Քաղաքական

25.06.2012 14:23


Գալուստ Սահակյան. «Հայաստանի խորհրդարանական կյանքում նոր բնորոշիչ առաջացավ. դա այն է, ինչ այսօր անում է ԲՀԿ–ն»

Գալուստ Սահակյան. «Հայաստանի խորհրդարանական կյանքում նոր բնորոշիչ առաջացավ. դա այն է, ինչ այսօր անում է ԲՀԿ–ն»

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ քաղաքական ընդդիմությունը պետք է քննադատի, իսկ իշխանությունն էլ համապատասխան եզրահանգումներ պետք է անի.

–Պետք է հասկանանք, որ ընդդիմությունը պետք է քննադատի, իշխանություններն էլ պիտի կարողանան այդ քննադատությունը շատ հանդուրժող կերպով ընդունել և ինչ–որ չափով եզրակացություններ անել այդ ամենից։ Մոդելը դա է։ Մենք երբեք չենք ասել՝ մեզ մի քննադատեք։

Բանախոսն ընդհանուր առմամբ դրական է գնահատել նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ տեղի ունեցած քննարկումները։

–Թե՛ Կառավարության ծրագրի հաստատման գործընթացներում, թե՛ արտահերթ նիստում հասկանալի դարձավ, որ սա իրոք մեզ և ժողովրդի համար հասկանալի դեբատների մի ամբիոն կլինի, և դա մենք շատ ենք կարևորում,–նշել է Սահակյանն ու հավելել, որ խոսքը երևույթների քննադատության մասին է, ոչ թե՝ անձերի։

Գալուստ Սահակյանն ընդունել է, որ իշխանությունների հասցեին հնչող քննադատության մեջ  ճշմարտություն կա.

– Իհարկե, քննադատությունների ընդերքում կա նաև ճշմարտություն։

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական գործելաոճին, այլընտրանք ներկայանալու միտումին՝ Սահակյանը նշել է, որ ԲՀԿ–ի կեցվածքը շատ դրական է գնահատում ու հավելել.

–Նորանկախ Հայաստանի խորհրդարանական կյանքում նոր բնորոշիչ առաջացավ. դա այն է, ինչ այսօր անում է ԲՀԿ–ն։ Այն, ինչ հարիր է իրենց ռազմավարությանը։ Բնականաբար, ցանկացած դեպքում համագործակցում  են դրա շուրջ բոլորի հետ։ Իսկ այն խնդիրները, որոնք հարիր չեն իրենց ռազմավարությանը, բնականաբար, պետք է քննադատեն։ Սա նոր մոդել է։ Եվ ընդհանրապես, մեր խորհրդարանական կյանքում մենք բավական դրական զարգացումներ ենք տեսնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը