Լրահոս

09.10.2012 17:34


Խոստացել է օգնել` բնակարան ստանալու հարցում

Խոստացել է օգնել` բնակարան ստանալու հարցում

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը  հիմնավորված է համարել խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու  համար քաղաքացի Ա. Քարամովին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման: 

Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` քաղաքացի Ա. Քարամովը առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, փախստականների բնակարանային խնդիրներով զբաղվող պետական որեւէ հաստատությունում չաշխատելով, սակայն ներկայանալով որպես տվյալ ոլորտում գործնական կապեր ունեցող նախկին աշխատակից,  թվով 4 անձանց հավաստիացրել է, թե ինքը կարող է նրանց օգնել` բնակարան ստանալու հարցում:

Պետական բնակարանային ֆոնդից Երեւան քաղաքում բնակարան ձեռք բերելու գործընթացը կազմակերպելու պատրվակով Ա. Քարամովը մեկ փախստականից, ինչպես նաեւ ՀՀ երեք քաղաքացիներից պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերի գումար` այն ծախսելով անձնական կարիքների համար:

Դատարանում Ա. Քարամովն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը եւ խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ:

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Ա. Քարամովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման` 5 տարի ժամկետով:

Այս խորագրի վերջին նյութերը