Կարծիք

21.06.2012 18:15


Մենք ոչ նավթ ունենք, ոչ էլ հեզ եւ անողնաշար ժողովուրդ

Մենք ոչ նավթ ունենք, ոչ էլ հեզ եւ անողնաշար ժողովուրդ

Որեւէ մեկին որեւէ պաշտոնում նշանակելուց առաջ պետք է հենվել ոչ միայն նրա դիպլոմի, գիտելիքների կամ խոսքերի վրա: Անչափ կարեւոր է ճշտել այդ մարդու բնավորությունն ու էությունը, հատկապես եթե խոսքը վերաբերում է բարձր պաշտոնի մասին, իսկ վարչապետի պաշտոնը Հայաստանում, մեղմ ասած, այնքան էլ ցածր աթոռ չէ:

Ամեն անգամ լսելով Տիգրան Սարգսյանի դատողություններն այս կամ այն հարցի վերաբերյալ ոչ միայն հասկանում ես, որ որպես տնտեսագետ նա «Ճ» կարգի է, այլ նաեւ համոզվում, որ նման բնավորության տեր մարդուն կիլոմետրերով մոտ անգամ չպետք է թողնել պետական կառավարման համակարգին:

Ցանկացած մարդ էլ կարող է սխալվել, բայց նորմալ մարդիկ ընդունում են իրենց սխալը և հետեւություններ անում: Բացի այդ, պետական բարձր պաշտոնյան պետք է պարկեշտություն ունենա գոնե չհրաժարվելու սեփական խոսքերից: Ինչեւէ, հերթական անգամ ստիպված լինելով լսել Տիգրան Սարգսյանի դատողությունները, մեկ անգամ եւս հասկացանք, թե ինչու է այսքան թշվառ մեր երկիրը:

Դեռ Ազգային ժողովում քննարկումները չսկսված նա հասցրեց հայտարարել, թե ճգնաժամից Հայաստանն ուժեղացած է դուրս եկել: Հիմա փորձեք ձեզ ստիպել եւ մտածել, թե մարդ ինչ աստիճան պետք է ցինիկ, ինքնահավան, ինքնասիրահարված լինի, որ նման միտք հայտնի: Հետո երբ պատահմամբ ծանոթացա նրա հայտարարագրին, պարզ դարձավ, որ ճգնաժամից հետո Տիգրան Սարգսյանը կտրուկ հարստացել է: Այսինքն, նա ճգնաժամից ուժեղացած է դուրս եկել: Այստեղ մնում է, որ նա հայտարարի, թե պետությունը հենց ինքն է:

Իսկ երբ նման մարդուն վստահում են վարչապետի աթոռը այն էլ տարիներ շարունակ, ավելի քան պարզ է, թե ինչու է աճում աղքատության մակարդակը, ինչու են մարդիկ արտագաղթում, ինչու են փակում կամ արտերկիր տեղափոխում իրենց բիզնեսները: Հիմա արդեն պարզ է, որ առնվազն մինչեւ նախագահական ընտրություններ, այսինքն այնքան ժամանակ, որքան վարչապետի պաշտոնում կմնա Տիգրան Սարգսյանը, անկումը կշարունակվի, իսկ թղթի վրա կգրանցենք աճ, կկառուցենք տեխնոպարկեր եւ միջտիեզերական գիտական կենտրոններ:

Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք: Եթե վարչապետը Տիգրան Սարգսյանն է, եթե նա է ղեկավարում տնտեսությունը, եթե գործող նախագահը այս ամենից հետո շարունակում է նրան վստահել, ապա պետք է միայն աղոթենք, որ ամբողջովին չկործանվենք, որ հետո հենք ունենանք այս ամենը շտկելու համար:

Եթե Տիգրան Սարգսյանն ասում է, թե անկման պատճառը տնտեսությունում շինարարության ծավալների տեսակարար մեծ կշիռն է եղել, ապա քննարկումներն անիմաստ են: Նա պատկանում է մարդկանց այն խմբին, որոնք ոչ մի կերպ չեն ընդունում իրենց սխալը եւ հակված են անհաջողությունները կապել բոլորի, ամեն ինչի հետ, բայց ոչ իրենց եւ իրենց քայլերի: 

Եթե Տիգրան Սարգսյանը ծառ մշակի եւ այն գրեթե չորացնի, ապա երբեք չի ընդունի, որ սխալ պարարտանյութ է տվել կամ ոչ ճիշտ ջրել, այլ կհայտարարի, որ եթե ինքը չլիներ, ապա ծառն ավելի շուտ կչորանար: Իսկ պատգամավորները Ազգային ժողովում նրան դեռ հարցեր են տալիս, այն դեպքում, երբ գիտեն թե ինչ պատասխաններ են ստանալու: Եթե հարցեր տալու իմաստն այն է, որ մեկ անգամ եւս բացահայտեն նրա էությունը, ապա դա այլ հարց է, բայց միեւնույն ժամանակ ո՞վ չի ճանաչում Տիգրան Սարգսյանին:

Եթե նրան ասում են, թե ինչու արտոնություններ չեն տրամադրվում ադրբեջանցի դիպուկահարների կրակի տակ գտնվող գյուղերին, իսկ նա հանգիստ նայում է պատգամավորներին, ասելով, թե դեմ է արտոնություններին եւ կողմ այնտեղ իրականացվող շահավետ ծրագրերի իրականացմանը, ապա պետք է որ հասկանանք, որ գործ ունենք մի մարդու հետ, որը շարունակում է քահ-քահ ծիծաղել մի ամբողջ երկրի եւ ժողովրդի վրա:

Իսկապես, եթե նա հաջողությամբ վաճառեց Հայաստանի ոսկու պաշարները եւ ոչ մի պատասխանատվության չենթարկվեց, եթե մի օրում դոլարի եւ դրամի փոխարժեքի հետ այնպիսի խաղեր տվեց, որ երկրի 98 տոկոսը տուժեց եւ որեւէ պատասխանատվության չենթարկվեց, ապա նա իրավունք ունի ծիծաղելու մեզ վրա:

Եվ վերջին հաշվով, այստեղ այնքան Տիգրան Սարգսյանը չէ մեղավոր, որքան նրան այդ պաշտոնին նշանակողը: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը գոհ է տնտեսության անկումային վիճակից, արտագաղթից, տնտեսվարողների թվի կրճատումից, գործազուրկների բանակի ավելացումից: Եթե դժգոհ չլիներ, ապա առնվազն պետք է պաշտոնանկ աներ Տիգրան Սարգսյանին, բայց նա նրանց կրկին վարչապետի պաշտոն նվիրեց: Այստեղ ուզես, թե չուզես մեկ անգամ եւս հասկանում ես, որ  Հայաստանը ղեկավարող ուժը ցանկանում է Հայաստանը վերածել ճորտատիրական պետության, ընդ որում, պայմանով, որ լինի ընդամենը մեկ ֆեոդալ: Բայց այդ ուժը մոռանում է, որ աշխարհը փոխվել է արդեն շատ վաղուց եւ մեկ առանձին վերցրած երկրում ոչ միայն կոմունիզմ, այլ ճորտատիրական համակարգ հնարավոր չէ կառուցել: Իսկ եթե ոմանց ոգեւորել է Թուրքմենստանի կամ Հյուսիսային Կորեայի օրինակը, ապա հուշենք, որ մենք ոչ այդքան նավթ ունենք, ոչ էլ գազ, ոչ էլ այդքան հեզ ժողովուրդ:

Վարդան Մխիթարյան  

Այս խորագրի վերջին նյութերը