Լրահոս

18.01.2011 15:55


«Կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ին... թեև ԱՍԱԼԱ-ին միշտ են հիշելու»

1. 21-րդ դարի սկզբին նոր պատերազմական հանցագործություններն արդարացնելու ցանկության մասին

Հունվարի սկզբներին Անկարայում և Կարինում Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ կայացած Թուրքիայի դեսպանների 3-րդ համաժողովին առանձին տեղ է հատկացվել ԱՍԱԼԱ-ին: Ուշադրության կենտրոնում է եղել դեռ անցյալ տարի աշխարհի տարբեր երկրներում գործող թուրքական դիվանագիտական ներկայացուցիչներին ուղարկված նամակները, որոնցում ԱՍԱԼԱ-ի անդամները զգուշացնում էին, որ իրենք դեռ գործում են:

Մենք չգիտենք, թե տարբեր երկրներում գործող թուրքական դեսպանատներն իրոք ԱՍԱԼԱ-ից նամակներ ստացել են, թե ոչ: Նկատենք միայն, որ ներկայացված փաստը ԱՍԱԼԱ-ի ձեռագրին չի համապատասխանում: ԱՍԱԼԱ-ն թուրքական դեսպանատներին երբևէ նամակներ չի ուղարկել և գործել է լրատվամիջոցներին հատուկ հայտարարություններ ուղարկելու եղանակով:

Իրականում, ինչ նոր տարածաշրջանային գլոբալ ծրագրերի մասին է խոսքը, որի պատճառով թուրքերը ստիպված եղան կրկին հիշել ԱՍԱԼԱ-ին: Քանի որ հիշել են ԱՍԱԼԱ-ին, մենք էլ հիշենք թուրքերի ու նրանց դաշնակիցների ապագային միտված ծրագրերը:

 

Ընդամենը երկու տարի առաջ' 2009-ի Ապրիլին, ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման պաշտոնական այցով եղավ Թուրքիայում, որը թուրքերն անվանեցին "պատմական" (2): Այցի շրջանակներում ԱՄՆ նախագահն արծարծեց երեք հիմնական խնդիր' Թուրքիայում քրդերի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների հարցը և տարածաշրջանային գլոբալ ծրագրերում Թուրքիայի մասնակցության հարցը:

ԱՄՆ նախագահը հանդիպումներ ունեցավ քրդերի առաջնորդների հետ և հավաստիացրեց, թե քաջատեղյակ է ու աջակցում է քրդերի պայքարին, միայն թե դա պետք է իրականացվի խաղաղ միջոցներով (3):

Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ԱՄՆ նախագահը հանդիպեց Էդվարդ Նալբանդյանի, Ալի Բաբաջանի և Միշել-Քալմի Ռեյի հետ: Հանդիպմանը քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցը և ԱՄՆ նախագահը կոչ արեց կողմերին համաձայնության գալ (4):

ԱՄՆ նախագահը Թուրքիային հրավիրեց ավելի հանձնառու և պատասխանատու դեր ստանձնել Բալկաններից Միջին Արևելք, Կովկասից' Աֆղանստան ընկած տարածքներում:

Ասպիսին է տարածաշրջանային գլոբալ ծրագրի այն ամբողջական պատկերը, որն արևմուտքը, ավելի ճշգրիտ' ԱՄՆ - Իսրայել - ԵՄ ալյանսը, ձգտում է գործողության մեջ դնել Թուրքիայի միջոցով: Այդ մեծ ծրագրի մաս են կազմում նաև Իսրայել - Թուրքիա թատերականացված հակասությունները, որոնք օգնելու են թուրքական քաղաքական վերնախավին ավելի անկաշկանդ իրականացնելու իրենց վրա դրված հանցագործ ծրագրերը: Որովհետև բացարձակ միամտություն է կարծել, թե անցյալի հանցագործությունների ու մեղքերի բեռից չազատագրված, ավելին' այդ մեղքերը ընդունելուց հրաժարվող ժամանակակից Թուրքիան կարող է որևէ դրական կամ զրո դերակատարություն ունենալ ՄԱԿ-ում, միջազգային դիվանագիտական հարաբերություններում, տարածաշրջանային ռազմա-քաղաքական ծրագրերում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կազմում և դրանից դուրս:

 

Այնուհանդերձ նշենք, որ առաջին խնդիրը, այսինքն' Թուրքիայում ապրող քրդերի խնդիրը ներկայի Թուրքիայի սահմաններում լուրջ զարգացում չի կարող ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ չեն կնքվել Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները և քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել բռնազավթված տարածքների նկատմամբ ունեցած իր միանգամայն օրինական իրավունքներից: Բանն այն է, որ ենթադրվում է, թե Արձանագրությունների վավերացումից հետո է միայն, որ հնարավոր է սկսել Թուրքիայի մասնատման գործընթացը և դրանից հետո է միայն, որ նախատեսվում է ստեղծել պայմաններ այդ տարածքները "նվիրաբերելու" Թուրքիայի քրդերին (5):

Երկրորդ խնդիրը, ինչով կարևորվում էր ԱՄՆ նախագահի այցը Թուրքիա դա Հայաստան-Թուրքիա Արձանագրություններն ու այսպես կոչված "հայ-թուրքական երկխոսությունը" կյանքի կոչելու հարցը: 2008-ի Հունիսին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի օգնական Դենիել Ֆրիդը այդ խնդիրը ձևակերպել էր այնպես. "Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը և կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերին" (6):

Ասվածը նշանակում է, որ Թուրքիան ճիշտ է մասնատվելու է և այնտեղից մասնահանումներ են լինելու... այլոց համար, բայց Հայաստանը այդ մասնատումից հայրենի տարածքների ազատագրման հույս պետք չէ ունենա, ավելին' ԱՄՆ պետքարտուղարության համար ցանկալի է, որ Հայաստանը դրանից կամավոր հրաժարվի:

Եվ կար, վերջապես, երրորդ, հնարավոր է ամենակարևոր խնդիրը, դա Թուրքիայի վրա դրված նոր պարտավորությունների հարցն էր, ավելի պարզ' երրորդ կողմի համար "կրակից շագանակ հանելու" և երրորդ կողմի փոխարեն "սև գործն" անելու տարածաշրջանային նոր ծրագիրը: Այդ մասին ԱՄՆ նախագահի պաշտոնական այցից մեկ ամիս անց արդեն բարձրաձայնում էր Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն (7): Նշանակում էր դա արդյոք, որ թուրքական քաղաքական վերնախավը ստանձնել է արևմուտքի կողմից Թուրքիայի վրա դրված ռազմա-քաղաքական նոր գործողություններն իրականացնելու հանձնառությունը, ցույց կտա ժամանակը:

Բոլոր դեպքերում բնական հարց է ծագում, այդ ի±նչ էր անելու և, տակավին, ի±նչ է անելու ժամանակակից Թուրքիան Բալկաններում, Մերձավոր Արևելքում, Կովկասում, Աֆղանստանում ու Պակիստանում (հնարավոր է նաև Հնդկաստանում ու Չինաստանում): Քանի որ իրենց համար միշտ դժվարություն է ներկայացնել անկեղծ խոստովանանքը' մենք ասենք. իրականացնելու է նոր ագրեսիաներ, պատերազմ, բռնություն, ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված այլ և այլ հանցագործություններ, որոնցում ամենևին էլ ակնառու չի լինելու արևմուտքի հետքը, արևմուտքի ծրագրային հորդորն ու խորհրդատվական հենքը, կազմակերպչական դերն ու նշանակությունը:

Այս իմաստով վերջին ուղղորդումը եկել է Եվրոմիությունից, ավելի ճշգրիտ' ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդից, որը ղեկավարում է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը: "Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 13-ին որոշում են ընդունել խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Հարավային Կովկասում առկա խնդիրների վերաբերյալ: ԱԳՆ ղեկավարների հայտարարության մեջ նաև նշվում է, որ Թուրքիան դարձել է տարածաշրջանի առաջատար երկրներից մեկը, և ԵՄ-ը պետք է ամրապնդի Թուրքիայի հետ համագործակցությունը Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Հարավային Կովկասում իրականացվող միասնական քաղաքականության շրջանակներում" (8):

 

Եզրակացություն: Երրորդ համաշխարհային պատերազմն ու զուգահեռ հրահրվող քաոսը նախատեսվում է իրականացնել Բալկաններ, Միջին Արևելք, Կովկաս, Աֆղանստան-Պակիստան գծով: Դրա համար արևմուտքին անհրաժեշտ է համալրել ՆԱՏՕ-ի շարքային զորակազմը քրդերով, թուրքերով, Կոսովոյի ալբանացիներով... ինչպես նաև ամեն կերպ իր ծրագրերի մեջ ներքաշել թուրքական զինված ուժերը' ի հարկին մնալով աննկատ, մնալով ստվերում: Ծրագիրն անվրեպ և ճշգրիտ իրականացնելու համար անհրաժեշտ է ինչ որ բան խոստանալ քրդերին, օրինակ' Արևմտյան Հայաստանը, ինչ որ բան թուրքերին, օրինակ' գերակա դիրք իսլամական աշխարհում, ինչ որ բան հայերին, օրինակ' Հայոց ցեղասպանության ճանաչում և, միգուցե, դրամական ինչ-ինչ փոխհատուցում: Հասկանալի է բարդ խնդիր է, նույնիսկ անիրագործելի: Այդ իմաստով շատ հետաքրքիր կլիներ իմանալ այդ գաղափարների ու ծրագրերի հեղինակի անունը: Սակայն, այդ երբ է եղել, որ արևմտյան քաղաքական շրջանակները հետաքրքրվել են իրենց առաջադրված ռազմա-քաղաքական ծրագրերի հեղինակների հոգեկան առողջության հարցերով և կամ հրաժարվել դրանք իրականացնելուց: Լավագույն դեպքում հետաձգել են դրանք, ինչպես Հայերի ցեղասպանությունը ավարտին հասցնելու ծրագրերը 1920-ականներից հետաձգեցին մինչև 1980-90-ական թթ. և մինչև մեր օրերը:

Որոնք են այս ծրագրերի իրականացման արգելքները: Որքան էլ տարօրինակ հնչի' դրանցից են պատմական հիշողությունն ու պատասխանատվությունը, որոնք հետապնդում են ոչ միայն հայերին, այլև թուրքերին... և մնացյալին, քանի որ այնտեղ հստակված են պատմական դերակատարության և պատմական պատասխանատվության հարցերը:

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ քրդերին խոստացել էին Քրդական օջախ, հայերին' բարենորոգումներ Հայկական վիլայեթներում, թուրքերին' Օսմանյան կայսրության ընդարձակում դեպի Միջին Ասիա... ԹԵ նրանցից ամեն մեկն ինչ ստացավ, այդ թվում և անհակատական մակարդակներում, բոլորին է հայտնի...

Պատմությունը կարող է կրկնվել միայն նրանց համար, ովքեր կամ անհուսալիորեն հիմար են, կամ հատուկ ցանկություն ունեն կրկնելու պատմական դերակատարության և պատմական պատասխանատվության արդեն փորձված իրողությունները:

Սակայն, իսկապե°ս, նոր ճանապարհ պետք է ընտրել նաև այս հարցում և պատմական դաժան փորձառությունից ելնելով, ինչպես նաև մեկնելով այն փաստից, որ հայկական խնդիրները միջազգային քաղաքական հարաբերություններում մշտապես "տարբերվելու են" Կոսովոյի, Սուդանի, Աբխազիայի, Օսիայի... խնդիրներից, հայությունն ու Հայաստանը ամբողջական ու լիակարժեք իրավունքներ ունեն հասարակական ու իրավական, ռազմական ու քաղաքական բոլորովին նոր նախաձեռնություններով հանդես գալու և դրանցով առաջնորդվելու:

Այսքանը այն հիմնական պատճառներից մեկի մասին, որի համար հանկարծ հիշեցին ԱՍԱԼԱ-ին, այս դեպքում' թուրքերը:

ԱՍԱԼԱ-ին հիշելու այլ պատճառների, ինչպես նաև թուրքերի և նրանց դաշնակիցների առնվազն վերջին 100 տարիներին մարդկության դեմ ուղղված հանցագործ ծրագրերի և գործողությունների մասին կխոսենք հաջորդ հոդվածներում:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը