Լրահոս

02.10.2012 19:53


ՄԱԶԾ-ն, ԵՄ-ն և Հայաստանի կառավարությունը խթանում են գենդերային հավասարությունը և կանանց իրավազորումը տեղական մակարդակում

ՄԱԶԾ-ն, ԵՄ-ն և Հայաստանի կառավարությունը խթանում են գենդերային հավասարությունը և կանանց իրավազորումը տեղական մակարդակում

Գենդերային հավասարության մարտահրավերը հասցեագրելու նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և Եվրամիությունը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ գործընկերությամբ, նախաձեռնել են «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագիրը: Նախաձեռնությունը նպատակ ունի խթանելու կանանց մասնակցությունը տեղական ընտրություններին, պոտենցիալ առաջնորդ կանանց կարողությունների զարգացումը և գիտելիքների խորացումը, ինչպես նաև իրենց կարողություններն իրագործելու համար կանանց առաջընթացի տեմպերի արագացումը:

Այսօր, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը պաշտոնապես ազդարարեցին ծրագրի մեկնարկը:

«Հավասար իրավունքները և հավասար հնարավորությունները ՄԱԶԾ մանդատի գլխավոր անկյունաքարերից են: Ճիշտ ժամանակին մեկնարկած այս նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել տղամարդկանց և կանանց մասնակցությանը կառավարման և որոշումների կայացման գործընթացներում՝ Հայաստանում աճող քաղաքացիական ակտիվության համատեքստում: Մեր գործողությունները կծավալվեն երեք ուղղություններով՝ կանանց իրավազորում, տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդում և գենդերային հավասարության խթանում, և կուղղվեն հիմնական շահառուներին՝ Հայաստանի քաղաքացիներին, կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին», - ողջույնի իր ելույթում նշեց Դաֆինա Գերչևան:

«Եվրամիությունը պարտավորություն ունի ապահովելու կանանց և տղամարդկանց հավասարությունը, որը մեր հիմնարար արժեքներից է: Մենք հավատում ենք, որ խթանելով կանանց ներկայացվածությունը ղեկավար պաշտոններում,  այս ծրագիրը կնպաստի գենդերային հավասարակշռությանը և շահավետ կլինի Հայաստանի համար երկարաժամկետ կտրվածքով, ներառյալ նորարարությունը, արտադրողականությունը և կայուն զարգացումը», - նշեց դեսպան Հրիսթեան:

1991թ. անկախությունից ի վեր՝ Հայաստանը վավերացրել է ավելի քան 50 կոնվենցիա և միջազգային իրավական այլ փաստաթղթեր՝ վերահաստատելով կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը, ներառյալ՝ քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում կանանց հավասար ներկայացվածությունը խթանելու իր հանձնառությունը: Ներկայումս Ազգային ժողովի կողմից ընդունման է ներկայացված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, իսկ Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրն ուժի մեջ է մտել 2011 թ. մայիսի 20-ին:

Քաղաքականության փոփոխությունները, այսուհանդերձ, դանդաղորեն են փոխակերպվում իրական կյանքի: Ներկայումս կառավարման և որոշումների կայացման մեջ կանանց ներկայացվածության և արդյունավետ մասնակցության մակարդակը շարունակում է ցածր մնալ: Այսօր կանայք կազմում են ԱԺ պատգամավորների և նախարարների թվի 11 տոկոսը, մինչդեռ չունենք կին մարզպետներ և քաղաքապետեր, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների կին ղեկավարներ կամ ղեկավարի տեղակալներ: Գենդերային իրավիճակն էլ ավելի է վատթարացել հանրային իրազեկության ցածր մակարդակի, լայնորեն տարածված գենդերային կարծրատիպերի և գենդերային հավասարությունը ֆեմինիզմի հետ շփոթելու հետևանքով: Հասարակության մեջ կանանց և տղամարդկանց դերի և դիրքի վերաբերյալ լայնորեն տարածված կարծրատիպերը լրջորեն խոչընդոտում են կանանց ներգրավվածությանը և նրանցից շատերին թույլ չեն տալիս որդեգրել ավելի ակտիվ դիրքորոշում, հատկապես՝ գյուղական վայրերում: Ընդհանուր առմամբ՝ կանանց ներուժը մնում է հիմնականում թերօգտագործված և թերգնահատված, ինչը բացասական ազդեցություն է ունենում կայուն զարգացման և սոցիալական արդարության հասնելու՝ երկրի հեռանկարների վրա:

Այս եռամյա ծրագիրն օժանդակելու է կանանց մասնակցությանը տեղական մակարդակում անցկացվող ընտրություններին, ինչպես նաև կիրառում է մի շարք նորարարական մեթոդներ, հնարքներ և գենդերային տրանսֆորմացիայի ծրագրեր՝ այդպիսով մեղմելով գենդերային սահմանափակումները, որոնց կանայք բախվում են Հայաստանում՝ սոցիալական և տնտեսական խնդիրների շուրջ որոշումների կայացման գործընթացներում: Եվրամիությունը հատկացրել է 525,000 եվրո այս նախաձեռնության համար:

Այս խորագրի վերջին նյութերը