Լրահոս

18.09.2012 16:37


ՄԱԿ հայաստանյան գրասենյակը նշել է անգլերենի օրը

ՄԱԿ հայաստանյան գրասենյակը նշել է անգլերենի օրը

Այսօր` սեպտեմբերի 18-ին ՄԱԿ-ում Անգլերենի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, դեսպանությունների ներկայացուցիչներն ու լրագրողները հավելյալ հնարավորություն ունեցան տեղեկանալու անգլերենի՝ ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկի օգտակարության եւ կարեւորության մասին:

Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը Վ. Բրյուսովի անվան Երեեւանի պետական լեզվաբանական համալսարանի հետ համատեղ:

Լեզվաբանական համալսարանի ռեկտորը, ՄԱԿ-ի, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության, Ամերիկյան եւ Բրիտանական խորհուրդների ներկայացուցիչները ողջունեցին միջոցառման մասնակիցներին, խոսեցին ՄԱԿ-ում անգլերենի կարեւորության մասին:

Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասել է. «Մենք ձգտում ենք խրախուսել հայաստանցի երիտասարդությանը՝ սովորել անգլերեն եւ ՄԱԿ-ի այլ լեզուներ, եւ օգնել նրանց հասկանալ, թե որքան կարեւոր է ՄԱԿ-ի բազմալեզվությունը վերջինիս բազմաբարդ օրակարգի իրականացման եւ խաղաղության, բազմազանության ու միջմշակութային երկխոսության խթանման տեսանկյունից՝ հանուն մարդկային զարգացման»:

Համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը նշել է. «Մեր խնդիրն է ավելի մեծացնել հայաստանցիների իրազեկությունը ՄԱԿ-ի պաշտոնական լեզուների հարստության, գեղեցկության եւ մշակութային կարեւորության վերաբերյալ: Մեր համալսարանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի հետ սերտ համագործակցությունը եւ ՄԱԿ-ի աջակցությունն այս հարցում»:

Միջոցառման ընթացքում համալսարանի բարձր կուրսերի ուսանողները ներկայացրեցին բեմականացում բրիտանացի լեզվաբան Դեյվիդ Քրիսթըլի «Շարունակելով ապրել» ստեղծագործության հիման վրա, որը նվիրված է լեզուների պաշտպանության եւ առաջմղման կարեւորությանը:

Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը եւ իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: Անգլերենը երկրորդն է աշխարհի ամենատարածված լեզուների թվում, համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների:

2010 թ.սկսած ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրեր» նախաձեռնության մեկնարկի մասին՝ ուղղված լեզվական եւ մշակութային բազմազանության պահպանմանն ու խթանմանը: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երեւանյան գրասենյակը գործընկերների հետ միասին 2012 թ. ընթացքում նշում է ՄԱԿ-ի պաշտոնական բոլոր լեզուների օրերը:

Այս խորագրի վերջին նյութերը