Լրահոս

02.10.2012 14:03


Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահներին

Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահներին

Հոկտեմբերի 2-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի (Ueli Leuenberger) և Դոմինիկ դը Բյումանի (Dominique de Buman) գլխավորությամբ նախօրյակին Արցախ ժամանած պատգամավորական պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

«Շվեյցարացի խորհրդարանականների ճանաչողական այցն Արցախ իրականացվել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախաձեռնությամբ և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի աջակցությամբ։ Բարեկամության խմբում ընդգրկված են շվեյցարական խորհրդարանում կանաչների, քրիստոնե-դեմոկրատական, սոցիալիստական, աշխատանքի կուսակցությունները ներկայացնող պատգամավորներ։ Պատվիրակությանն ուղեկցում էր «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանը։ 

Ողջունելով հյուրերին, ԱԺ նախագահը կարևորեց նրանց այցն ինչպես Հայաստան-Շվեյցարիա բարեկամության համատեքստում, նույնպես և Արցախը ճանաչելու և նրա խնդիրներին անմիջականորեն տեղում ծանոթանալու իմաստով։ Միևնույն ժամանակ, ասաց նա, մեզ համար նաև կարևոր է ժողովրդավարության ասպարեզում մեր բարեկամների՝ ձեր փորձը, հաշվի առնելով, որ Շվեյցարիան հանդիսանում է եվրոպական արժեհամակարգի հիմնասյուներից մեկը։
Իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար ու նշելով, որ պատվիրակության անդամների համար հաճելի է հանդիպում ունենալ Լեռնային Ղարաբաղի իրենց գործընկերների հետ, Շվեյցարիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Դոմինիկ դը Բյումանն ասաց. «Վստահ եմ, որ այս հանդիպումն առավել քան կարևոր է հատկապես այն առումով, որ մեր ժողովուրդների բարեկամությունն այս պահին իրականացվում է հանրային կամքն արտահայտող խորհրդարանների անդամներիս միջոցով»։ 

Զրույցի ընթացքում պատասխանելով հյուրերի հարցերին, Աշոտ Ղուլյանը հանգամանալի ներկայացրեց ԼՂՀ-ում իրականացված բոլոր մակարդակների ընտրական գործընթացները, խորհրդարանի քաղաքական կազմը, կառուցվածքը, օրինաստեղծ աշխատանքն ու նրա արդյունքները, միջխորհրդարանական կապերն ու շփումները, երկրում ժողովրդավարական արժեքների դրվածքը, ղարաբաղյան կարգավորման զարգացումները»,- նշված է տարածված հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը