Լրահոս

09.07.2012 17:12


Քննարկվել է Թավրիզ-Երևան օդային հաղորդակցության հաստատման հարցը

Քննարկվել է Թավրիզ-Երևան օդային հաղորդակցության հաստատման հարցը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետը ողջունելով հյուրերին` վստահություն հայտնեց, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված կոնկրետ հարցեր:

Նշելով, որ երկու երկրներն ունեն ջերմ եւ դինամիկ զարգացող հարաբերություններ, փոխվարչապետը նկատեց, որ տարեց տարի աճում է նաեւ ապրանքաշրջանառության ծավալը, եւ այն մի քանի անգամ ավելացնելու մտադրություն կա: «Երկկողմ հարաբերությունների օրակարգում ունենք բավականին հավակնոտ ծրագրեր` սկսած Արաքս գետի վրա ՀԷԿ-ից մինչեւ Իրան- Հայաստան երկաթգծի կառուցում: Այդ ծրագրերի իրականացումը երկու երկրներում նաեւ տնտեսական զարգացման լուրջ խթան կարող է լինել, դրանք նաեւ տարածաշրջանային կարեւոր նշանակություն ունեն»,-նշեց փոխվարչապետը:

Անդրադառնալով ապակենտրոնացված մակարդակով համագործակցությանը` Ա. Գեւորգյանը դրական համարեց ձեւավորված փոխգործակցությունը` միաժամանակ նշելով, որ առկա է այդ ձեւաչափով կապերի խորացման մեծ ներուժ: «Հայաստանի կառավարությունը տրամադրված է խրախուսել նման հարաբերությունների զարգացումը, քանի որ այս ձեւաչափը հնարավորություն է ընձեռում կոնկրետ մակարդակում բազմակողմ գործակցություն ծավալել» ,-նշեց Ա. Գեւորգյանը:

ԻԻՀ ներքին գործերի նախարարը եւս ընդգծեց երկու երկրների միջեւ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները` նշելով, որ առկա են տնտեսական զարգացման լայն հնարավորություններ: Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած պատվիրակության կազմում են նաեւ Արեւմտյան եւ Արեւելյան Ատրպատականների նահանգապետերը, ովքեր այցի ընթացքում գործընկեր մարզպետների հետ կքննարկեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Բացի այդ, Հայաստանի մարզերի հետ փոխգործակցելու պատրաստակամություն են հայտնել Իրանի մի քանի այլ նահանգներ:

Երկուստեք կարեւորվեց անհրաժեշտ պայմանների ստեղծումը` հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման համար: Դրան կնպաստի նաեւ մաքսային ոլորտում համագործակցությունը:

Անդրադարձ եղավ վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում նկատվող ակտիվությանը: Փոխվարչապետը նշեց, որ կառավարությունը մասնավոր հատվածի հետ համագործակցաբար հետեւողական աշխատանքներ է իրականացնում զբոսաշրջիկների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծման ուղղությամբ` ինչպես ենթակառուցվածքների զարգացման, այնպես էլ սահմանային անցակետերի արդիականացման առումով: 

Կողմերը փոխգործակցության զարգացման համար հեռանկարային համարեցին նաեւ գյուղատնտեսության, անասնաբուծության, ՏՏ ոլորտում համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում Արեւմտյան եւ Արեւելյան Ատրպատականների նահանգապետերը ներկայացրեցին համագործակցության ներկա մակարդակն ու հեռանկարները, առաջարկ եղավ նաեւ քննարկել Թավրիզ-Երեւան օդային հաղորդակցության հաստատման հարցը:

Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը