նախորդ խմբակցությունը։ Ժողովրդի կողքին մենք տեսնենք այդ պատգամավորներին, այն երեքին, որոնք կլինեն «Ժառանգությունից», այն երկուսին, որոնք կլինեն «Ազատ դեմոկրատներից»։  

Դ. Իոաննիսյանի այս խոսքերը ներկաներն ընդունել են ծափահարություններով։

Քիչ հետո ամբիոն բարձրացած Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունել է այս ելույթը՝ նշելով, որ բազմակարծությունը, այլընտրանքային տեսակետների արտահայտումը երաշխավորված իրավունք է «Ժառանգությունում», իսկ ոչ մեկն անսխալական չէ՝ սկսած իրենից, վերջացրած այդ երիտասարդով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը