Լրահոս

17.10.2012 12:52


Համակարգչային խաղերի հայկական աշխարհը կներկայացվի հոկտեմբերի 20-ին

Համակարգչային խաղերի հայկական աշխարհը  կներկայացվի  հոկտեմբերի 20-ին

Հոկտեմբերի 20-ին համակարգչային խաղերի ստեղծմամբ հետաքրքրվողները հնարավորություն կունենան տեսնել և խաղալ հայ երիտասարդների կողմից ստեղծված համակարգչային խաղերը, բջջային հավելվածները` «Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնության շրջանակներում: Առաջնությանը գրանցվել էին 33 մասնակիցներ՝ 40 նախագծերով, որոնցից եզրափակիչ փուլ են անցել 19 նախագծեր՝ բջջային հավելվածներ, բջջային խաղեր և համակարգչային խաղեր:  

Առաջնությանը մասնակցում են թե՜ գործող ընկերություններ, թե՜ պատանիներ և թե՜ արտերկրում ապրող հայեր, մասնավորապես ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացիներ: Մասնակից ընկերություններն են «Իքս-Թեք» և «Վեբեքս Թեքնոլոջիս» ընկերությունները:

«Ներկայումս Հայաստանում գործում են համակարգչային խաղերի նախագծմամբ զբաղվող ավելի քան 10 ընկերություններ: Կարծում ենք` առաջնության մասնակիցների մի մասը կհամալրի այդ ընկերությունների աշխատակիցների թիվը, իսկ մի մասն էլ կստեղծի սեփական բիզնեսը տվյալ ոլորտում»,- նշում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

 

Հիշեցնենք, որ առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, ժամը 11:00-17:00, «Գեղագիտության Ազգային Կենտրոն» Մանկական ստեղծագործության թանգարանում (Մանկական պատկերասրահ, հասցե՝ Աբովյան 13): Նույն օրը` ժամը 17:00-ին, կամփոփվեն առաջնության արդյունքները: Կհայտարարվեն «Լավագույն խաղ», «Լավագույն բջջային խաղ», «Լավագույն սցենար», «Լավագույն դիզայն», «Նորարարություն», «Լավագույն սոցիալական բջջ. հավելված», «Լավագույն ժամանցային հավելված», «Լավագույն հաղորդակցություն հավելված» և «Պատանիների առաջնություն» անվանակարգերում հաղթողների անունները և կշնորհվեն մրցանակներ:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և «Օրանժ Արմենիան» արդեն երկրորդ անգամ նախաձեռնում են «Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնությունը: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին: 

Այս խորագրի վերջին նյութերը