Կարծիք

08.06.2012 14:01


Ժամանակն է, որ սովորենք ապրել Հայաստանում

Ժամանակն է, որ սովորենք ապրել Հայաստանում

Հայ աղջիկները միմյանց ծեծում են, հայհոյում, իսկ իրենց տարեկից տղաները ոչ միայն չեն փորձում սաստել նրանց, այլ այդ ամենը լուսանկարում եւ տեսագրում են: Համաձայնվեք, որ սա հասարակության բարոյալքման հիմնական ցուցիչներից մեկն է: Տղամարդկանց եւ երեխաների աչքի առաջ միմյանց ծեծում են հասուն հայ կանայք եւ միայն անվտանգության ծառայության աշխատակիցներն են միմյանցից բաժանում ափերից դուրս եկած եւ իրենց կորցրած հայ կանանց: Սա արդեն մեր հասարակության ամոթն է: Այս ամենը մեկ օրում չի լինում, այս ամենին մենք հասել են դանդաղ եւ ոչ այնքան դանդաղ, բայց հաստատուն եւ համառ քայլերով:
Հասարակությունը բարոյալքվում է, արժեքային համակարգերը փոխվում են, մենք հայտնվում ենք անդունդում, կամ ինչպես Մաքսիմ Գորկին կասեր` հատակում: Եթե այդպես չլիներ, ապա չէին լինի նաեւ նրանք, ովքեր մի քանի լումայի դիմաց հայտնվեցին, այսպես կոչված, շրջիկ խմբերում եւ որոշեցին խորհրդարանական ընտրությունների ելքը: Եթե բարոյալքում չլիներ, ապա չէր լինի նաեւ ընտրակաշառքը: Իսկ այսօր այդ ընտրակաշառքը դարձել է սովորական մի բան եւ նույնիսկ մարդիկ են հայտնվում, որոնք բողոքում են, որ իրենց չեն վճարել կամ քիչ են վճարել: Սա խայտառակություն եւ ամոթ է: Այս ամենը չի կարող հենց այնպես անցնել ու գնալ:
Այս ամենը դեռ հետեւանքներ է ունենալու: Բարոյալքված հասարակությունում արդեն սովորական են դառնում ինքնասպանությունները, դաժանությունները, անբարոյականությունը: Չլուծված հիմնախնդիր ունեցող, այն էլ տարածքային խնդիր ունեցող երկիրն իրեն նման բան իրավունք չունի թույլ տալ, բայց մենք շարունակում ենք թույլ տալ: 
Մի քանի օր առաջ Ավանում սպանվեց 23-24 տարեկան մի երիտասարդ` երթուղային տաքսու վարորդ: Լրատվամիջոցները գրում են, որ նրան դաժան ծեծի են ենթարկել շատերի աչքի առաջ եւ ընդամենը նրա համար, որ նախատեսվածից ավելի շատ ուղեւոր է տեղափոխել` "խփելով" գործընկերների գրպանին:
Հիմա ոմանք կասեն, թե ծեծողները չեն ցանկացել սպանել, այլ պատահմամբ են քունքին հարվածել: Հնարավոր է, որ այդպես էլ լինի, բայց արդեն իսկ դաժան ծեծն է անբարոյականություն ու ցնորք: Հինգ հայ երիտասարդներ ծեծում են մեկ այլ հայ երիտասարդի` այն էլ մի քանի հարյուր դրամի համար, իսկ նրանց գործընկերները, այլ հայ մարդիկ կանգնած նայում են այդ ամենին եւ չեն փորձում միջամտել: Մի փոքր խորը մտածելու դեպքում կհասկանանք, որ հասարակությունը հայտնվել է բավական ծանր եւ բարդ հոգեվիճակում, կհասկանանք, որ բարոյալքումը խժռում է այս երկիրը, իսկ իշխանություններն էլ ամեն ինչ անում են այս ամենը խորացնելու համար:
Ընդ որում, հարցը միայն անարդար ընտրությունները եւ կոռուպցիայի մակարդակը չեն: Իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հեռուստաալիքներով ցուցադրվում են ցածրակարգ սերիալներ, որոնք ունեն իրենց հանդիսատեսը եւ այն էլ մեծաքանակ, իսկ այդ սերիալներում, որոնց հերոսները մեր համերկրացիներն են եւ մեր ժամանակակիցները, դաժանաբար պատժում եւ ստորացնում են իրենց հակառակորդներին, նրանց, ովքեր փող են պարտք եւ չեն վերադարձնում, ովքեր կամա, թե ակամա նյութական վնաս են պատճառել եւ այսպես շարունակ:
Հասարակությունը սկսում է ապրել բանտի չգրված օրենքներով: Հասարակությունը հաստատուն քայլերով շարժվում է դեպի ինքնակործանում: Այս իրավիճակում Հայաստանից հեռանում են նաեւ նրանք, ովքեր փողի խնդիր չունեն: Նրանք հեռանում են, որ իրենք կամ իրենց երեխաները հանկարծ բռնության եւ անարդարության զոհ չդառնան: Որեւէ մեկը չի կարող ասել, թե ինքը երաշխավորված է, որ մի օր իրեն ինչ-ինչ բանի համար չեն ծեծի եւ պատահաբար չեն սպանի:
Իսկ անտարբերությունն ամենասարսափելին է: Հասուն տղամարդիկ կանգնել եւ նայել են, թե ինչպես են ծեծում երիտասարդ վարորդին, պատանիները կանգնել եւ նայել են, թե ինչպես են միմիյանց ծեծում աղջիկները, իսկ մենք էլ կանգնել եւ նայել ենք, թե ինչպես են տեղամասից-տեղամաս շրջում "շրջիկ խմբերը", կանգնում եւ նայում ենք, թե ինչպես են ավերում այս կամ այն պատմական նշանակություն ունեցող շենքը:
Պետական մտածողություն ասվածը մեզնից դեռ շատ հեռու է: Մեզնից շատ-շատերը թքած ունեն, թե ինչ է կատարվում նույնիսկ իրենց տան շեմից մեկ մետր այն կողմ: Գիտակցումը, որ փողոցով հոսող ջուրը նաեւ բոլորին է վնաս, դեռ չկա: Օրերս մի երիտասարդ կանգնել եւ նայում էր ասֆալտի տակից բլբլթացող ջրի շիթին, երբ մոտեցավ նրա ծանոթը եւ խիստ տոնով ասաց, թե քո շատ պետքն է, որ այդպես նայում ես, իսկ ջուրը հոսում էր այն շենքի նկուղը, որտեղ նրանք են ապրում: Ահա այսպես, մեր շենքի նկուղը ջուր է լցվում, իսկ մենք մտածում ենք մեր բնակարանի գեղեցկության մասին, չմտածելով, որ փթում են մեր ընդհանուր տան, մեր երկրի հիմքերը: Իսկ ամենասարսափելին այն է, որ շատերն էլ մտածում են, թե հենց տեսնենք, որ շենքը քանդվում է կգնանք Ռուսաստան, Մոլդովա, Ամերիկա եւ նույնիսկ Ուզբեկստան: Սա ազգային մեծագույն ողբերգություն է, երբ հայի համար միեւնույնն է, թե կապրի Հայաստանում, թե արտերկրում:
Վիլյամ Սարոյանը, երբ առաջին անգամ Հայաստան այցից հետո վերադարձավ Ֆրեզնո, ցավով գրեց, որ Հայաստանում հայն ապրում է այնպես, ինչպես կապրեր Ամերիկայում, Ֆրանսիայում կամ Ռուսաստանում: Ժամանակն է, որ մենք սովորենք ապրել Հայաստանում:

Գեղամ Նազարյան

http://top-news.am/index.php?newsid=9483&ng=11&nt=1

Այս խորագրի վերջին նյութերը