Քաղաքական

11.06.2012 11:22


Փորձագետ. «Հասարակությունն ունի՛ այնքան ներուժ, որ քվեարկի այնպես, ինչպես ուզում է»

Փորձագետ. «Հասարակությունն ունի՛ այնքան ներուժ, որ քվեարկի այնպես, ինչպես ուզում է»

Ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ 2013թ. նախագահական ընտրությունների հնարավոր զարգացումների մասին դեռևս վաղ է խոսելը, քանի որ մինչև նոյեմբեր–դեկտեմբեր ամիսները կարող են, ինչպես ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն, այլ քաղաքական կուսակցությունները, այնպես էլ արտաքին ուժերը, բավականին ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա։

–Իհարկե, կարևոր է նաև՝ ի՞նչ թեկնածուներ կառաջադրվեն, բայց ավելի շատ բան կախված է, թե արտաքի՛ն քաղաքականության բնագավառում ինչպիսի՞ փոփոխություններ կլինեն։ Երբ Հիլարի Քլինթոնը եկավ, խոսեց Ղարաբաղի հարցի արագացման, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ Աշնանն էլ, հավանաբար, Ռուսաստանը ավելի ակտիվորեն կբարձրացնի Հայաստանի մաքսային միության և Եվրազեսին ինտեգրվելու հարցը,–«7օր»–ին ասել է Ա. Բադալյանը։

Նա ընդգծել է, որ դրսի գործոնները շատ ավելի կարևոր են, քան հասարակության գործոնը.

–Մայիսի 6–ի միջոցառման ժամանակ հստակեցվեց, որ հասարակությունն ունի՛ այնքան ներուժ, որ քվեարկի այնպես, ինչպես ուզում է, բայց չունի՛ այն պոտենցիալը, որպեսզի տեր կանգնի ճշմարտությանը՝ պայքարի կեղծիքների դեմ։ Այսինքն՝ տեր չի կանգնում ձայներին և եթե քվեարկում է մի ձևով, բայց արդյունքը լինում է մեկ այլ ձևով, չի պայքարում դրա համար։ Հասարակության մրցունակությունը գնալով բավականին թուլանում է, իսկ երբ հասարակության մրցունակությունը թուլանում է, արտաքին ուժերի ազդեցությունը նույն հասարակության վրա ուժեղանում է։ Դրանք ուղիղ համեմատական են։ Որքան թույլ է հասարակությսւնը, այնքան ուժեղ է արտաքին ուժերի ազդեցությունը։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը