Լրահոս

25.07.2012 17:18


Մարիամ Գևորգյանի դատավարության մասին

Մարիամ Գևորգյանի դատավարության մասին
1
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի` նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, վարույթում է քննվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հայկանուշ Սուրիկի Միքայելյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով /առանձին դաժանությամբ խոշտանգում/:
Հայկանուշ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս իր որդու հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող երկու կանանց տարբեր տարիներին առանձին դաժանությամբ, սիստեմատիկաբար դիտավորությամբ հարվածներ է հասցրել, պատճառել ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ` այդ թվում, մարմնական վնասվածքներ:
2012թվականի մայիսի 29-ին դատարանը, քննության առնելով ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը` քրեական գործով դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին, որոշում է կայացրել քրեական գործի դատական քննությունն ամբողջությամբ դռնփակ դատական նիստում անցկացնելու մասին, թեև այն հանգամանքին, որ տուժող Մարիամ Գևորգյանն առարկել է միջնորդության դեմ և խնդրել անցկացնել գործի դռնբաց դատական քննություն:
Դատարանն, իր որոշման մեջ հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածին, պատճառաբանել է, որ սույն քրեական գործը վերաբերվում է անձնական և ընտանեկան կյանքին, անձի պատվին և արժանապատվությանն առնչվող հանցագործություններին և դռնփակ դատական քննություն անցկացնելու դեպքում դա չի վնասի արդարադատության իրականացմանը կամ
չի հանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը:
Մինչդեռ, նշված հոդվածի պահանջների վերլուծությունից հետևում է, որ դատարանի` գործի դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված և պարունակի հիմնավորումներ դռնփակ դատական քննություն անցկացնելու համար բավարար հիմքերի միաժամանակյա առկայության մասին: Տվյալ դեպքում դատարանն իր որոշմամբ պետք է հիմնավորեր, որ. առաջին. դատարանի վարույթում քննվում է անձնական և ընտանեկան կյանքին, անձի պատվին և արժանապատվությանն առնչվող հանցագործությունների վերաբերյալ գործ: Ընդ որում, անգամ այն հանգամանքը, որ քրեական գործն առնչվում է անձնական և ընտանեկան կյանքին, անձի պատվին և արժանապատվությանը, դեռևս չի կարող հիմք հանդիսանալ տվյալ գործով դռնփակ դատական քննություն իրականացնելու համար, եթե այն չի շոշափում անձնական և ընտանեկան կյանքի ոլորտում ինտիմ հարաբերություններ, չի պարունակում իր մեջ անձնական կամ ընտանեկան գաղտնիք:
երկրորդ. գործի դռնփակ դատական քննության անցկացումը չի վնասի արդարադատության իրականացմանը կամ չի հանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը: Նման պայմաններում, սույն գործով դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին
դատարանի 29.05.2012 թվականի որոշումը ոչ միայն պատճառաբանված չէ, այլև չի
պարունակում որևէ հիմնավորումներ այն մասին, թե ինչից ելնելով է դատարանը
2
հետևություն արել, որ դռնփակ դատական քննության անցկացումը չի վնասի արդարադատության իրականացմանը կամ չի հանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը: Նշված հիմքերից ելնելով տուժող Մարիամ Գևորգյանի կողմից բողոքարկվել է դատարանի` դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին որոշումը, քանի որ դատարանը թույլ է
տվել գործի հրապարակային դատաքննության իրավունքի անհիմն և ոչ իրավաչափ սահմանափակում: Անդրադառնալով Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի կողմից հնչեցված այն տեսակետին, թե սույն քրեական գործով բողոքի ակցիաների կազմակերպումն ու իրագործումը ոչ միայն իմաստազուրկ է, այլ նաև որոշ դեպքերում կարող է դիտարկվել որպես դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու միջոց, նշեմ, որ ներկայումս ներպետական օրենսդրությամբ նախատեսված են մի շարք երաշխիքներ, որոնք նպատակ ունեն ապահովելու արդարադատություն իրականացնելիս դատավորի
անկախության ու միայն օրենքին ենթարկվելու սկզբունքի իրագործումը: Ավելին, նման տեսակետով Ա.Բաբայանը, որպես ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչ և պաշտոնյա, ինքն առաջինն է կասկածի տակ առել դատավորի կողմից օրենքի պահանջների, մասնավորապես, արդարադատություն իրականացնելիս դատավորի անկախության և անկողմնակալության, հասարակական կարծիքի ազդեցությունից և քննադատված լինելու մտավախությունից ազատ լինելու պահանջների պահպանումը:
Այլ կերպ ասած, Ա. Բաբայանը մտավախություն է հայտնել այն մասին, որ դատավորը կոնկրետ գործով այս կամ այն բովանդակության դատական ակտ կարող է կայացնել քննադատված լինելու մտավախությունից ելնելով կամ կողմնակի ազդեցությունների ճնշման
տակ:
Ինչ վերաբերվում է վերջինիս այն հայտարարություններին, թե տուժողի փաստաբան ներկայացուցիչը բազմիցս հրապարակել է այնպիսի տեսակետներ, որոնցով խախտվել է ամբաստանյալի անմեղության կանխավարկածը և որ փաստաբանն արդարադատություն պետք է պահանջի ոչ թե շոուների միջոցով, այլ մասնագիտական գիտելիքների օգտագործմամբ, ապա խորհուրդ կտայի, որպեսզի նման հայտարարություններ անելուց առաջ Ա.Բաբայանը համապատասխան փաստերով և ապացույցներով հիմնավորեր իր տեսակետները (որպիսիք, ի դեպ, առկա չեն): Պաշտոնյայի նման գործելաոճը ոչ միայն հարիր չէ ՀՀ դատաիրավական համակարգի աշխատակցին, այլև տեղիք է տալիս մի շարք հիմնավոր կասկածների, թե միգուցե նման ճանապարհով վերջինս` ի դեմս որոշակի կառույցի, ինքն է փորձում, այսպես ասած, «ճնշում գործադրել դատարանի և դատավորի վրա և վերջինիս թելադրել իր կամքը»:
Բացի այդ, անհասկանալի է, թե Ա.Բաբայանը, տվյալ դեպքում, ինչ է հասկանում «շոու» ասելով և ինչն է գնահատում որպես «շոու»: Եթե «շոու» հանդիսանում է այն, որ տուժող Մ.Գևորգյանը, նրա հարազատները և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ հանդես են գալիս այս գործով հրապարակային դատաքննություն իրականացնելու պահանջով, ապա, ի գիտություն, նշեմ, որ գործի հրապարակային քննության սկզբունքն` ի թիվս այլնի, ոչ միայն կարևոր երաշխիք է օրինական և հիմնավորված դատական ակտերի կայացման համար, այլև ունի դաստիարակչական նշանակություն գործի քննությանը ներկա գտնվող հասարակության անդամների իրավագիտակցության բարձրացման, դատական իշխանության և արդարադատության հանդեպ վստահության ձևավորման և ամրապնդման հարցում: Նշվածի մասին վկայում է նաև ՀՀ դատավորի վարքագծի 2-րդ կանոնում ամրագրված իրավական դրույթն այն մասին, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի, համոզիչ և ընկալվի որպես արդարության հաստատում: 
ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Նոնա Գալստյան 
Այս առումով կարևորելով գործի դատական քննության հրապարակայնության սկզբունքի դերն ու նշանակությունն արդարադատության մատչելիության և թափանցիկության ապահովման գործում, գտնում ենք, որ այն միաժամանակ հանդիսանում է դատավորների անկախության և միայն օրենքին ենթարկվելու սկզբունքի կարևոր երաշխիք, գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության, օրինական և հիմնավորված դատական ակտերի կայացման նախադրյալ, ինչպես նաև ունի դաստիարակչական նշանակություն դատավարության մասնակիցների, գործի դատական քննությանը ներկա գտնվող հասարակության անդամների և զանգվածային լրատվության միջոցների կողմից օրենսդրության նորմերի պահպանման, իրավագիտակցության բարձրացման, դատական իշխանության և արդարադատության հանդեպ վստահության ձևավորման և ամրապնդման հարցում:

Այս խորագրի վերջին նյութերը