Լրահոս

19.01.2011 08:59


ՀՀ մշակույթի նախարարությունը քոլեջների միավորման շուրջ բարձրացված աղմուկի պատճառը չի հասկանում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ կառավարության որոշման համաձայն երաժիշտ Ակսել Բակունցի տնօրինությամբ գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը պետք է վերակազմակերպվի՝ միացվելով երգչուհի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ գործող Երևանի մշակույթի պետական քոլեջին, ու Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի անձնակազմը դեմ է դրան, բողոքում է, թե այս որոշման մասին իրենց տեղյակ չեն պահել։

«7օր»-ը ՀՀ մշակույթի նախարարությունից փորձել է պարզել, թե ի՞նչն է նման որոշման պատճառն, ու ինչո՞ւ որոշման մասին քոլեջի անձնակազմին տեղյակ չեն պահել։

Մեզ հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը նշել է, թե դա եղել է կառավարության որոշում՝ կառավարության հանձնարարությամբ։

-Եվ ուրեմն իրենք նամակ են գրել և՛ կառավարություն, և՛ նախագահական, նամակը վերադարձվել է մեզ՝ պատասխանելու համար։ Մենք իրենց նամակով պատասխանել ենք, իրենք հանկարծակիի չեն եկել բոլորովին։ Ես սեպտեմբերի վերջի պատմություն եմ ձեզ ասում։ Իրենք դրա մասին տեղեկացված են եղել։ Իսկ դրա նպատակաուղղվածությունն այն էր, որպեսզի կառավարումը առավել նպատակային լինի։ Կառավարության 2010թ. օգոստոսի 5-ի որոշմամբ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը և Երևանի մշակույթի պետական քոլեջը միացման ձևով վերակազմակերպվել են։ Արդյունքում ուսումնական մասի աշխատանքները ոչ մի կերպ չեն կարող տուժել ո՛չ դասավանդվող առարկաների կրճատման առումով, ո՛չ ուսուցիչների. ո՛չ մի ձևով։ Ուղղակի դա արվել է, որպեսզի ապահովվի կենտրոնացված կառավարում,-ասել է նա։

Ըստ Գայանե Դուրգարյանի՝ ամեն ինչ պետք է պահպանվի, պարզապես կառավարման ձևն է փոխվում։

-Օպտիմալացվում է՝  ֆինանսական միջոցների ավելի նպատակային օգտագործման համար. եթե կա երկու իրավաբան, կարող է մնալ մեկ իրավաբան, եթե կա երկու տնտեսագետ, կարող է լինի մեկը։ Իրանք երկուսն էլ նույն շենքում են տեղակայված, իրեք երկուսն էլ նույն մշակութային գործունեությունն են իրականացնում։ Հիմա եթե իրենց անունը մեկն է դառնում, մշակույթ է դառնում, ինչո՞վ է իրենց էությունը փոխվում, իմաստը ինչո՞վ է փոխվում,-ընդգծել է նա։

Հարցին, թե ինչո՞ւ է որպես իրավահաջորդ նշվում Մշակույթի պետական քոլեջը, չէ՞ որ 30 տարվա պատմություն ունեցող քոլեջի պատմությունն է վերանում, նա  պատասխանել է, թե նախ և առաջ քոլեջը 30 տարվա պատմություն չունի, այլ՝ 17 տարվա։

-Դա իրավահաջորդ չէ։ Ուրեմն կառավարության այդ որոշումը միայն իրենց չի վերաբերվում։ Մի տիպի գործունեություն իրականացնող կառույցները միավորվում են մեկ կենտրոնի մեջ, օրինակ կամերային երաժշտության կենտրոնում միավորվել են ազգային կամերային երաժշտությամբ զբաղվող բոլոր մեր համույթները. այնտեղ կան մի քանի երգչախմբեր, այնտեղ կա կամերային նվագախումբ, մի խոսքով՝ այդ կարգի գործունեություն ծավալողները։ Մեկը մյուսի հաշվին չէ, իրենք բոլորն ինքնուրույն գործում են, պարզապես միավորված են մի անվան մեջ, որպեսզի իրենք իրականացնեն միևնույն քաղաքականությունը, տեղեկացված լինեն մեկը մյուսից ավելի լավ, և կառավարումն էլ ավելի օպտիմալ ձևով ընթանա։ Խոսքը վերաբերում է միայն կառավարմանը, ոչ թե ինչ-որ իրավահաջորդ կամ... Ոչ մի իրավահաջորդի խնդիր չկա։ Հիմա ինչի՞ համար է անվան հետ կապված՝ շահարկվում։ Որովհետև դա երկուսն էլ կրթական համակարգեր են, կրթական օղակներ են, որոնք իրականացնում են որոշակի գործողություններ, որոշակի կրթություն։ Բայց երկուսն էլ մշակութային կրթություն են իրականացնում, հիմա մեկը թե էստրադային է, մեկը թե պար է, էն մյուսը ջազ է։ Եթե մենք միավորեինք ու անունը դնեինք ջազ-քոլեջ, նպատակահարմար կլինե՞ր, որ էնտեղ պար դասավանդվեր։ Իմ ասածն այն է, որ այդ անվանումը ջազ-քոլեջին չի վերաբերում, անվանումը միավորողն է՝ Մշակույթի քոլեջ։ Այսինքն էնտեղ գործելու են մշակույթի ոլորտի տարբեր-տարբեր-տարբեր մասնագիտություններ, դասավանդվելու են տարբեր մասնագիտություններ, նեղ մասնագիտություններ,-ընդգծել   է նա։

Հարցին, թե  չե՞ն տեղեկացնում նախօրոք, կամ չի՞ քննարկվում դա երկու քոլեջների ղեկավար կազմի կամ դասախոսների հետ, Գայանե Դուրգարյանը պատասխանել է.

-Ինչը՞ պիտի քննարկվի։ Դա կառավարության որոշում է, իրենք տեղեկացված են, երկուսն էլ տեղեկացված են, երկու քոլեջներն էլ տեղեկացված են։ Եթե ինչ-որ վիճահարույց բաներ կարող են ծագել, բնականաբար դա պիտի օղակների ղեկավարության, ղեկավարների հետ քննարկում գնա, ինչի՞ մասին կարող է խոսք լինել։ Ես ուղղակի ձեր հարցի բուն պատճառը չեմ կարողանում հասկանալ, որովհետև ես ինչ-որ ձեզ ասացի, այդ ինֆորմացիան նամակով տեղեկացվել է ջազ-քոլեջի տնօրենին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը