Լրահոս

24.07.2012 17:02


ՊԵԿ նախագահը ծանոթացել է ուսումնական կենտրոնի մաքսային մասնաճյուղի աշխատանքներին

ՊԵԿ նախագահը ծանոթացել է ուսումնական կենտրոնի մաքսային մասնաճյուղի աշխատանքներին

Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների կարևոր ուղղություններից  է կադրային քաղաքականությունը: Կարևորելով յուրաքանչյուր հարկային և մաքսային ծառայողի դերը, ՊԵԿ-ը ներդրել է անձնակազմի կանոնավոր և համապարտադիր ուսուցման մեխանիզմ: Համակարգի կադրերի շարունակական վերապատրաստման գործառույթը հիմնականում վերապահված է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղակայված ՊԵԿ նորաստեղծ  ուսումնական կենտրոնին:  Ուսումնական գործընթացներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով դասընթացներն անցկացվում են նաև Արաբկիրի հարկային տեսչության շենքում տեղակայված «Ուսումնական կենտրոն»-ի մասնաճյուղում: Իսկ մաքսային ծառայողները տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք են բերում Արարատյան տարածաշրջանային մաքսատան շենքում տեղակայված մաքսային մասնաճյուղում:

Նորաստեղծ կառույցի աշխատանքներին ծանոթանալու նպատակով կենտրոն էր այցելել կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նա շրջել է ուսումնական կենտրոնում, հետևել գործնական պարապմունքներին, զրուցել նաև  դասընթացների մասնակիցների հետ: Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ մաքսային ուսումնական կառույցի գործարկմամբ ամբողջանում է Երևանի ուսումնական կենտրոնը, որի նպատակն է` բարձրացնել համակարգում աշխատակիցների կրթական մակարդակը. «Ցանկանում ենք համակարգը համալրել որակյալ կադրերով: Մենք համոզված ենք և նաև հետևողական ենք լինելու, որ ուսումնական կենտրոնում կադրերը վերապատրաստվեն միջազգային չափանիշներին համապատասխան: Միաժամանակ խնդիր է դրված օտար լեզուների իմացությունը դարձնել առաջնահերթ»:

Հաշվի առնելով, որ մաքսային արժեքի որոշման, ինչպես նաև հետբացթողումային հսկողության ոլորտները համարվում են մաքսային ծառայության գերակայություններից, կոմիտեի նախաձեռնությամբ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետի մասնակցությամբ հուլիսի 24-ից 26-ը մաքսային ուսումնական կենտրոնում մեկնարկել է դասընթաց` նվիրված մաքսային արժեքի որոշման և հետբացթողումային հսկողության ժամանակակից ընթացակարգերին: Եռօրյա աշխատաժողովի ընթացքում Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետ Յան Կրեմերը դասախոսությամբ կներկայացնի մաքսային արժեքի որոշման և հետբացթողումային հսկողության ժամանակակից ընթացակարգերը և միտումները, ինչպես նաև այդ ոլորտների միջազգային փորձը: Աշխատաժողովի ընթացքում կանցկացվեն նաև գործնական վարժություններ, ինչը հնարավորություն կտա մաքսային արժեքի որոշման և հետբացթողումային հսկողության մասնագետներին կատարելագործել իրենց գիտելիքները և ձեռքբերել նոր հմտություններ: Ի դեպ, ուսումնական կենտրոնի մաքսային մասնաճյուղի լսարանները վերազինված են ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչպես օրինակ ,Ռապիսկանե սարքավորումներով, որոնք կիրառվում են մաքսային զննման ամբողջ գործընթացում:  Մաքսային մասնաճյուղի լսարաններում ևս առավելագույն հարմարավետ պայմաններ են  ստեղծված ուսումնական գործընթացների համար, ինչն էապես կնպաստի  հսկողական աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը և գործնական հմտությունների մակարդակի բարձրացմանը:  

Ինչպես բազմիցս նշել է ՊԵԿ ղեկավարությունը, ուսումնական գործընթացները մշտապես կոմիտեի տեսադաշտում են. տնտեսագիտական համալսարանի հենքի վրա ներդրվել է եռաստիճան ուսումնական ծրագիր: ՊԵԿ-ՀՊՏՀ համագործակցությամբ բուհում արդեն իսկ հարկային և մաքսային ոլորտների մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական ծրագիր է իրականացվում: Այսպիսով, Երևանի, շուտով նաև Դիլիջանի ուսումնական կենտրոնների գործարկմամբ ավարտին կհասցվի ՊԵԿ-ի եռաստիճան ուսումնական ծրագիրը, որի շնորհիվ արդեն նոր մոտեցում է ներդրվում ՊԵԿ կադրային քաղաքականությունում:

         ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Այս խորագրի վերջին նյութերը