Լրահոս

13.10.2012 16:47


Համալրվեց Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համագործակցության իրավապայմանագրային դաշտը

Համալրվեց Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համագործակցության իրավապայմանագրային դաշտը

Կինշասայում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում, հոկտեմբերի 12-ին երկու համաձայնագրեր ստորագրվեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը ստորագրեցին Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև ֆրանսերեն լեզվի վերաբերյալ համագործակցության համաձայնագիր: Նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՖՄԿ գործադիր տնօրեն Կլեմեն Դյուէմը համաձայանգիր ստորագրեցին ՀՀ քաղծառայողներին և դիվանագետներին ֆրանսերեն լեզվի ուսուցման վերաբերյալ:

Ստորագրված փաստաթղթերով նախատեսվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և նրա կառույցների աջակցությամբ ընդլայնել ֆրանսերեն լեզվի ուսուցման ծավալները Հայաստանի կրթական հաստատություններում, Հայաստանի գրադարաններում ֆրանկոֆոն բաժիններ բացել, ակտիվացնել ֆրանկոֆոն այլ երկրների հետ մշակութային փոխանակումները, խթանել հայկական լրատվամիջոցների կողմից ֆրանսերեն լեզվով թողարկումները, աջակցել ֆրանսերեն լեզվով Հայաստանի մասին տեղեկատվական և տուրիստական նյութերի պատրաստմանը:

Ստորագրման արարողությանը հաջորդած ելույթում ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը նշեց Հայաստանի ներգրավվածությունը ֆրանկոֆոն աշխարհում, առանձնահատուկ դերակատարությունը ֆրանսերեն լեզվի տարածման և պահպանման գործում։

Իր ելույթում ԱԳ նախարար Նալբանդյանն ասաց. «Այս պահին, երբ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների վաղվա նիստի օրակարգում է կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի փոփոխության հարցը, մենք ստորագրում ենք երկու կարևոր փաստաթղթեր, որոնք թույլ կտան առավել ամրապնդել փոխգործակցությունը Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև:

Ստորագրված համաձայնագրերը արդյունք են արդեն իսկ առկա սերտ համագործակցության և գոհունակությամբ կարելի է արձանագրել այն առաջընթացը, որ այս վերջին տարիներին գրանցվել է Հայաստանում կրթության, մշակույթի, հաղորդակցության և տուրիզմի բնագավառներում ֆրանսերեն լեզվի օգտագործման առումով: Դա ձեռնարկված համատեղ ջանքերի արդյունքն է»:   

Իր խոսքում ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը Ֆրանկոֆոն ընտանիքին ասոցացված անդամի կարգավիճակով միացել է միայն 2008թ., այսօր այն հանդիսանում է ամենաակտիվներից մեկը և առաջատար դիրքերում է գտնվում Ֆրանկոֆոն երկրների շարքում։

Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան և Ֆրանկոֆոնիայի բնագավառում Հայաստանի արձանագրած հաջողությունները բարձր գնահատեցին Ֆրանկոֆոն համալսարանական միջազգային գործակալության ղեկավար Բեռնար Սերքիգլինին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Քլեմեն Դյուէմը, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ֆրանսիայի Սենատի անդամ Ժակ Լըժանդրը։  

Այս խորագրի վերջին նյութերը