Լրահոս

09.07.2012 16:33


Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ

Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ`  ԴԱՀԿ ծառայության` Լոռու մարզային բաժնի նախկին հարկադիր կատարող Ա. Շախկուլյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ:

ԴԱՀԿ ծառայության` Լոռու մարզային բաժնում  կատարված չարաշահումների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ԴԱՀԿ  ծառայության հիշյալ բաժնի աշխատակից Ա. Շախկուլյանը քաղաքացի Վ. Հովհաննիսյանից 249 766 դրամ հօգուտ բանկի բռնագանձելու նպատակով վերջինիս շարժական գույքի, այդ թվում` կահույքի, ավտոմեքենայի եւ այլ գույքերի առկայության պայմաններում, բռնագանձումը տարածել է սեփականության իրավունքով պատկանող, Վանաձոր քաղաքում գտնվող բնակարանի վրա եւ այն իրացրել:

Մասնավորապես` Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010թ. հոկտեմբերի 15-ին հարուցած կատարողական վարույթի շրջանակներում իրականացրած կատարողական գործողությունների ընթացքում Ա. Շախկուլյանը խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջը, համաձայն որի` կատարողական գործողությունների ընթացքում  բռնագանձումն առաջին հերթին տարածվում է  ֆիզիկական անձանց շարժական գույքի վրա: 

Արդյունքում` Վ. Հովհաննիսյանին պատճառվել է 7 289 000 դրամի վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն կատարելու համար:

 

Այս խորագրի վերջին նյութերը