Մեկնաբանություն

01.09.2012 16:15


Սերժ Սարգսյանն ընդդեմ Պուտինի բաջանաղի որդու հարևանի

Սերժ Սարգսյանն ընդդեմ Պուտինի բաջանաղի որդու հարևանի

Մարդասպան Ռամիլ Սաֆարովի հետ կապված պատմությունից հետո ՀՀ «նախաձեռնողական» իշխանությունն իր քարոզչագործիքներին հանձնարարել է քավության նոխազներ փնտրել, գտնել ու հրամցնել հանրությանը։ Բնականաբար՝ քավության նոխազները պետք է լինեն բոլորը, բացի Սերժ Սարգսյանից. նա իր համար տանը նստած է եղել, երբ հունգարացիներն ինքնաթիռ են նստեցրել ադրբեջանցի ոճրագործին։

Նողկալի է արձանագրելը, որ «անկախ» մամուլն այժմ լծվել է Սերժին արդարացնելու գործին ու ձեռքի հետ էլ աշխարհաքաղաքական «մուտիլովկաներով» է զբաղված՝ համատեղելով հաճելին, այն է ՝ պատվերը, օգտակարի հետ։

Ըստ Բաղրամյան 26–ի տակ կքած կայքերից մեկի՝ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան ուղարկելու մեղավորը... ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Այո՛, այո՛, Վովան (մնացած եզրահանգումներն «անկախ» լրատվամիջոցներն արդեն մեծահոգաբար թողնում են ընթերցողներին)։

Պատկերացնո՞ւմ եք, ոչ թե Սերժ Սարգսյանի անգործության կամ գոնե Նալբանդյան Էդիկի թշերի պատճառով է ադրբեջանցի մարդասպանը ազատության մեջ հայտնվել, այլ Պուտինի, ում համակուրսեցին իբր ադրբեջանցի է և Ռուսաստանի իշխանության դաբրոյով է Ռամիլին տարել Բաքու։ Սրանց երևակայությունը և ստրկամտությունը, փաստորեն, չափ ու սահման չունեն։

Հասկացանք, որ առաջադրանք եք ստացել Ռուսաստանից «բոբո» սարքելու և Հայաստանի քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից ու ձեր տերերից արտաքին «բոբոյի» վրա շեղելու, բայց կարելի՞ է արդյոք այդ աստիճանի մտնել պատվերի տակ ու ցանկացած թեմայով խոսելիս հիշել Պուտինին (հա, չմոռանամ՝ մեկ էլ «քաղաքացիական հասարակությանը»)։ Սա արդեն զավեշտի է վերածվում։

Փաստորեն, սեփական խայտառակ պարտությունն էլ են սրանք ուզում շրջված բուրգի պես մատուցել ժողովրդին ու ենթատեքստով ներքին բանսարկություններով զբաղվել։ Ուրեմն Սերժը տապալվի «նախաձեռնողականության» մեջ, իսկ մեղավոր դառնան Պուտինը, Գյուլը կամ Օբամա՞ն։ Լավ է՝ չեն ասում, թե բա գիտեք ինչ, Պուտինի բաջանաղի որդու հարևանը ադրբեջանցի է և «չերեզով» օգնել է Ռամիլին։ Մի քիչ էլ որ մառազմը խորացնեն, երևի կգրեն, թե Ռամիլին ԲՀԿ–ն ու Քոչարյանն են աջակցել (մի քիչ էլ ՀԱԿ–ը), քանի որ Ծաղկաձորում Գագիկ Ծառուկյանը կազմակերպել էր Եվրասիական միության թեմայով կոնֆերանս։

Լավ, իշխանություններն իրո՞ք կարծում են, թե նմանատիպ էժանագին քարոզչությունն արդյունավետ է սեփական տապալումները թաքցնելու և մարդկանց մոլորեցնելու համար։ Քանի՞ հավ կարող է հավատալ նմանատիպ տեղեկատվական «բադիկներին»։  Հասկացանք, որ կոնկրետ գիծ եք բռնել ու ինքներդ ձեզ հավատալով՝ առաջ եք տանում այդ գիծը, բայց հոգեխանգարմունքի է այս ամենը վերածվում։ Ինչևէ։

Դե ինչ, «արևմտամետ» Սերժ Սարգսյանն անցել է գործի։ Նրա պայքարի թիրախը հիմա Պուտինի բաջանաղի որդու հարևանն է։ Թե ինչ արդյունքներ կարձանագրվեն, ժամանակը ցույց կտա, բայց հաշվի առնելով մի շարք հանգամանքեր՝ վախենամ այս ամենն ավարտվի Հայաստանում ՌԴ զորքերի տեղակայման ժամկետը մի 49 տարով ևս երկարաձգելու «նախաձեռնողական» պայմանագրով։ Եկեք ուրեմն դա թույլ չտանք։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Ի դեպ, Օբամայի մորքուրի մարդը, ասում են, Բաքվում Ռամիլ Սաֆարովի հարևանի ավտոտնակում «խադավիկություն» է արել ու ձեռքի հետ էլ «ժեշտանչիության» գործով զբաղվել։ Տեսնես ի՞նչ կարող են ասել այս մասով «անկախ» և «քաղաքացիական» լրատվամիջոցները։ 

Այս խորագրի վերջին նյութերը