Լրահոս

17.10.2012 20:00


Ահմադինեժադի այցը Բաքու զարմացրել է նոյնիսկ ադրբեջանցիներին

Ահմադինեժադի այցը Բաքու զարմացրել է նոյնիսկ ադրբեջանցիներին

Ներքաղաքական ու հասարակական մթնոլորտի կիզակէտում վերջին շաբաթների տարադրամային տագնապալի ու խայտառակ ելեւէջներն էին: Այս հարցում տարբեր շրջանակները հիմնական մեղաւոր են համարում գործադիրին՝ կառավարութեանը եւ նրա գլխաւորող նախագահ Ահմադինեժադի տնտեսական ձախորդ քաղաքականութեանը: Վերջինս, սակայն, անցեալ շաբաթասկզբի հեռուստատեսային ասուլիսում մեղադրանքներին հակադարձեց խիստ ցաւագին եւ փորձեց բոլոր մեղքերը բարդել հակակառավարական «տարադրամային մաֆիայի» վրայ, որը ըստ նախագահի՝ դաւադրաբար եւ քմահաճօրէն «բարձրացնում է» դոլարի արժէքը՝ ի վնաս ազգային դրամի: Այս գծով յատկանշական են Իսլ. խորհրդարանի դիւանի անդամ Սոբհանինիայի յայտարարութիւնները, ըստ որոնց՝ «Հանրապետութեան նախագահի յայտարարութիւններն ու կիրառած քայլերը ստեղծում են ենթահող՝ առաջացնելու տագնապալի իրավիճակ՝ երկրի ու հասարակայնութեան ներկայիս մթնոլորտում...□: Նա նոյնպէս աւելացրել է. «Կառավարութիւնը խուսանաւելով ու շեղելով հանրային միտքը՝ նպատակադրել է երկրի տնտեսական դժւարութիւնների պատասխանատւութիւնից խուսափել ու դա բարդել միւս՝ օրէնսդիր ու դատական իշխանութիւնների եւ այլ ատեանների վրայ..., իսկ այն, որ նախագահը տնտեսական դժւարութիւնների եւ մասնաւորապէս տարադրամային շուկայի տագնապալի կացութիւնը նաեւ վերագրում է Արեւմուտքի շրջափակումներին, դա մեծագոյն պատրւակ ու առիթ է ընձեռում մեր թշնամիներին, որպէսզի նրանք աւելիով յուսադրւեն շրջափակումներով ու դրանց առաւել խստացմամբ...: Նման յայտարարութիւններ, այն էլ՝ նախագահական ամբիոնից, հեռու էր մեր սպասածից եւ որ դա պետութեան եւ համակարգի օգտին չէ...»,- եզրափակել է պրն. Սոբհանինիան:

Ինչեւէ, անցնող շաբաթւայ ընթացքում իսկ, հերթական անգամ մեջլիսականները ձեռնամուխ եղան ստորագրահաւաքի՝ նախագահին «հարցադրումներով նեղը դնելու» համար: Մինչ այժմ հաւաքւել են աւելի քան 100 պատգամաւորի ստորագրութիւններ... իսկ նախկինում էլ է պատահել, որ «ըստ նպատակայարմարութեան»  մի շարք պատգամաւորներ հրաժարւել են սեփական ստորագրութիւնից եւ այդպիսով՝ նախագահի «իմպիչմենտի»  գործընթացը կաթւածահար է եղել...:

Միւս կողմից, սակայն, գործադիրի նկատմամբ քննադատութիւնները չի ընդգրկել լոկ օրէնսդրականներին, այլեւ տնտեսա-քաղաքական փորձագէտ-շրջանակները եւս խիստ արտայայտութիւններ են շռայլել կառավարութեան հասցէին: Այսպէս՝ համաձայն մի փորձագիտական վերլուծութեան՝ 1391 թւականը (2012), որը հոգեւոր առաջնորդ այաթ. Խամենէիի կողմից հռչակւել էր որպէս «Ազգային արդիւնաբերութեան եւ արտադրութեան տարի», վերածւել է «ներմուծումների տարւայ», որը ծանրագոյն հարւած է նոյնինքն ազգային արտադրութեանն ու արդիւնաբերութեանը...: Սրան զուգահեռ՝ նոյն հարցի առնչութեամբ խիստ քննադատաբար է բարձրաձայնել յայտնի դիւանագէտ (նախագահ Խաթամիի ժամանակաշրջանի ատոմ. թղթածրարի բանագնաց) Հասան Ռոհանին, որն ներկայումս զբաղեցնում է Ռաֆսանջանիի գլխաւորած Պետութեան եւ համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի Ստրատեգիական հետազօտութիւնների կենտրոնի նախագահութիւնը: Ըստ Ռոհանիի՝ արդիւնաբերութիւնը եւ արտադրութիւնը լոզունգով ու վերնագրերով չեն ստեղծւում..., իսկ «Ժողովուրդը դոլար չի ուզում, այլ ազնւութիւն ու ծրագիր է պահանջում: Ժողովուրդը բանիմաց տնօրինողների ու կառավարիչների կարիք ունի»: Ռոհանին իր խօսքի մի այլ բաժնում անդրադառնալով աշխարհի հետ յարաբերւելու հանգամանքին՝ ընդգծել է. «Ճշտորոշւած չէ միւս երկրների հետ մեր յարաբերական եղանակը. այսօր որոշ երկրների հետ բարեկամ ենք, վաղը՝ նրանց մրցակից եւ այնուհետեւ հակառակորդ ու թշնամի..., միթէ աշխարհի հետ յարաբերութիւնը քմահաճութի՞ւն է, որ ամէն ժամ եւ իւրաքանչիւր օր դէպի տարբեր ուղղութիւններ ենք թեքւում...»:

Ահաւասիկ, վերոյիշեալ բնութագրականները՝ արտայայտւած ոչ միայն քաղաքական մրցակից-հակառակորդ ճամբարի ներկայացուցիչների, այլեւ նոյնինքն Ահմադինեժադի համախոհ ճամբարի՝ արմատական-պահպանողականների կողմից, թւում է, թէ կը շարունակւեն մինչեւ 2013-ի գարունը, երբ աւարտւելու է Ահմադինեժադի նախագահութեան 2-րդ ժամանակաշրջանը եւ որ դրա հետ՝ մեծ հաւանականութեամբ կաւարտւի իր գլխաւորած կառավարութեան տնտեսա-քաղաքական կուրսը, որը, այսօր, այլեւս շատերի կարծիքով՝ խիստ ձախողւած կուրս է համարւում...:

* * *

Արտաքին քաղաքականութեան ոլորտում մինչ Իրանը դեռեւս շաբաթներ ի վեր յայտարարել էր իր պատրաստակամութիւնը՝ «5+1» խմբի հետ շարունակելու ատոմական թղթածրարի վերաբերեալ բանակցութիւնները, Եւրոմիութիւնը «նոր անակնկալ» մատուցեց՝ նախօրէին իսկ, յայտարարելով Իրանի դէմ նոր պատժամիջոցների մասին, այս անգամ՝ գազային արտադրանքների, բանկային համակարգի եւ նաւարկային փոխադրումների ասպարէզներում: Դա թերեւս մինչ «5+1» խմբի հետ բանակցութիւններ՝ շանտաժային քայլ էր՝ նոյն եւրոպացիների կողմից, որոնց մօտ կարծես թէ ազդեցիկ են բնութագրւում Իրանի դէմ կիրառւած եւ կիրառւելիք պատժամիջոցները...

Իրանը, սակայն, այս բոլորին հակադարձեց ամենաբարձր մակարդակով՝ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի հէնց օրերս արած յայտարարութեամբ, ըստ որի՝ «կիրառւող պատժամիջոցները եւս որպէս հերթական մարտահրաւէրներ՝ յաղթահարւելու են, ինչպէս որ յաղթահարւել են ողջ 33 տարիների ընթացքում, երբ դիմագրաւել ենք 8-ամեայ պարտադրեալ պատերազմ, այլեւայլ շրջափակումներ ու տարբեր կարգի դաւադրութիւններ...»:

Անցնող շաբաթւայ ընթացքում խիստ սկանդալային հնչեց նախագահ Ահմադինեժադի այցը՝ Բաքու, ECO-ի գագաթաժողովի շրջանակում, որին եւ Պակիստանի կողքին մասնակցում էր Թուրքիան՝ ի դէմս վարչապետ Էրդողանի: Ու դեռ նախքան Բաքու մեկնելը, իրանական ծանրակշիռ □Մեհր□ լրատւական գործակալութիւնը խստօրէն քննադատում էր նախագահի այցելութեան կապակցութեամբ որոշումը, դա բնութագրելով որպէս պետութեան ու Իսլ. համակարգի արժանապատւութիւնը հարցականի տակ տանող երեւոյթ: «Մեհր»-ը ընդգծում էր թէ՝ նոյնիսկ ադրբեջանական մամուլն ու դիւանագիտական շրջանակներն են զարմացել Ահմադինեժադի այցից եւ «խորհուրդ տւել», որ պահը պատեհ է, որպէսզի «նոր պահանջներ...» ներկայացւեն իրանական կողմին...: Ըստ «Մեհր»-ի մեկնաբանի՝ անհասկանալի է նախագահ Ահմադինեժադի եւ արտաքին գերատեսչութեան պատասխանատուների նման մարտավարութիւնը, երբ Ադրբեջանն արդէն ամիսներից ի վեր հակաիրան զանազան կարգի դիրքորոշումներ ու քայլեր է կիրառում, որոնք քաջալերւած են Արեւմուտքի ու մասնաւորապէս Իսրայէլի սիոնիստական վարչախմբի կողմից: ... «Այս վերջինների անմիջական օժանդակութեամբ է օգտագործւել ադրբեջանական տարածքը, որից էլ Իրան են ներթափանցել՝ Իրանի ատոմական տեխնոլոգիայի գիտնականների ահաբեկիչները...»,- եզրափակում է «Մեհր»-ը եւ յորդորում նախագահ Ահմադինեժադին ու արտաքին քաղաքականութեան գերատեսչութեանը, որպէսզի աչք չփակեն ադրբեջանական հակաիրան սադրանքների ու թշնամական քայլերի նկատմամբ:

 «ԱԼԻՔ»  ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը