Լրահոս

09.10.2012 20:04


Զինված ուժերը բարձրացնում են իրենց մարտունակությունը

Զինված ուժերը բարձրացնում են իրենց մարտունակությունը

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` շարունակվում են հոկտեմբերի 1-ից մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Զորավարժություններին ամբողջ կազմով ընդգրկված են ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության զորքերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները:

Զորավարժությունների ընթացքում իրականացվում են մի շարք ծավալուն միջոցառումներ, մասնավորապես` նոր կազմավորվող և վերակազմավորվող զորամասերի ներգրավմամբ գործողությունների իրականացումը: Այդ զորամասերի վարչակազմերի հետ անցկացվել են ներդաշնակման պարապմունքներ: Գործնականորեն ստուգվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության զորքերի մարտունակությունը, ինչպես նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի զորահամալրումը և միջոցառումների անկացումը` համաձայն պլանի:

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում բարձրացվում է բոլոր կարգի շտաբների պատրաստության որակը, զինված ուժերն ստանում են գործնական փորձ, դաշտային վարժվածություն, ինչպես նաև իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք ՀՀ զինված ուժերին հնարավորություններ են ընձեռնում հավուր պատշաճի կատարելու իրենց առջև դրված խնդիրները:

Զորավարժությունների պլանի համաձայն` փորձակվել են անօդաչու թռչող սարքերը, առաջին անգամ հակատանկային ստորաբաժանումները գործնականում կիրառել են նոր հակատանկային միջոցները, որոնք նախատեսված են հակառակորդի ակտիվ պաշտպանություն ունեցող զրահատեխնիկան խոցելու համար, մեկ անգամ ևս հստակեցվել են հրթիռային զորքերի խմբավորման և կիրառման հարցերը

Իրականացվել են կենտրոնական ենթակայության զորամասերի հետ կապված մի շարք միջոցառումներ, մասնավորապես` արագ զորաշարժերի իրականացումը, բարդ, փոփոխվող իրավիճակում ծագող առանձին խնդիրների լուծումը: Առաջին անգամ հակաօդային պաշտպանության զորքերն ամբողջ ծավալով իրականացրել են բարդ մարտավարական հնարքներ` հաշվի առնելով հավանական հակառակորդի ավիացիայի քանակական աճը:

ՀՀ զինված ուժերի կազմավորման օրվանից անցկացվել են բազմաթիվ զորավարժություններ: Հատկապես վերջին տարիներին անցկացված օպերատիվ մարտավարական, ինչպես նաև ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները վկայում են, որ ՀՀ զինված ուժերը բարձրացնում են մարտունակությունը և պատրաստ են կատարել իրենց առջև դրված բոլոր խնդիրները:

Այս խորագրի վերջին նյութերը