Լրահոս

18.01.2011 17:59


Առաջարկություններ «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ

2010թ-ի դեկտեմբերի 24-ին ՀՀ ազգային ժողովի շենքում ՀՀ ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր քննարկում, որին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը և Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնության 13 անդամներ:  Հանդիպման ընթացքում մեր նախաձեռնության անդամները լսեցին Կառավարության և Ազգային Ժողովի մեկնաբանությունները «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ և հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց մտահոգություններն ու դիրքորոշումը: Քննարկման ժամանակ հավաստիացել ենք նաև, որ սույն թվականի հունվարի վերջին շրջանառության մեջ կդրվի և հանրային քննարկման կներկայացվի օրենքի փոփոխված տարբերակը:

Մինչ պատասխանատու պետական պաշտոնյաներն ու օրենսդիրներն աշխատում են օրենքի մեջ փոփոխություններ կատարելու առաջարկությունների վրա' հարկ ենք համարում' որպես շահագրիգիռ քաղաքացիների խումբ ներկայացնել մեր առաջարկությունները: 

Նկատի ունենալով, որ ժողովրդագրական աճը Հայաստանի Հանրապետության անվտանգության հիմնաքարերից է, և հավատացած լինելով, որ ծնելիության աճն ամեն կերպ պետք է խրախուսվի Հայաստանի Հանրապետությունում' առաջարկում ենք հղիության և ծննդաբերության արդյունքում ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված բոլոր կանանց փոխհատուցել իրենց աշխատավարձի ողջ չափով' առանց առավելագույն շեմ սահմանելու:   

Հավատացած լինելով, որ ծննդաբերող յուրաքանչյուր կին նախևառաջ աշխատում է Հայաստանի Հանրապետության համար և իր ներդրումն է ունենում Հայաստանի Հանրապետության զարգացման և հարատևման գործում' առաջարկում ենք հղիության և ծննդաբերության արդյունքում ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված բոլոր կանանց փոխհատուցել իրենց ամենամսյա եկամուտի ողջ չափով' առանց գանձելու սահմանված պետական հարկերը և սոցիալական վճարները հղիության և ծննդաբերության արձարկուրդի շրջանում, ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման համար հիմք ընդունել ոչ թե նախատեսվող 140 աշխատանքային, այլ' 140 օրացույցային օրերը:  

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի սոցիալական պաշտպանության իրավունք' առաջարկում ենք վերոնշյալ պատճառից զատ ցանկացած այլ պատճառով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված բոլոր անձանց փոխհատուցել իրենց ամենամսյա եկամուտի չափով' փոխհատուցման վերին շեմ սահմանելու փոխարեն օրենքում աշխատանքային նվազագույն որոշակի փորձի պահանջ սահմանելով :

Լիահույս ենք, որ ՀՀ կառավարությունը և ՀՀ ազգային ժողովը' որպես թափանցիկ կառավարում իրականացնող և Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերով առաջնորդվող ժողովրդավարական կառույց, հաշվի կառնի շահագրգիռ քաղաքացիների կարծիքն ու առաջարկությունները: Վերոհիշյալ առաջարկությունները ներկայացնելով' ակնկալում ենք հանրային քննարկումների շարքի մեկնարկ հունվար ամսի վերջին շաբաթվա ընթացքում և օրենքի փոփոխված տարբերակի շուտափույթ քննարկում և ընդունում ՀՀ ազգային ժողովի 2011թ.-ի գարնանային նստաշրջանում' հետադարձի ուժի սկզբունքի կիրառմամբ:

Մենք' որպես Հայաստանի Հանրապետության ներկայով և ապագայով մտահոգ, Հայաստանի Հանրապետությունում ապրել և արարել ցանկացող քաղաքացիներ, կշարունակենք ուշիուշով հետևել «Ժամանակավոր  անաշխատունակության  նպաստների մասին» ՀՀ օրենքի մեջ խոստացված փոփոխություններ կատարելու գործընթացին և մեր մտահգությունները բարձրաձայնել այնքան ժամանակ, քանի դեռ օրենքի դրույթները կոտնահարեն մեր իրավունքները և կվտանգեն մեր պետության ապագան: 

Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնության անդամներ

Այս խորագրի վերջին նյութերը