Լրահոս

05.06.2009 15:44


Աշոտ Օսիպյան. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ–ը կայուն և զարգացող բանկ է»

Աշոտ Օսիպյան. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ–ը կայուն և զարգացող բանկ է»

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի 2008թ. տարեկան 2-րդ ընդհանուր ժողովի ժամանակ բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանն ասել է, որ իրենք կարողացել են կատարել իրենց առջև դրված խնդիրները, և «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ում աճի միջին տեմպը կազմում է 45%:

-Բնական է, ճգնաժամն իր ազդեցությունն ունեցել է և այսօր էլ ունի: Որովհետև մենք երևի կարող էինք իրականացնել ավելին, սակայն ավելի կոնսերվատիվ ենք եղել և այսօր էլ աշխատում ենք, որպեսզի զարագացման միտումները պահպանվեն նաև այս տարի։ Այս տարի մենք ունենք նոր մասնաճյուղ, ունենք աճի տեմպեր և շատ կարևոր է՝ նաև շահույթ,- ասել է Ա. Օսիպյանը։

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի ընդհանուր ակտիվները 2008թ. վերջին կազմել են 29,632.2 մլն ՀՀ դրամ, որը 2007թ. համեմատ աճել է 19,3%-ով։

Վարկային պորտֆելը 2007թ. համեմատ 2008թ. աճել է 32,9%-ով՝ կազմելով12,189.6 մլն ՀՀ դրամ։

2008թ. արդյունքներով բանկի շահույթը կազմել է 580,8 մլն ՀՀ դրամ, որը 2007թ. համեմատ աճել է 74.7-ով։

Հաճախորդներից ներգրավված միջոցներն աճել են 3,8%-ով՝ կազմելով 12,142.5 մլն ՀՀ դրամ։

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի ընդհանուր կապիտալը 2008թ. վերջին կազմել է 7,544.6 մլն ՀՀ դրամ, որը 2007թ. համեմատ աճել է 69%-ով։

2008թ. այս բանկն իր մասնաճյուղերի քանակը հասցրել է 25-ի, ներդրել է բազմաթիվ նոր ծառայություններ և նոր բանկային արտադրանք, թողարկել է 400 մլն դրամի 40 000 աժեկտրոնային պարտատոմս, ՀՀ ԿԲ-ի որոշմամբ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ին շնորհվել է ապահովագրական գործակալի կարգավիճակ, այս երկու բանկերի միջև կնքվել է վարկային պայմանագիր, որով բանկն ընդգրկվել է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ KFW-ի կողմից իրականացվող՝ ՀՀ-ում փոքր և միջին ձեռներեցության զարգացման վարկային ծրագրում, Վերակառուցման և զարգացման բանկը դարձել է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի բաժնետեր և այլն։

Ա. Օսիպյանի խոսքերով՝ այս ամենը ևս մեկ անգամ վկայում է, որ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը կայուն և զարգացող բանկ է։

ՀՀ ԿԲ-ի նախագահ Տիգրան Ջավադյանի խոսքերով էլ՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը գտնվում է Հայաստանի լավագույն բանկերի ցանկում և կարող է դիմակայել բոլոր մարտահրավերներին։

Ինչ վերաբերում է բանկի անվանման մեջ «Արարատ» բառի առկայությանը, ապա «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանի խոսքերով՝ միջազգային շուկայում միայն դրական արձագանքներ են ստացել։

-Մենք պետք է մեր «Արարատ» խորհրդանիշն աշխարհով մեկ տարածենք։ Ո՞վ չգիտի, որ Արարատը հայկական լեռ է, պարզապես պատահականորեն հայտնվել է մեր հարևան երկրի տարածքում,- «7օր»-ին ասել է Բ. Բեգլարյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը