Լրահոս

03.06.2009 12:53


Վահագն Խաչատրյան. «Մի փոքր ցնցում հակասահմանադրական ճանապարհով, և մենք կպարտվենք»

Վահագն Խաչատրյան. «Մի փոքր ցնցում հակասահմանադրական ճանապարհով, և մենք կպարտվենք»

-Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 31-ին, ընտրություններ համարել չի կարելի։ Հայաստանի Հանրապետությունում արժեզրկվեց և ոչ լեգիտիմ դարձավ հերթական կառույցը, որը կոչվում է քաղաքապետարան, -Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երևանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը։

Նա նաև նշել է, որ ՀԱԿ-ի նպատակը, այն է՝ իշխանափոխություն, դեռևս ուժի մեջ է, սակայն նպատակին հասնելու պայքարը շարունակվելու է սահմանադրական ճանապարհով.

-Մենք այլ ճանապարհ չունենք։ Եթե պետության մեջ նման գործընթացներ են գնում, ապա պետությունը վտանգված է։ Հատկապես՝ Հայաստանի նման պետությունը, որն ունի չավարտված պատերազմ, այսպիսի աշխարհագրական դիրք, այսպիսի հարևաններ։ Մեզ մոտ մի փոքր ցնցում հակասահմանադրական ճանապարհով, և մենք կպարտվենք։ Ու հակառակորդը կհասնի նրան, ինչին հասել է։ Լեռնային Ղարաբաղում մենք հաջողություններ ենք ունեցել հիմնականում այն ժամանակ, երբ Ադրբեջանում քաղաքացիական պատերազմ էր։

Թե որքան ժամանակ կպահանջվի սահմանադրական ճանապարհով ցանկալի արդյունքին հասնելու համար, Վահագն Խաչատրյանը դժվարացավ պատասխանել՝ պարզաբանելով, թե դա կախված է հասարակական տրամադրվածությունից.

-Իմ կարծիքով, քաղաքացին մինչև վերջ չի գիտակցում, թե մենք ինչ ճահճի մեջ ենք թաղված։ Սա այնպիսի գործընթաց է, որ ինքն իրեն կարող է մեծ թափ հաղորդել, և արագ փոփոխություն տեղի կունենա։ Կարող է նաև հակառակը լինել։

Այս խորագրի վերջին նյութերը