Լրահոս

28.07.2012 11:19


Վերաքննիչ բողոքը մերժվել է

Վերաքննիչ բողոքը մերժվել է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արամ և Արթուր Մարտիրոսյանների և Հրաչյա Պետրոսյանի նկատմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2012թ. փետրվարի 23-ի դատավճռի դեմ ամբաստանյալների պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքները:

Վերաքննիչ քրեական դատարանը հիմնավորված է համարել այն, որ 2009 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Արամ և Արթուր Մարտիրոսյանները և Հրաչյա Պետրոսյանը Գավառ քաղաքում վիճաբանել և ծեծի են ենթարկել Վ. Մուխսիխչոյանին:

Այդ դեպքից մի քանի ժամ անց Մարտիրոսյան եղբայրները և Հ. Պետրոսյանը բազմաթիվ կրակոցներ են արձակել Վ. Մուխսիխչոյանի աներոջը` Հակոբ Հովհաննիսյանին պատկանող մեքենայի ուղղությամբ, որում գտնվել են Հակոբ Հովհաննիսյանը իր որդու` Հովսեփ Հովհաննիսյանի հետ և վերջինիս ընկեր Սպարտակ Զարգարաղոյանը, ինչի արդյունքում Հովսեփ Հովհաննիսյանն ու Ս. Զարգարաղոյանը ստացել են կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հրազենային ծանր մարմնական վնասվածքներ:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի`    2012թ. փետրվարի 23-ի դատավճռով Արամ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 13 տարի ժամկետով: Արթուր Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 13 տարի ժամկետով, իսկ Հրաչյա Պետրոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 12 տարի ժամկետով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2012թ. հուլիսի 20-ին որոշում է կայացրել`  պաշտպանների վերաքննիչ բողոքները մերժելու մասին` ուժի մեջ թողնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. փետրվարի 23-ի  դատավճիռը:

Այս խորագրի վերջին նյութերը