Հարցազրույց

27.07.2012 09:59


Էդուարդ Զորիկյան

Էդուարդ Զորիկյան

Հարցազրույց պոետ, երգահան, հեղինակ-կատարող, սցենարիստ և բեմադրիչ Էդուարդ Զորիկյանի հետ

Աշխարհն ինքնին փոփոխական է։ Ձեր տեսանկյունից՝ Հայաստանում ի՞նչ է փոխվել, և ո՞ւր ենք գնում։

Ոչինչ չի փոխվել: Առայժմ դոփում ենք կոռուպցիայի ճահճի մեջ ու գնալով ավելի խոր ենք սուզվում: Առայժմ բոլոր միջոցներն ուղղված են հնարավորինս գռփելուն ու, համապատասխանաբար, ժաղովրդի աչքին ավելի շատ թոզ փչելուն: Իսկ թե ուր կտանի մեզ այս ճանապարհը, եթե, իհարկե, դա կարելի է ճանարահ համարել, կարծում եմ` մեկնաբանության կարիք չկա։

Մեր երկիր ժամանած մարդկանց առաջին իսկ տպավորությունն այն է, թե Հայաստանում կյանքի ռիթմը կանգնած է։ Համամի՞տ եք։ Ո՞րն է դրա պատճառը։

Համամիտ եմ: Պատճառը, կարծում եմ, այն է, որ ստրուկները սովորաբար աշխատելու ցանկություն չեն ունենում, և բնականաբար՝ վայելելու հնարավորություն էլ չունեն, (ազատություններն ու օրենքներն առայժմ բաց թողնենք): Ի՞նչ կյանքի ռիթմի մասին է խոսքը։

–Հայաստանում ոսկի երիտասարդություն հասկացությունը գոյություն ունի՞։

–Ուղղակի երիտասարդություն: Ունի, ունեցել է և ունենալու է: Բայց եկեք մտածենք, թե ինչ ենք մենք անում այդ երիտասարդության հետ, ասել է թե՝ Երկրի ապագայի հետ, ու ինչո՞ւ ենք ստեղծում այսպիսի պայմաններ, որ երիտասարդը երազի օր առաջ դուրս պրծնել այս ճահճից: Նույնիսկ ամենաբարձր պաշտոնյաների զավակներն այսօր չեն ուզում ու չեն ապրում  Հայաստանում։

–Արդյոք ազգակցական և այլ կապերով առաջ գնացող երիտասարդները ճաշակ և այլ բարքեր թելադրո՞ղ են։

Ոչ: Կարծում եմ, որ ճաշակն ու բարքերը նրանց թելադրում են վերևից: Խամաճիկը չի կարող ինքնուրույն քայլել, էլ չեմ ասում՝  քայլել սովորեցնել: Հենց կտրեցիր դեպի վեր գնացող այդ կապերը, նա գետնին է տապալվելու:

Ե՞րբ է Հայաստանում ստեղծված հոռի գործելակերպը վերանալու։

Երբ կարողանանք կտրել Երկրի բյուջեից դեպի իրենց գրպանները տանող հարյուրավոր ձեռքերը։

Այսօր բազմաթիվ հասարակական շարժումների ենք ականատես լինում։ Ըստ Ձեզ՝ ե՞րբ դրանք կվերածվեն քաղաքական հոսանքների։

–Կարծում եմ, որ դրանք այսօր էլ են «քաղաքական հոսանքներ», քանզի ֆինանսավորվում են «քաղաքական ուժեր»-ի կողմից, կամ գոնե ուղղորդվում են: Նրանց գոյությունը մեր Երկրում պատրանք է՝ իլյուզիա: Չի կարող լինել շարժում՝ առանց հասարակության, չի կարող լիներ հասարակություն՝ առանց ազատություններով օժտված մարդու: Սա ստրուկների Երկիր է, գուցեև տաղանդավոր, բայց՝ ստրուկների, գուցեև խելոք, բայց՝ ստրուկների, գուցեև ուժեղ, բայց՝ ստրուկների, իսկ ստրուկը չի երազում ազատության մասին, ստրուկը երազում է սեփական ստրուկներն ունենալու մասին:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը 

Այս խորագրի վերջին նյութերը