Լրահոս

12.06.2012 11:26


Բաց նամակ վարչապետին

Բաց նամակ վարչապետին

Երևանի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցների և Սայաթ-Նովա պողոտայի բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Հարգելի պարոն վարչապետ,

Ցավոք, Ձեզ ուղղված վերջին նամակի պատասխանը, որը ստացանք Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Լ. Հակոբյանից, չէր պարունակում մեզ հուզող հարցերի պատասխանները: Դրանք ստանալու ակնկալիքով մենք այսուհետ որոշել ենք ընտրել բաց նամակներ հրապարակելու ճանապարհը, քանի որ պատկան մարմիններին մեր բազմաթիվ դիմումներին ստացվել են միայն ձևական պատասխաններ: Բացի այդ, հանրությունը, որի «բացառիկ գերակա շահից» ելնելով է նախատեսվում մեր բակի էլիտար շենքի կամ շենքերի շինարարությունը, պետք է որ հնարավորություն ունենա ևս հաղորդակից լինելու մեր պահանջներին և իրավասու մարմինների արձագանքին:
Դժվար չէ հասկանալ, թե ինչու բացառիկ գերակա հանրային շահի թիրախ ընտրվեց մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղակայված մեր բակը և այստեղ գտնվող ոստիկանության թիվ 1 մանկապարտեզը, որը քանդվեց և օտարվեց` խախտելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը: Առավել ևս, եթե «Ավագ Շին»-ի կողմից կառուցվելիք բազմահարկ, բազմաֆունկցիոնալ բնակելի շենքից մոտ 1800 քմ տարածք է հատկացվելու ոստիկանությանը: Անհասկանալի է այլ բան` ինչու պետք է արդյունքում տուժեն այս «ոստիկանապատկան» տարածքը շրջապատող շենքերի բնակիչները: 
Արդեն այսօր, չնայած ամառվա տապին, մի քանի հազար մարդ ստիպված է ապրել փակ պատուհաններով, ինչը, սակայն, չի փրկում նրանց շինարարության արդյունքում բարձրացող աղմուկից և փոշուց: Իսկ շինարարության ավարտին էլ նրանք զրկվելու են լույսից, օդից, առանց ավելորդ աղմուկի ապրելու հնարավորությունից: 


Պաշտոնական ատյանները պնդում են, որ այժմ բակային տարածքը չի համապատասխանում քաղաքաշինական և հակահրդեհային նորմերին: Մինչդեռ հասկանալի չէ, թե ավելացնելով բնակեցման խտությունը մի տարածքում, ուր շենքերի մուտքերը դուրս են գալիս դեպի բակ, ինչպես կարելի է ապահովել մարդկանց տարհանումը հրդեհի կամ այլ խոշոր աղետների դեպքում` խուսափելով հրմշտոցից և ավելորդ զոհերից:

1988թ. ավերիչ երկրաշարժից հետո մասնագետները կանխատեսում էին Երևանում ևս նման աղետի կրկնման հնարավորությունը: Այն առավել հավանական է թվում վերջին շրջանում մեր տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության կտրուկ բարձրացման պայմաններում: Մեր բակային տարածքում շինարարության հետ կապված մեր դիմումին ստացված ՍՊԱԾ պատասխանում նշվում է, որ Նալբանդյան 106/1-ի հարևանությամբ գտնվող բոլոր շենքերը կառուցվել են 1988թ. երկրաշարժից առաջ, չեն համապատասխանում սեյսմիկ շինարարության այսօրվա նորմերին և ամրացման կարիք ունեն: Սակայն փոխարենը 5-հարկանի շենքերի հարևանությամբ բարձրահարկ է կառուցվում, ինչն էլ ավելի է մեծացնում երկրաշարժի դեպքում մեր շենքերի փլուզման վտանգը: 

Պարոն վարչապետ, վերջերս Բրյուսելում Դուք հայտարարեցիք, որ Հայաստանը նախընտրում է զարգացման եվրոպական ուղին: Կարծում ենք, դա նշանակում է ոչ միայն եվրոպական ներդրումներ մեր երկրի տնտեսության մեջ, այլև մարդու այնպիսի տարրական իրավունքների պաշտպանության ապահովում, ինչպիսիք են անվտանգ և առողջ ապրելու իրավունքը: Համոզված ենք, որ ցանկության դեպքում կառավարությունը կարող է վերանայել հերթական «էլիտարը» կառուցելուն ուղղված իր որոշումը՝ հատկապես հաշվի առնելով կենտրոնի կետային կառուցապատման դադարեցման անհրաժեշտության մասին Ձեր հայտարարությունները:

Այս խորագրի վերջին նյութերը