Լրահոս

10.10.2012 14:27


Օրենսդրական նախաձեռնություններ

Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության, կայազորային և պահակային ծառայության կանոնագրքերը հաստատելու ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերին, որոնցով կապահովվեն գործող օրենքների համապատասխանությունը, վերը նշված ծառայությունների պատշաճ կազմակերպման և իրականացման գործընթացը, պաշտոնատար անձանց և զինծառայողների իրավասություններն ու պարտականությունները։

Կառավարությունը քննարկել է ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը։ Նշելով, որ նախագիծն ընդհանուր առմամբ բխում է աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը կատարելագործելու, միջազգային չափանիշներին մոտարկելու անհրաժեշտությունից, գործադիրն, այնուամենայնիվ, նախագծով առաջարկվող աուդիտորների մասնագիտական պատասխանատվության պահանջի սահմանումը ռիսկային է համարել։ Առաջարկվել է լրամշակել նախագիծը հետագայում նախագծերի փաթեթի տեսքով շրջանառության մեջ դնելու համար` պարտադիր ապահովագրության նոր տեսակի սահմանումն առանձին օրենքով լիարժեք կարգավորելու նպատակով։ Գործադիրը նաև պատրաստակամություն է հայտնել նախագիծը լրամշակելու հարցում համագործակցել դրա հեղինակների հետ։
Գործադիրը քննության է առել «Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» և ևս երեք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է երկրում ներդնել ուսումնական վարկավորման այնպիսի համակարգ, որը կնպաստի բարձրագույն և միջին մասնագիտական կրթության մատչելիության բարձրացմանը։ Կառավարությունն իր հերթին նպատակահարմար է համարում ուսումնական վարկերի տրամադրումը կարգավորել այլ իրավական ակտերով, ինչպիսիք են ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգերը և ընթացակարգերը, ուստի դեմ է ներկայացված օրինագծի ընդունմանը։ 
Քննարկելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել արտոնագրային վճար վճարող համարվող անձանց շրջանակը, կառավարությունն աննպատակահարմար է համարել դրա ընդունումը` հիմնավորելով իր բացասական եզրակացությունը։
Գործադիրը դեմ է արտահայտվել «Վենչուրային հիմնադրամների մասին» և ևս երեք ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։
Կառավարությունը որոշել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված մեկ օրինագիծ ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։
Վերը նշված օրենքների նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը