Լրահոս

17.10.2012 09:28


Ելքը միակն է…

Ելքը միակն է…

Հայոց ազգային բանակը նոր է թևակոխել իր զինակոչային տարիքը և միայն մի քանի տարով է մեծ իր նորակոչիկներից: Այն ընդհամենը քսան տարեկան է, բայց փառապանծ է ու հաղթանակած: Մենք բոլորս լավ ենք հիշում, թե ինչպես և ինչ պայմաններում ստեղծվեց հայոց պաշպանական բանակը: Ստեղծվեց տարերայնորեն՝ օգտագործելով այն, ինչ ունեինք մեր ձեռքի տակ, թշնամու դեմ մղվող մարտերի ընթացքում և դադարներին, կամավորական ջոկատներից ու պարտադիր ծառայության  զորակոչվածներից, տնից թաքուն փախած պատանիներից ու տարեց նվիրյալներից:

Այժմ՝ քիչ թե շատ խաղաղ համարվող պայմաններում, բանակը՝ որպես կենդանի օրգանիզմ, ենթարկվում է շարունակական  բարեփոխումների: Իսկ որո՞նք են այն ճանապարհները, որ կտան ակնառու արդյունքներ… Սա շատ կարևոր և ընդգրկուն թեմա է, որը ներառում է ոչ միայն այն բոլոր ասպեկտները, որոնք շրջապատում են յուրաքանչյուր զինվորի իր ծառայության առաջին իսկ օրվանից, այլև այն ամենը, ինչը հիմք է հանդիսանում մինչև զորակոչվելը զինվորի անհատական որակների ձևավորմանը:

Կարելի է նշել մի քանի  հիմնական գործոններ՝ ընտանիք, դպրոց, հասարակություն և զիվորական ծառայության պայմաններ:

Եկեք բանակը չտարանջատենք ժողովրդից ու հասարակությունից: Նույն նորա­կոչիկները, ցածրաստիճան կամ բարձրաստիճան սպաներն  ովքե՞ր են… Մեր ժողովրդի ծոցից դուրս եկած, մեր կրթական օջախներում կրթված ու դաստիարակված, մեր գեները կրող զավակները չե՞ն: Կարծես հարցից հարց է ծագում. իսկ ինչպիսի՞ ծնող ենք մենք, և ինչպե՞ս ենք մեր զավակին մեծացնում. չե՞նք մեծացնում եսասեր ու հղփացած մեկին, ով կարող է  վաղը խնդիրներ առաջացնել ոչ միայն իր, այլև շրջապատի համար: Եվ արդյոք լավ դաստիարակված, խելացի ու կիրթ զինվորները կարո՞ղ են հանգիստ ու անվտանգ անցկացնել իրենց ծառայությունն ու անվնաս վերադառնալ տուն: Սա ևս վիճելի հարց է:

Իսկ ի՞նչ է արվում կրթական ոլորտում. կարողանու՞մ են հայրենասիրություն սերմանել, կրթել ու դաստիարակել, թե՞ կոչված են ամենօրյա նոր փորձարկումների, որի հետևանքը  այժմ ճաշակում ենք ու իր ողջ ճոխությամբ դեռ կճաշակենք: Կարևոր հիմնախնդիրներից է ապագա զինվորի նախապատրաստվածությունը դպրոցում, որն իրականացվում կամ էլ չի իրականացվում ռազմագիտության դասերին: Չպետք է անտեսել նաև հասարակության ազդեցությունը ապագա զինվորի հոգեբանության վրա:

Այս ամենը հայրենասիրության այն սաղմն է, որը հետագայում իր ծիլերն է արձակելու զինվորի հոգում:

Իսկ ինչպիսի՞ ընդունելության է արժանանում նորակոչիկն իր ծառայության առաջին իսկ օրից՝ հոգատար ու սրտացավ, թե՞ դաժան ու անմարդկային:

Արդյոք սպայական կազմը կարողանո՞ւմ է զինվորների միջև ապահովել ընկերական մթնոլորտ և ճիշտ կարգավորել սպա–զինվոր հարաբերությունները՝ ըստ կանոնադրության: Արդյոք զինվորը կարո՞ղ է ուղղակի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ զերծ մնալով կողմնակի ոտնձգություններից ու ստորացումներից:  Եվ սա չէ՞ արդյոք պատճառներից մեկը, որ զինվորները դիմում են փախուստի, կամ որ շատ ավելի վատ է՝ ձեռք են բարձրացնում ընկերջ կամ սեփական կյանքի վրա… Դեպքերը, ցավոք, եզակի չեն….  հետևանքները՝ հաճախ անուղղելի…

Թերացումներ կան նաև զորամասերում պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ստեղծման և զինվորներին տարրական հիգիենայի պարագաներով ապահովելու գործում, որը նույնիսկ ենթակա չէ քննարկման:

Անհրաժեշտ են խորքայի՛ն, արմատակա՛ն, բեկումնայի՛ն մոտեցումներ, որպեսզի ստանանք  մեր ցանկացած արդյունքը,  այլապես անիմաստ կդոփենք  տեղում:

Եթե ուզում ենք ինչ-որ բանի հասնել, պետք է ակնկալել լուրջ փոփոխություններ  հասարակության գիտակցության և հոգեբանության մեջ, առանց որի անիմաստ է խոսել որևէ բարեփոխման մասին ցանկացած ոլորտում, այդ թվում և բանակում: Յուրաքանչյուրը պետք է սկսի հենց իրենից: Արդյոք ինքը զբաղեցնո՞ւմ է այն աթոռը, որն իրավամբ իրեն է պատկանում, արդյոք ինքը շատ ավելի լա՞վ է կատարում տվյալ աշխատանքը, քան մեկ ուրիշը կարող էր կատարել, թե  ուղղակի տաքուկ ու փափուկ անկյուն է գտել: Մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը և դիմացինին քննադատելու փոխարեն ինքներս մեզ հարց տանք, հարց որի պատասխանը կարող ենք ակնկալել միմիայն ինքներս մեզանից. իսկ ե՛ս, ե՛ս ի՞նչ եմ անում, ինչքանո՞վ եմ նպաստում  ընդհանուր  գիտակցական մակարդակի բարձրացմանը, արդյոք  հասարակությանը պիտանի՞ մարդ եմ և նպաստո՞ւմ եմ նրա բարգավաճմանը:

Թվում է, թե շատ հեռացանք մեզ հուզող հարցից: Եկեք  բանակում կատարվող և կատարվելիք բարեփոխումների մասնագիտական մասն էլ թողնենք ավելի իրազեկ մասնագետներին: Իսկ մենք, վերջապես, հասկանանք մի պարզ  ճշմարտություն, որ հասարակական կյանքի բոլոր օղակները փոխկապակցված են, և յուրաքնչյուր սխալ, եթե ժամանակին չի՛ կասեցվում, չի՛ պատժվում, չի՛ շտկվում, ապա այն իր զրնգուն արձագանքն է գտնում մնացած ոլորտներում: Իսկ բանակն այդ հարցում ոչ միայն բացառություն չի, այլև  խիստ կախյալ է քաղաքացիական կյանքի մի շարք  ոլորտներից. չէ՞ որ հենց այդ ոլորտներում են դարբնվում իր ապագա զինվորն ու սպան: Եթե շենքը կառուցվում է խարխուլ հիմքի վրա, ապա բարեփոխումների ոչ մի հանճարեղ փաթեթ չի կարող կանխել նրա փլուզումը: Ելքը միակն է` ամրացնել հիմքը, իսկ հիմնաքարերը մեզանից յուրաքանչյուրն է…

Նարինե Գամբարյան

Այս խորագրի վերջին նյութերը