Լրահոս

10.10.2012 17:43


Թվով 6 անձ դատապարտվել է գողություններ կատարելու համար

Թվով 6 անձ դատապարտվել է գողություններ կատարելու համար

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը  հիմնավորված է համարել հանրապետության տարբեր մարզերում եւ Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում նախնական համաձայնությամբ շուրջ 18 դրվագով գողություն կատարելու համար թվով 6 անձանց առաջադրված մեղադրանքը:

Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ա. Բոզոյանը, Գ. Ալպեևը, Գ. Բոզոյանը, Ի. Սերոբյանը, Ռ. Գրիգորյանը եւ Վ. Աղաջանյանը 2009թ.` տարբեր ժամանակահատվածներում, կատարել են գողություններ, որոնցից 6-ը` խանութներից, 3-ը` գործարաններից, 3-ը` շինհրապարակներից, իսկ 6-ը` տարբեր անձանց պատկանող շինտեխնիկայից:

Հիշյալ անձինք ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին ապօրինի մուտք են գործել խանութ-պահեստների, հագուստի խանութների, տարբեր գործարանների, ավտոլվացման կետերի եւ շինարարական տարածքներ` հափշտակելով խոշոր չափերով տարատեսակ գույք: 

Հափշտակված գույքը  Ա. Բոզոյանը, Գ. Ալպեևը, Գ. Բոզոյանը, Ի. Սերոբյանը, Ռ. Գրիգորյանը եւ Վ. Աղաջանյանը վաճառել են, իսկ վաճառքից գոյացած գումարը տնօրինել են` անձնական կարիքների համար:

Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. սեպտեմբերի 19-ի դատավճռով Ռ. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով եւ դատապարտվել ազատազրկման` 3 տարի ժամկետով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 1  տարի 6 ամիս ժամկետով:

 Վ. Աղաջանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին. 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 362-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ դատարանը պատիժ է սահմանել ազատազրկում` 4 տարի ժամկետով, սակայն «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին»  ՀՀ Ազգային ժողովի` 2011թ. մայիսի 26-ի որոշմամբ նա ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նշանակված պատժից, իսկ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատվել է մեկ երրորդով:

Գ. Բոզոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին. 2-րդ եւ 3-րդ կետերով  եւ  դատապարտվել  ազատազրկման 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 2  տարի ժամկետով:

Գ. Ալպեևը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով  եւ  դատապարտվել  ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին»  ՀՀ Ազգային ժողովի` 2011թ. մայիսի 26-ի որոշմամբ նրա պատժաչափի չկրած մասը կրճատվել է մեկ երրորդով:

Ա. Բոզոյանը եւ  Ի. Սերոբյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով: Սակայն «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին»  ՀՀ Ազգային ժողովի` 2011թ. մայիսի 26-ի որոշմամբ նրանք ազատվել են պատժի կրումից:

Այս խորագրի վերջին նյութերը