Մեկնաբանություն

09.08.2012 12:57


Երբ չեն համընկնում պետության և իշխանության շահերը

Երբ չեն համընկնում պետության և իշխանության շահերը

Իշխանության գալն ու իշխանությունը պահելը քաղաքական ուժերին և քաղաքական լիդերներին բնորոշ ֆունկցիա է։

Դեմոկրատական են համարվում այն պետությունները, որտեղ քաղաքական սուբյեկտներն իշխանության գալիս են լեգիտիմ ընտրությունների միջոցով, իշխանությունը պահում են օրինական ճանապարհով ու հենվելով հանրային վստահության վրա, իսկ իշխանությունից հեռանում են ընտրական մեխանիզմի միջոցով (իշխանությունը զիջելու մշակույթն է, որ շատ դեպքերում տարբերում է դեմոկրատական պետությունը ավտորիտարից)։

Ե՛վ դեմոկրատական, և՛ ավտորիտար երկրներում իշխանության պահպանման լավագույն տարբերակ է համարվում պետության ու իշխանության շահերի համընկնումը։

Երջանիկ են կառավարում բոլոր այն իշխանությունները, որոնք կարողանում են իրենց շահերը ներդաշնակեցնել պետության և հանրության շահերի հետ։

Պետության ու քաղաքացիների գլխին պատուհաս են դառնում այն իշխանությունները, որոնց շահերը հակադրվում են հանրային շահերի հետ։ Սերժ Սարգսյանի պարագայում գործ ունենք այս տարբերակի հետ։

Սերժ Սարգսյանն ու Հայաստանի Հանրապետության շահերը չեն համընկնում

Հայաստանը դեմոկրատական երկիր չէ։ Մեզանում իշխանությունը կառավարում է ավտորիտար մեխանիզմներով, ասել է թե՝ իշխանության գալը և իշխանություն պահելը լրիվ այլ փիլիսոփայությամբ է տեղի ունենում։ Զուտ ֆորմալ առումով իշխանությունը ձևավորվում է ընտրական գործընթացի միջոցով, բայց դրանք կաղում են լեգիտիմությունից։

Մարտի 1–ի միջոցով իշխանության գալով՝ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց մի շարք գործողություններ, որոնց օգնությամբ նա ձգտում էր ամրացնել իր աթոռը և պահել իշխանությունը։ Դա, ի դեպ, բնական պետք է համարել, քանզի ինչպես վերևում նշեցինք, ցանկացած տիպի իշխանություն ուզում է պահել իշխանությունը և դրա մեջ վատ բան չկա։

Իշխանություն պահելը բացասական ֆունկցիա է կատարում այն ժամանակ, երբ իրար են հակադրվում իշխանության ու պետության շահերը։ Սերժ Սարգսյանի պարագայում մենք ունենք նմանատիպ վիճակ. բոլոր այն քայլերը, որոնք կարճաժամկետում ամրապնդում են նախագահի դիրքերը կամ բխում են նրա անձնական շահերից, թուլացնում են ՀՀ–ին ու հարվածում մեր քաղաքացիների շահերին։ Այսինքն՝ փոխարենը հանրային իրական երկխոսություն սկսելու՝ Սարգսյանը գնում է լրիվ այլ ճանապարհով։

Այսպես. Բաղրամյան 26–ում հայտնվելուն պես Սերժ Սարգսյանը, փորձելով ներքին լեգիտիմության դեֆիցիտը լրացնել արտաքինով, նախաձեռնեց հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտությունը։

«Նախաձեռնողական» քաղաքականությունը ներքաղաքական պայքարում որոշակի առավելություն տվեց Սերժ Սարգսյանին, բայց ՀՀ շահերը վտանգվեցին, քանզի Թուրքիան հնարավորություն ստացավ ակտիվորեն ներգրավվել Ղարաբաղի հարցում, իսկ Հայոց ցեղասպանության հարցը հայ–թուրքական տխրահռչակ արձանագրություներով դարձավ առևտրի առարկա։

Հայաստանի դիվանագիտությունը իր խոստացած ոչ մի խնդիր չլուծեց (հայ–թուրքական սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում), բայց փոխարենը դարձավ «գնդակ» միջազգային տարբեր խաղացողների ձեռքում։ Հայաստանն, այդպիսով, կորուստներ ունեցով, իսկ ահա Սերժ Սարգսյանին հաջողվեց հետընտրական զարգացումներն ի օգուտ իրեն հանդարտեցնել ու մնալ աթոռին։

Անցնենք առաջ։

Բազմիս նշել ենք, որ Սերժ Սարգսյանի և իր թիմի իրական նպատակը Հայաստանում «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելն է, այսինքն՝ ադրբեջանական կամ ուզբեկական տիպի երկիր ստեղծելը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի «բարեշրջումները» և նախագահին կից գործող երիտօլիգարխիայի գեբելսյան քարոզչությունը ծառայում են հենց այդ նպատակին։ Արդյունքում ունենք տնտեսական անկում, մարդկանց արտագաղթ, կապիտալի փախուստ, ներդրումների անկում, պետության արտաքին պարտքի եռակի աճ, աղքատության աճ, ինֆլյացիա և կյանքի որակի համընդհանուր անկում։ Այս դեպքում էլ Սերժ Սարգսյանի անձնական շահերը խորը հակասության մեջ են մտել պետության և քաղաքացիների շահերի հետ։

Նողկալի էր արձանագրելը, որ անգամ սպորտի ոլորտում Սերժ Սարգսյանի շահերը չեն բխում հայության շահերից։

Օրերս ականատեսը դարձանք այնպիսի մառազմի, ինչպիսին էր ՀՀ–ն ներկայացնող մարզիկների անհաջողություններով իշխանության ուրախանալը։ Խոսքս վերաբերում է օլիմպիական խաղերում մերոնց ելույթներին ու դրան հետևած իշխանական արձագանքին։

Դատելով նախագահական նստավայրի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցների և իշխանությանը կից գործող սազանդարների ասածներից՝ Բաղրամյան 26–ում սրտատրոփ սպասել են մեր օլիմպիականների պարտություններին, որպեսզի առիթավորվեն ու ներքաղաքական «մուտիլովկաներով» զբաղվեն ԲՀԿ–ի դեմ։

Սերժի շրջապատում այնքան էին սպասում Լոնդոնից եկող վատ լուրերին, որ չհամբերեցին ու ժամանակից շուտ թափեցին իրենց մաղձը՝ խաղի մեջ մտցնելով ու «խուրդելով» աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին։ Վարդանյանը «բլբուլ» կտրեց մեր երկու ծանրորդների անհաջողությունից հետո, բայց նրա ծպտունն, ի դեպ, չլսվեց, երբ հաջողություն արձանագրվեց, ինչն էլ ցույց տվեց, որ իշխանությանը պետք էին պարտությունները, այլ ոչ թե հաղթանակները։

Փաստորեն, ի տխրություն իշխանության՝ մեր մարզիկներն այնուամենայիվ մեդալներ բերեցին, բայց վերջին օրերի վայնասունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխանության անձնական շահը չէր համընկնում ՀՀ շահերի հետ. նախագահականում ակնհայտորեն սպասում էին մեր օլիմպիական հավաքականի լիակատար ձախողմանը, որպեսզի «Ծառուկյանը տապալել է իր գլխավորած ոլորտը» թեմայով էժանագին թամաշա սկսեին։

Սերժ Սարգսյանի և ՀՀ շահերի անհամապատասխանության բազում այլ օրինակներ կարելի է բերել,  բայց ներկայացվածն էր բավական է, որպեսզի պարզ դառնա, որ գործ ունենք այդ երկու սուբյեկտների «գենետիկ» անհամատեղելիության հետ։ Ուստի՝ Հայաստանի և ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության շահերից բխում է «օտար մարմնի» դեր կատարող այս իշխանությունից ձերբազատվելն ու «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» բանաձևը կյանքի կոչելուց հետո ազգային–դեմոկրատական բնույթի լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնելը։

Կարեն Հակոբջանյան  

Այս խորագրի վերջին նյութերը